Տաթևի վանքում անցկացվել է հոգեւոր երաժշտության «Շարական» փառատոնը
Տաթեւի վանական համալիրում անցկացվել է հայ հոգեւոր երաժշտության «Շարական» փառատոնը: Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:
Սեպտեմբերի 14-ից 16-ը անցկացված փառատոնի նախաձեռնողը Music of Armenia-ն է՝ «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ: «Ինձ համար հայ հոգեւոր երաժշտության ժանրը շատ կարեւոր է, եւ այս փառատոնի միջոցով մենք ցանկանում ենք հիշեցնել, որ հոգեւոր երաժշտությունը միայն պատարագների ընթացքում հնչելու համար չէ», - ասել է Music of Armenia-ի եւ «Շարական» փառատոնի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը:
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշել է, որ փառատոնին աջակցելու որոշումը միանշանակ էր, քանի որ այն համապատասխանում է ծրագրի առանցքային նպատակներին՝ Տաթեւի մշակութային կյանքի ակտիվացում ու վանական համալիրի կրթական եւ մշակութային նշանակության բարձրացում:
«Մենք նպատակ ունենք վերականգնել Տաթեւի երբեմնի հոգեւոր, մշակութային նշանակությունը եւ այսպիսի փառատոնները ծառայում են այդ նպատակին: Մեր ակնկալիքներն արդարացան՝ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել», - ասել է Հայկ Թութունջյանը:
Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել Երեւանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու Տաթեւի վանական երգչախումբը, որը ստեղծվել և գործում է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել