HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականի ընտրատեղամասում օգնողների թիվը 80-ից ավելի է

Մարինե Խաչատրյան
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի 15/01 տեղամասում ընթանում է համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների ընտրությունները։ Քիչ առաջ իր ընտրությունը կատարեց նախկին համայնքապետ Հրաչյա Ավագյանը։ Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում այս տարվա ընտրությունները, նա նշեց, որ, ի տարբերություն 2012 թ-ի, այս տարվա վիճակը բավարար է. «Նախկինում լցոնումներ են եղել, խախտումներ, ահաբեկչական գործողություններ, իսկ հիմա նորմալ է։ Տրամադրվածությունը բարձր է։ Թող ընտրվի այն թեկնածուն, որն ունի արժանիքներ»,- ասաց Հրաչյա Ավագյանը:
 
Հարցին, թե անկախ ընտրությունների արդյունքից, արդյոք պատրա՞ստ է աջակցել նոր համայնքապետին, պատասխանեց. «Իմ եւ իր միջեւ կա տարաձայնություններ, որոնք կապված են գյուղապետարանի աշխատանքների հետ։ Բայց ես պատրաստ եմ ցանկացած հարցում օգնել»։
Հաջորդիվ իր քվեարկությունը կատարեց գործող համայնքապետ Զարզանդ Բաբայանը, ով ընտրությունների արդյունքներից միայն դրական սպասելիքներ ունի։ «Հետք»-ի հետ զրույցում անդրադառնալով նախկին համայնքապետի հետ ունեցած տարաձայնություններին, ասաց. «Ես մենակ քաղաքական տարաձայնություններ ունեմ։ Իսկ մնացած հարցերում բոլորի առաջարկներն էլ պատրաստ եմ լսել»։ Հարցին, թե Բյուրականում այսօր ինչ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում, կարճ պատասխանեց.«Շատ բազմազան են խնդիրները, մի ուրիշ անգամ կխոսենք...»։ Վստահված անձինք, որպես ավելացում, ասացին. «Վաղվանից կսկվի իր նոր աշխատանքային օրը»: 
Նշենք նաեւ, որ Բյուրականի երիտասարդներից ոմանք ավտոմեքենայով տարեց ընտրողներին ուղեկցում են տեղամաս։ Այս ընտրատեղամասում քվեախցիկում շարունակվում է մի քանի անձանց ներկայությունը. «օգնության» կարիք ունեցողները, տեսողության խնդիրներով մարդիկ դեռ շատ են, վստահված անձիք եւս օգնում են ընտրողներին։ Քվեարկությունը շարունակվում է նաեւ ընտրատեղամասից դուրս՝ մեքենայի մեջ։ 
Այստեղ վստահված անձանցից շատերը իրենց վկայագրերը տեսանելի կերպով չեն կրում ու պահում են գրպանում։ Տեղամասում ընտրողներին օգնողների թիվը 80-ից ավելի է։ Այս պահի դրությամբ քվեարկել են մոտ 1000 հոգի։ Հիշեցնենք, որ ավագանու թեկնածուի ինը տեղի համար առաջադրվել է 21 անդամ, համայնքի ղեկավարի համար առաջադրվել է երեք անդամ՝ գործող համայնքապետ Զարզանդ Բաբայանը, ով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, նախկին համայնքապետ Հրաչյա Ավագյանը եւ անկուսակցական Սուրեն Վարդանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter