HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերյան քաղաքի 40/03 ընտրատեղամասում ընտրողների մեծ մասը քվեարկում է հանձնաժողովի նախագահի օգնությամբ

Նոյեմբերյան քաղաքի 40/03 ընտրատեղամասի ընտրողների մեծ մասն, ինչպես պարզվեց, քվեարկության ժամանակ օգնության կարիք ունեն: Ըստ հանձնաժողովի նախագահ Հերմինե Ազատյանի՝ նրանք տեսողության խնդիր ունեն, ուստի ինքն ստիպված է բոլորին օգնել, մեկ առ մեկ: Հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ղարախանյանը մեզ հայտնեց, որ ժամը 16:00-ի դրությամբ 1313 ընտրողներից քվեարկել են 700-ը: Ընտրողներին օգնողների թիվը կազմում է 57-ը: Տպավորությունն այնպիսին է, որ այս ընտրատեղամաս այցելողներից երեքից երկուսը տեսողության խնդիր ունի:   

Այս ընտրատեղամասում գրանցվել է նաեւ ուրիշի անձնագրով ընտրելու դեպք, երբ մորուքավոր տղամարդը քվեարկել է կնոջ անձնագրով, իսկ հանձնաժողովը դա չի նկատել: Մի կին քվեարկել է աղջկա փոխարեն պատճառաբանելով, որ աղջիկը չի կարող մասնակցել ընտրությանը: Քվեարկելուց հետո տղամարդու ձեռքին կնոջ անձնագիրը նկատել է այս ընտրատեղամսում դիտորդություն իրականացնող «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը, սակայն հանձնաժողովն արձանագրություն չի կազմել:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը պատկանում է խոշորացող համայնքների թվին՝ խոշորացող համայնքներն ունենալու են 3 կենտրոն.  Նոյեմբերյան, Այրում, Կողբ:  Նշված համայնքների բնակիչներն այսօր համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ են ընտրում:

Նոյեմբերյան համայնքում միավորվել է 9 բնակավայր: Համայնքի ղեկավարի համար  առաջադրվել է 7 թեկնածու՝ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, նույն քաղաքի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը, Բարեկավան համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանը, Բերդավան համայնքի ղեկավար Գարիկ Փիրումյանը, Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանը, եւս երկու թեկնածուներ Նոյեմբերյան համայնքից՝ Կարեն Աբազյանը եւ Արթուր Անանյանը:

Նոյեմբերյան համայնքի ավագանու թեկնածուները 33 են, որից 10-ը Նոյեմբերյան քաղաքի ներկայիս գործող ավագանին է: Երկուական թեկնածուներ են առաջադրվել Բաղանիս եւ Ջուջեւան համայնքներից, 3-ը՝ Ոսկեւան համայնքից եւ 4 թեկնածու՝ Կոթիից:

Հանձնաժողովի նախագահ Հերմինե Ազատյանի խոսքով՝ այս ընտրատեղամասում համայնքի ղեկավարի թեկնածուներից ոչ բոլորը վստահված անձինք ունեն:  Միայն Վանուշ Ամիրաղյանն այս ընտրատեղամասում ունի 5 վստահված անձ:

Նոյեմբերյան քաղաքում տեղակայված է 3 ընտրատեղամաս՝ 40/01- մշակույթի տուն, ընտրողների թիվը 1826, հանձնաժողովի նախագահ Մանուշ Նասիբկյան- ԲՀԿ, 40/02- Նոյեմբերյանի հիմնական դպրոց, ընտրողների թիվը 1639, հանձնաժողովի նախագահ Բուդաղյան Արտեմ- ՀՀԿ, թիվ 40/03 ընտրատեղամաս- Նոյեմբերյանի երաժշտական դպրոց, հանձնաժողովի նախագահ Ազատյան Հերմինե-ԲՀԿ, ընտրողների թիվը՝ 1313:

Թիվ 40/01 ընտրատեղամասում 17:00-ի դրությամբ 1826 ընտրողից ընտրությանը մասնակցել էր 1150 ընտրող: Թիվ 40/02 ընտրատեղամասում 17:00-ի դրությամբ 1639 ընտրողից ընտրությանը մասնակցել էր  900 ընտրող:

Նաիրա Խաչիկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter