Հայաստան եկող փողի ծավալները չեն վերականգնվում
Այս տարվա հուլիսին արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները) կազմել են 145,595 մլն ԱՄՆ դոլար։ Նույն ամսում Հայաստանից կատարվող փոխանցումներն էլ կազմել են մոտ 56,4 մլն դոլար։ Արդյունքում զուտ ներհոսքը՝ ստացված ու փոխանցված գումարի տարբերությունը, 89,2 մլն դոլար է։ Այլ խոսքով՝ դա այն գումարն է, որը մնացել է երկրում։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Դեպի Հայաստան տրանսֆերտների նվազումը չի դադարել նաև հուլիսին։ Մասնավորապես, 2015-ի հուլիսի համեմատ` զուտ ներհոսքը պակասել է 25.5 մլն դոլարով կամ 22.2%-ով։
Նվազել է և ներհոսքը, և արտահոսքը։ Մասնավորապես, ներհոսքը կրճատվել է 18.9%-ով, իսկ արտահոսքը՝ 13.2%-ով։ Ի դեպ, մինչև հունիս ամիսը Հայաստանից դեպի արտերկիր կատարվող փոխանցումների ընդհանուր ծավալն աճում էր, մասնավորապես՝ դեպի Ռուսաստան փոխանցումների աճի հաշվին։ Արդեն երկրորդ ամիսն է՝ ընդհանուր ծավալը նվազում է, բայց դեպի Ռուսաստան նվազում չի գրանցվել, այլ նվազել են դեպի մյուս երկրներ ուղարկվող գումարները։
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստան է փոխանցվել մոտ 768,1 մլն դոլար, իսկ Հայաստանից դեպի արտերկիր՝ 424.7 մլն դոլար։ Արդյունքում ՝ զուտ ներհոսքը յոթ ամիսներին կազմել է 343.3 մլն դոլար։ Փոխանցված ընդհանուր գումարը զիջում է և 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին, և 2014-ի։
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների
Հիշեցնենք, որ դեպի Հայաստան կատարվող տրանսֆերտները սկսել են զգալի տեմպերով նվազել 2014-ի տարեվերջից՝ ռուսական ռուբլու ընդհանուր արժեզրկմանը և ռուսական տնտեսության անկամանը զուգահեռ։ Դեպի Հայաստան կատարվող փոխանցումների գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է։ Մեծ մասն այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնածների հայերի ուղարկած գումարներն են։ Այս տարվա հուլիսի տվյալներով` ընդհանուր ներհոսքի 66%-ը Ռուսաստանից է, մոտ 10%-ը՝ ԱՄՆ-ից, մնացածն այլ երկրներից։ 2015-ի հուլիսի համեմատ` Ռուսաստանից ուղարկվող գումարները պակասել են 21,6 մլն դոլարով, իսկ ԱՄՆ-ից՝ 3 մլն դոլարով։
Իսկ Հայաստանից ուղարկվող գումարի մոտ 41%-ը «հանգրվանել» է Ռուսաստանում, ավելի քան 10%-ը՝ ԱՄՆ-ում։ Դեպի Ռուսաստան կատարվող փոխանցումներն ավելացել են մոտ 150 հազար դոլարով, ԱՄՆ-ը փոխանցվող գումարները էլ պակասել են 2,4 մլն դոլարով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել