HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառի կորուստը

«Միջազգային փորձագետների ուսումնասիրություններով, որոնք մեծ մասամբ վիճակագրական բնույթի ուսումնասիրություններ են, 1993-95թթ. Հայաստանում անտառի տարեկան կորուստը կազմել է շուրջ 1 մլն խմ, հետագա տարիներին` 600-700 հազար խմ։ Մինչեւ 1992թ.-ը Հայաստանում տարեկան հատվում էր 40 000 խմ անտառանյութ: Իսկ վերջին տաս տարիների ընթացքում անտառից դուրս է բերվել մոտ 8 մլն խմ անտառանյութ, որից ավելի քան 1 մլն-ը թափուկ անտառանյութի տեսքով: Սա անտառագիտական տեսանկյունից բավականին մտահոգիչ, ծանր պատկեր է»,- ասում է «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը: Համաձայն նույն կենտրոնի մեզ տրամադրած տվյալների` Հայաստանում 1993թ.-ի դրությամբ անտառների վերաճը 1 հեկտարի համար 1,4-1,7 խմ էր, որը 344 հեկտար անտառազանգվածի համար կազմում է 430-440 հազար խմ: Անտառի լրիվության չափանիշի մեկ ամբողջի պայմաններում մեր ծառուտի համար 1993թ.-ի տվյալներով այդ ցուցանիշը 0,53 էր, հյուսիսային Հայաստանում կային նաեւ բարձր լրիվությամբ անտառներ: Այդ ցուցանիշն այժմ կտրուկ իջել է, անտառի վերաճը՝ խիստ նվազել։

Անտառային այն հատվածները, որոնցում ծառուտի լրիվության ցուցանիշը 0,2 եւ ցածր է, դուրս են եկել անտառի հաշվեկշռից, վերածվել անարդյունավետ նոսրուտների: Այս ցուցանիշի դեպքում անտառը կորցնում է իրեն բնորոշ բնապահպանական հատկությունները, անտառվերականգնման ունակությունները, խաթարվում են անտառի բնական վերականգնման գործընթացները։ Պարոն Ղուլիջանյանը փաստեց, որ Հայաստանում արդեն մի քանի տասնյակ հազար հա նոսրուտ կա, սակայն ըստ նրա, ոչ ոք ստույգ չի կարող ասել, թե քանի հա տարածք է դուրս եկել անտառի ընդհանուր հաշվեկշռից, քանի դեռ անտառշինական ընդհանուր աշխատանքներ չեն իրականացվել: Լոռու մարզում, օրինակ, մինչեւ 1992թ.-ը 97 358 հեկտար անտառային մակերեսից ընդամենը 2635-ն էր նոսրուտ, ընդ որում նրանց մի մասը ոչ թե հատման արդյունք էր, այլ կենսաբանական ծագում ուներ։ Հիմա Լոռվա անտառների 15,000 հա նոսրուտներ են։ Վանաձորի շրջակա լեռնալանջերը գրեթե ամբողջությամբ ծառազրկված են, այնտեղ ակտիվորեն սկսվել են սողանքային, հողմահարման պրոցեսները, որոնց հետեւանքը անապատացումն է։

Ըստ «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրենի՝ Հայաստանում այժմ գերակշռում են ցածր լրիվության 0,3 ցուցանիշ ունեցող անտառները։ «Սրանց բնապահպանական հատկություններն էլ արդեն հասել են կրիտիկական մինիմումի, բավական է մարդու կողմից մի փոքր էլ անխոհեմ միջամտություն, ու անտառային այս հատվածներն էլ կդասվեն նոսրուտների շարքին եւ դուրս կգան անտառային հաշվեկշռից,- ասում է Ա. Ղուլիջանյանը նա:- 6-7 տարի առաջ անտառն այս չափի հատումներին դիմանում էր, որովհետեւ դեռեւս պաշար ուներ, յուրաքանչյուր տարի անտառահատումները նորացվեցին, տարեց-տարի անտառի վիճակն էլ ավելի վատացավ»։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանական ինստիտուտի փոխտնօրեն Ժիրայր Վարդանյանի կարծիքով` վերջին 10 տարիներին խախտվել է անտառպահպանման ամենակարեւոր սկզբունքը. «Ըստ անտառշինական հիմնական վերլուծությունների, ելնելով սանիտարական հատումների պահանջից, մեր անտառներից տարեկան 60-70 հազար խմ (մեր պաշարը մոտավորապես 30-40 մլն է) փայտանյութ կարող է դուրս գալ: Կտրվող, հատվող փայտանյութի պաշարը չպետք է գերազանցի անտառի աճման ամենամյա առաջացած օրգանական պաշարը: Եթե տարեկան մեկ ծառն առաջացնում է 2 խմ փայտանյութ, այսինքն՝ վերեւ է բարձրանում, բունը 48 սմ-ից դառնում է 50սմ, իրավունք չունենք 2 խմ-ից ավել կտրել։ Եթե մենք 1000 դրամ ենք օրական ստանում, իրավունք չունենք 1200-ը ծախսել: Բայց վերջին տարիներին բոլորին էլ հայտնի է, թե ինչ է կատարվել: Հատվել են ոչ թե 60-70, այլ 100 հազար խմ-ներ եւ կտրվել են այն ծառերը, որոնք որ հարմար են եղել։ Ոչ թե գառ, այլ հղի, մսատու, արտադրող ոչխար է մորթվել»:

Մասնագետների կարծիքով՝ անտառների անհավասարաչափ բաշխվածության պատճառով ճնշումն ավելի շատ ընկնում է հյուսիսային Հայաստանի (Տաուշի, Լոռվա, Գեղարքունիքի մարզեր) անտառների վրա, որ կազմում են մեր ամբողջ անտառզանգվածի 62 տոկոսը (97 358 հա)։ «Մեր հաշվարկներով,- ասում է պարոն Ղուլիջանյանը,- միայն Լոռվա մարզում, որտեղ ութ քաղաք եւ հարյուր հինգ գյուղական համայնք կա (բնակչությունը՝ 292 400), վառելափայտի տարեկան պահանջը 350-400 հազար խմ է, որից միայն 50-70 հազար խմ կարող է թափուկ լինել։ Այս մեծ անտառային համայնքների օգտագործած վառելափայտին եթե ավելացնենք անտառներից օրինական եւ անօրինական ճանապարհներով Երեւան, Արարատյան դաշտավայր, Կենտրոնական Հայաստան արտահանվող վառելափայտը, թիվը մոտենում է շուրջ 0,5 մլն խմ-ի, իսկ սա արդեն հուզող խնդիր է»։ Մեր զրույցի ժամանակ Բուսաբանական ինստիտուտի փոխտնօրեն Ժիրայր Վարդանյանը նշեց, որ հայաստանյան անտառներում գլխավոր օգտագործման արդյունաբերական հատումներ չեն նախատեսվում, որովհետեւ մեր անտառները չունեն նման որակի հատումների հնարավորություն: Պետք է կատարվեն միայն անտառի զարգացման շահերից բխող պարտադրված, սանիտարական հատումներ: Այնուամենայնիվ, վառելափայտից բացի, մեր անտառները նաեւ շինափայտ են տալիս, որ հաճախ արտահանվում է։ Մեր տեղեկությունների համաձայն՝ շինափայտի համար հատվում են արժեքավոր, որակյալ ծառերը՝ հաճարի, կաղնու թանկարժեք տեսակները, Կարմիր գրքում որպես անհետացող ծառատեսակ գրանցված Ղարաբաղի ընկուզենին։ «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրենը միաժամանակ նշելով, որ փայտանյութի հատումների անօրինական ծավալները շատ-շատ են, դժվարացավ հաստատ ասել, թե շինափայտի հատումներն էլ են ապօրինի, քանի որ,- «Միայն «Հայանտառ»-ը,- նշեց նա,- ունի շինափայտի տարեկան մոտ 15 հազար խմ պլան, որ քիչ չէ»։

Սանիտարական հատում, թե՞ բիզնես

«Անտառը շահագործվում է, անցլայ տարի ռեկորդային ցուցանիշ ստացանք,- ասում է Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, անտառահատումներից 1 մլրդ դրամ մուտք ենք արել պետբյուջե»:

Իսկ անտառագետները ցավով արձանագրում են, որ անցած տաս տարում Հայաստանում անտառշինարարություն չի իրականացվել, բայց փոխարենը կատարվել են անկանոն եւ ըստ հարմարության հատումներ։ Ընդունված չափանիշների համաձայն՝ տաս տարին մեկ անտառը պետք է գնահատվի, հաշվառվի, գույքագրվի, նշվի նախորդ տարիների փոփոխությունները եւ ելնելով այդ փոփոխություններից, առկա իրավիճակից՝ պլանավորվի հաջորդ տաս տարիների անելիքը: Սա անտառի հիմնական գործունեությունն ապահովող ռազմավարությունն է: «Սովորաբար ԽՍՀՄ-ի տարիներին,- պատմում է Ժիրայր Վարդանյանը,- այս աշխատանքը կատարվում էր համակարգված, ըստ ռեգիոնների, մոնիտորինգը իրականացնում էին անտառային տաքսատորները, գնահատողները, անտառշինարարները։ Ամեն ուսումնասիրությունից հետո նրանք հաստափոր հաշվետվություններ էին ներկայացնում անտառների մասին, որոնք դառնում էին մեր անտառտնտեսությունների հետագա գործունեության ուղեցույց»: Այդ անտառշինական նախագծերում, տասնամյա պլաններում ֆիքսված էին այն հատվածները, որտեղ պետք է կատարվեին վերականգնողական, սանիտարական հատումներ։ Ներկայումս այդ համակարգը չի գործում։ Նման աշխատանքներ կատարվել են «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի կողմից Նոյեմբերյանի, æիլիզայի սահմանամերձ գոտու անտառներում։ Այնտեղ հայտնաբերվել են սանիտարական, վերականգնողական հատումների կարիք ունեցող հատվածները։ Պարոն Ղուլիջանյանի հավաստմամբ՝ նման հատումների անհրաժեշտություն ունեին առանձին տեսակներ, որոնց մեջ չէին մտնում մեր անտառային ֆոնդի թանկարժեք ծառատեսակները՝ կաղնին, լորենին, տանձենին, թխկին։ Վերոնշյալ ծառատեսակների, նաեւ ընկուզենու, հացենու, թեղու անտառվերականգնման նպատակով հատումներն արգելվել են 2001թ. հունվարի 23-ի Կառավարության որոշմամբ։ Բայց ինչպես մեզ տեղեկացրեցին «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ում ծառերի սանիտարական հատումները ոչ թե արգելվել են, այլ սահմանափակվել են ծավալները։ Այն անտառտնտեսություններում, որտեղ անտառշինություն չի իրականացվում, «Հայանտառ»-ն իր մասնագետների միջոցով անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ է կատարում, որոշում անտառի վնասատուներով, հիվանդություններով վարակվածության աստիճանը։ Ելնելով այդ վերլուծություններից՝ «Հայանտառ»-ն է սահմանում սանիտարական հատումների չափորոշիչները եւ հատում հիվանդ, չոր, փչացած ծառերը։

Անտառի փրկությունը

Բնապահպանության նախարարի կարծիքով` անտառի միակ փրկությունն անտառում մորատորիում հայտարարելը եւ անտառն առանց որեւէ հատումների ծրագիրն իրականացնելն է։ Անտառագետները պնդում են, որ պետք է մշակել անտառի հայեցակարգը՝ անտառի ռազմավարությունը, հստակեցնել խնդիրները, մշակել համակարգված մոտեցում։ Նրանցից մի մասին հուսադրում է միջազգային կառույցերի հետաքրքրվածությունը։ Մեր այն հարցին, թե ինչ նպատակի է ծառայել 1998-99 թթ. շվեդական ՍԻԴԱ կազմակերպության կողմից ներդրված մեկ մլն ութ հարյուր հազար շվեդական կրոնը, պարոն Ղուլիջանյանը պատասխանեց. «Իրականացվել է «Անտառային պաշարների գնահատում» ծրագիրը, աշխատանքները կատարել են «Անտառ» գիտափորձական կենտրոնի մասնագետները։ Դա արագ գնահատման մեթոդով ծրագիր էր։ Հայաստանի տարբեր մասերում ընտրվեցին կաղնուտների տարբեր կետեր եւ ուսումնական փորձահրապարակների միջոցով կատարվեցին ուսումնասիրություններ: Իհարկե, այս մեթոդը իրատեսական տվյալներ չէր կարող տալ, մանավանդ մեր կողմի կատարողներն այդքան էլ մասնագիտացված չէին, համենայն դեպս` աշխատանքները կատարվեցին: Սա ուղղակի անտառի ուսումնասիրություն էր, արդյունքում պարզեցինք, որ սերմնային վերականգնումը կաղնուտներում գրեթե բացակայում է, անտառպահպանական աշխատանքները թերի են։ Մեզ անհրաժեշտ են անտառվերականգնման ծրագրեր` անտառի տնկում, անտառի բնական վերաճին նպաստում, օժանդակում, որ իրականացվում է տարբեր մեթոդներով: Կան, իհարկե, բնականորեն վերականգնվող հատվածներ, բայց նրանք քիչ են։ Անտառի վերականգնումը պիտի ապահովվի արհեստականորեն»։

 

 Համաձայն ՀՀ կառավարության «ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին» 2001թ.-ի հունվարի 23-որոշման՝ Բնապահպանության նախարարության եւ Գիտությունների ակադեմիայի կողմից հնգամսյա ժամկետում պետք է մշակվեր եւ Կառավարություն ներկայացվեր արժեքավոր ծառատեսակների վիճակի բարելավման եւ վերականգնման միջոցառումների հնգամյա ծրագիր։ Պարոն Ղուլիջանյանը հավաստեց, որ ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն, բայց ֆինանսավորման սղության պատճառով դեռեւս հնարավորություն չկա այն իրագործելու։ «Աշխատանքներ կատարվել են,-նշեց նա,- բայց մասնակիորեն, գուցե հատագա տարիների ընթացքում լրացվի»։

 

 Ներկայումս Համաշխարհային բանկի 16 մլն դոլլար ֆինանսավորմամբ իրականացվում է Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագիրը։ Այն հիմնականում վերաբերում է Գեղարքունիքի եւ Տաուշի մարզերի անտառների կառավարմանը, այդ հատվածի հատուկ պահպանման գոտիների եւ կենսաբազմազանության, ջրահավաք ավազանների պահպանմանը։ «Ծրագրով նախատեսվում է նվազեցնել չքավորությունը, օգնել մարդկանց աշխատանք ունենալ, ոչ թե ծառ կտրել, այլ տնկել եւ վճարվել դրա դիմաց,- ասում է Բուսաբանական ինստիտուտի փոխտնօրեն, Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի գիտա-կրթական գծով փորձագետ Ժիրայր Վարդանյանը։- Բայց որքանով ես առնչվել եմ շատ ծրագրերի հետ, մասնակցել եմ որպես փորձագետ, դրանք բոլորն էլ մի հարցից մյուսին են անցնում, ավելորդ ինֆորմացիաներ են հավաքում, բայց խնդիրը չի լուծվում»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter