HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ՀԲՃ-ից պատասխան են ուզում անծանոթ օգտատերերի ագրեսիվ գրառումների համար

Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խմբի անդամ Լեւոն Գալստյանը ծանուցագրի հիման վրա այցելել է ոստիկանության Կենտրոնականի բաժին ու որոշակի բացատրություններ տվել «Լիդիան Արմենիա» ընկերության դիմումի շրջանակներում: Այս մասին «Հետք»-ին պատմեց Լեւոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ հետաքննիչը հարցեր է տվել ֆեյսբուքյան գրառումների մասին, որոնց հեղինակներին ոչ միայն Լեւոնը չի ճանաչում, այլեւ՝ այդ մարդիկ կապ չունեն ՀԲՃ-ի հետ: Իսկ գրառումներն արվել են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման կասեցմանն ուղղված գործողությունների պլանի վերաբերյալ հարցման ներքո՝ որպես առաջարկ: «Իրենց թվացել է, թե առաջարկները բոլորն իմն են, ես էլ իրենց բացատրեցի, որ ցանկացած մարդ կարող է այդտեղ նոր տողով առաջարկ ավելացնել՝ որքան ցանկանա»,-ասաց Լեւոնը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնից զանգահարել էին Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանին ու հայտնել, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են իրենց այն հարցով, թե իբր Լեւոն Գալստյանն ու իր համախոհները սպառնալիքներ են հնչեցրել ընկերության հասցեին

Այսօր հեռախոսազրույց ունեցանք «Լիդիան»-ի լրատվական բաժնի ներկայացուցչի հետ, խնդրելով մեզ տրամադրել սպառնալիք պարունակող գրառումների բովանդակությունը: Ընկերության աշխատակիցն ասաց, որ համապատասխան տեղեկատվությունը փոխանցել են իրավապահ մարմիններին եւ լրատվամիջոցներին ոչինչ չեն կարող տրամադրել: Փոխարենը «Լիդիան»-ը նախընտրել է հանդես գալ «Մեդիամաքսի» միջոցով: Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարել է, որ հանրային տեղեկատվական դաշտում տեղի ունեցող որոշ գործողություններ ստիպել են ընկերությանը դիմել իրավապահ մարմիններին:

«Որոշ անձանց կողմից հանրային տեղեկատվական ցանցերում հնչեցվել են ընկերության ու նրա աշխատակիցների դեմ ուղղված սպառնալիքներ եւ բռնության կոչեր: Անգամ եղել են ընկերության բոլոր աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների անուններն ու լուսանկարները հրապարակելու եւ «բռնություն կիրառելու» կոչեր: Սպառնալիքները վերաբերում էին նաեւ ընկերության աշխատակիցների երեխաներին: Դրանք, ցավոք, ներկայացվել կամ պաշտպանվել են այն անձանց կողմից, ովքեր պնդում են, որ ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը: Հանդիսանալով միջազգային ընկերություն` մենք ստիպված ենք բռնությունը կանխելու նպատակով ձեռնարկել համապատասխան քայլեր: Մենք դիմել ենք ՀՀ ոստիկանությանը եւ հուսով ենք, որ գործը կհետաքննվի»,-ասել է Հայկ Ալոյանը:

Փորձեցինք Ամուլսարի հանքավայրին վերաբերող խմբում, ինչպես նաեւ ծրագիրը կասեցնելու գործողություններին վերաբերող միջոցառման ֆեյսբուքյան քննարկումներում գտնել համապատասխան գրառումներ: Կային ընդհանուր, տեսական սպառնալիքներ կամ կոչեր, առաջարկներ:

«Քննարկումներին զուգահեռ,առանց ժամանակ կորցնելու, կրկնակի հայրենանվեր գործ պետք է արվի, անխնա ոչնչացվի, շարքից հանվի, բոլոր մեքենաները եւ տեխնիկան, որոնցով այդ սանձարձակ վիժվածքները, կոտրատում, փշրտում են մեր սարերն ու ձորերը, թունավորում մեր լճերը, գետերը, սրբածին աղբյուրները և վերածում տափաստանի մեր սուրբ երկիրը...»,-գրել է օգտատերերից մեկը: Եվ որ ուշագրավն է, Լեւոն Գալստյանը հենց քննարկման օրը տվյալ օգտատիրոջը հակադարձել էր. «Իսկ դուք ինքներդ պատրա՞ստ եք դա անել ու գնալ նստել բանտում հանցագործություն կատարելու համար»։

Ֆեյսբուքում ՀԲՃ-ի կողմից ձեւակերպված բաց-հանրային հարցման տակ որոշ օգտատերեր գործողությունների հետեւյալ տարբերակն են առաջարկել. «Ղեկավար կազմից մեկին սատկացնել»: Այս առաջարկը նույնպես գրավել է իրավապահների ուշադրությունը: Լեւոն Գալստյանը հետաքննիչին հայտնել է, որ հարցումը բաց հրապարակային է, եւ ցանկացած մարդ հնարավորություն ունի ներկայացնել ցանկացած առաջարկ:

Ֆեյսբուքում արվել են նաեւ այսպիսի գրառումներ՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողների վերաբերյալ. «Դավաճանները, օտարերկրյա զավթիչները, դրանց զինվորներն ու գեներալները կոնկրետ դեմքեր, հասցեներ ու ընտանիքներ ունեն: Նրանց երեխաները մերոնցից լավը չեն», «Կլինի՞ էդ թափոններ ասենք տարեք ձեր երկիր տվեք ձեր երեխեքին, թող խաղան»:

Ուշագրավ մի հանգամանք կա. ՀԲՃ անդամ կամ համակիր թիմից որեւէ մեկը ագրեսիվ, բռնություն ենթադրող հայտարարությամբ հանդես չի եկել: Նման սպառնալիքներ հնչեցրել են հիմնականում անձինք, որոնք կամ անոնիմուսի նկարներով են հանդես գալիս, կամ անծանոթ են ճակատի անդամներին, նախորդ որեւէ ակցիայի, որեւէ քննարկման չեն մասնակցեի: Եվ նրանց գրառումների պատասխանատվությունը, փաստորեն, դեպի քաղաքացիական հասարակության կոնկրետ ներկայացուցիչներ ուղղորդելու փորձ է արվել:

Հաշվի առնելով, որ շատ հաճախ քաղաքական կամ քաղաքացիական ակցիաների ժամանակ բռնությունների կոչեր են հնչում անձանցից, որոնք որեւէ կապ չունեն տվյալ նախաձեռնող խմբի հետ, չի կարելի բացառել, որ այս դեպքում նույնպես՝ որեւէ մեկի կողմից ներդրված անձինք արհեստականորեն լարվածություն են ստեղծում, որից բնապահպանները մեղմ ասած չեն շահում:

Լուսանկարում՝ Լեւոն Գալստյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter