«Մեր կուսակցությունը կարողացել է երկրի ծանր իրավիճակը շատ կարճ ժամանակում շտկել»,- ասում է Վանաձորի ավագանու ՀԱԿ-ի թեկնածուն
«Հետքի» հարցերին պատասխանում է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) Վանաձորի ավագանու ՀԱԿ թեկնածու, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Ռուբեն Ոսկանյանը
- Պրն Ոսկանյան, առաջիկա ՏԻՄ ընտրություններին ի՞նչ ծրագրով է ներկայանում ՀԱԿ-ը վանաձորցիներին:
- Ասեմ, որ Վանաձոր քաղաքի այսօրվա իրավիճակը թույլ է տալիս ասել, որ Վանաձորի նախկինում ունեցած նկարագիրը, բարի ավանդույթները՝ կանաչ, բարեկարգ քաղաք լինելու հանգամանքը, գիտության, սպորտի, արվեստի բնագավառներում ունեցած ձեռքբերումները տարիների ընթացքում վտանգվել են: Եվ մենք այս պայքարի մեջ մտնելով, մեր առջեւ ծրագրային դրույթներ ենք դրել, որպեսզի այդ ամենը վերականգնենք: Անդրադառնալու ենք բնակչության բոլոր խավերին եւ փոխադարձ շփումների միջոցով ճշտելու ենք բոլորի նպատակներն ու սպասելիքները, որոնք տեղ են գտնելու մեր ծրագրային դրույթների մեջ:
- Որո՞նք են Վանաձորի հրատապ լուծում պահանջող հարցերը:
- Բարեկարգումն այսօր բարձիթողի վիճակում է, կարեւորագույն հարցերից է նաեւ մեր ձեռքբերումներին հետամուտ լինելը: Այսինքն՝ այն մարդկանց, ովքեր կարողացել են եղանակ ստեղծել այս քաղաքի համար, պետք է ըստ արժանվույն գնահատական տալ եւ ի ցույց դնել մեր երիտասարսդության ու գալիք սերնդի համար: Պետք է հետեւողական աշխատանք տանել, որպեսզի նրանք հեռանկար տեսնեն մեր քաղաքում: Այս հարցերի լուծման տարբերակները շատ են, դրանցից մեկը մեր համաքաղաքացիների, բարեգործների, գործարարների ֆինանսական ներդրումն է: Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում պետք է որոշակի արտոնություններ տալ, որպեսզի գործարարները Վանաձորւմ ներդրումներ կատարեն:
- Ըստ Ձեզ, որքանո՞վ է բավարար համայնքային բյուջեն քաղաքի հիմնական հարցերը լուծելու համար:
- Ես համարում եմ, որ միայն համայնքի բյուջեով, բնականաբար, շատ մեծ խնդիրներ հնարավոր չէ լուծել: Համայնքային բյուջեի աղբյուրներից են հողի հարկը, գույքահարկը, տարածքներից գանձվող գումարները, բայց բնականաբար, դրանք սահմանափակ գումարներ են եւ դրանով մեծ, նոր ծրագրեր իրականացնել հնարավոր չէ: Բայց մենք մտադիր ենք նաեւ տարբեր հիմնադրամների միջոցով գումարներ հավաքագրել՝ ծրագրեր իրականացնելու համար: Այսինքն՝ հիմնադրամներ բացենք, օրինակ, վերելակների վերանորոգման հիմնադրամ, հաշմանդամ ազատամարտիկների հիմնադրամ, սոցիալապես անապահովներին աջակցության հիմնադրամ:
Համոզված եմ, որ այդ բոլոր հիմնադրամներին համապատասխան աջակցություն ցույց կտան արտերկրում գտնվող մեր համաքաղաքացիները, ընդգրկելու ենք նաեւ տեղի գործարարներին: Եվ այդ Այդ բոլոր հիմնադրամները լինելու են այն լրացուցիչ ֆինանսական միջոցները, որոնք քաղաքապետարանի բյուջեի հետ միասին լուծելու են մեր ազգաբնակչության խնդիրները:
- Չնայած հաջորդ հարցին մասամբ պատասխանեցիք, այնուամենայնիվ, քաղաքի զարգացմանն ուղղված ի՞նչ ներդրումային ծրագրեր եք նախատեսում բերել Վանաձոր:
- Ընդհանրապես, գործարարության մեջ իմ տրամաբանությամբ կա մի հստակ օրենք. մարդիկ ինչքան ուզում է ձեզ մտերիմ կամ բարեկամ լինեն, նրանք երբեք գումար չեն դնի այնտեղ, որտեղ բիզնեսի համար նպաստավոր պայմաններ չկան: Մենք ընդամենը փորձելու ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ ներդրողները շահագրգռված լինեն իրենց գումարներն այստեղ ներդնելու:
- Վանաձորցիներն ինչո՞ւ պետք է ընտրեն հենց Ձեզ եւ ՀԱԿ-ը:
- Կարծում եմ, իմ անցած ճանապարհը, Վանաձորում իմ աշխատանքային գործունեությունը բավականին մեծ շրջանակներ է ընդգրկել: Ես շատ վանաձորցիների հետ շփումներ ու ծանոթություններ ունեմ, նրանք ինձ լավ են ճանաչում: Կարծում եմ, որ իմ աշխատանքային փորձով համապատասխանում եմ վանաձորցիների վստահությանը:
Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, նախ այն մեր պետականության անկախացման գործում ունեցել է առանցքային դերակատարում եւ այդ ճանապարհին բացթողումների հետ մեկտեղ ունեցել է շատ ու շատ ձեռքբերումներ: Այդ ձեռքբերումները մեր պետությանը ճանաչում են բերել, հնարավորություն են տվել, որ ունենանք ժողովրդավարություն: Մեր կուսակցությունը եղել է իշխանություն եւ ղեկավարման տարիներին ժողովրդավարութուն է ձեռք բերել, ստեղծել ենք կանոնավոր բանակ: 1990-ականներին, մեր երկրի համար ծանր իրավիճակում ստանձնելով երկրի իշխանությունը, կարողացել ենք այդ ծանր իրավիճակը շատ կարճ ժամանակում շտկել:
Ունեցել ենք ընտրված նախագահ, ով իր գործունեությամբ վարել է անկախ քաղաքականություն, տարածաշրջանում եղել ենք ամենամարտունակ եւ ամենաժողովրդավար պետությունը: Եվ այդ ամենը աստիճանաբար կորցնում ենք: Դա է պատճառը, որ այսօր մենք փորձում ենք այս իշխանությունների դեմ պայքարելով վերականգնել մեր նախկին ունեցածը եւ դրան գումարել նորը:
Գայանե Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել