
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև
Սեպտեմբերի 18-ին Թեհրանում կայացան ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իրանականը՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Կողմերն ընդգծեցել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ և բազմակողմ տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին: Քննարկվել են իրավապայմանագրային, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները և նախանշվեցին հետագա անելիքները:
Մեկնաբանել