Ռուսաստանի տնտեսական անկումը հարվածել է «Երևանի ոսկերչական գործարան»-ի աշխատանքին
«Երևանի ոսկերչական գործարան»-ը պարբերաբար նոր արտադրատեսակներ է ներկայացնում շուկայում, ինչի հաշվին պահպանում է տեղական շուկայում սպառման ծավալները։ Սակայն արտահանման մասով գործարանին չի հաջողվել խուսափել կորուստներից։
«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսին «Երևանի ոսկերչական գործարան»-ը մասնակցում է նորություններով։ «Հետք»-ի հետ զրույցում ընկերության առաքման և մարքեթինգի բաժնի ղեկավար Աղասի Պողոսյանը նախ ներկայացնում է գլխավոր նորությունը՝ կերամիկայից ոսկյա զարդերը։ Դրանցում որպես նյութեր օգտագործվել է ոսկերչական կերամիկա, ադամանդ, թանկարժեք քարեր և ոսկերչական էմալ՝ ոսկու համադրությամբ։ Այն բիժուտերիայից տարբերվում է թանկարժեք մետաղների և ոսկերչական այլ նյութերի պարունակությամբ։ «Տեխնոլոգիական տեսանկյունից նման համադրություն ստանալը բարդ է։ Հեղինակը մեր գործարանն է»,- նշում է Ա. Պողոսյանը։

Գործարանի արտադրատեսակներն իրացվում են և տեղական շուկայում, և արտահանվում են։ Արտադրանքի գերակշիռ մասը՝ մոտ 90%-ն, ըստ Ա. Պողոսյանի, արտահանվում է։ Հիմնական գնորդը Ռուսաստանն է։ Վերջերս արտադրատեսակները ներկայացվել են նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում և ԱՄԷ-ում։ «Պլանավորում ենք մեր տեսականին այս հոկտեմբերին ներկայացնել նաև Իրանում»,- նշում է Ա. Պողոսյանը։
Ըստ նրա՝ «Երևանի ոսկերչական գործարան»-ի թողարկած ոսկերչական իրերի հիմնական մասն իրենց դիզայներների աշխատանքների հիման վրա են ստեղծվում։
Գործարանն այսօր, սակայն, չի աշխատում իր ամբողջ հզորություններով։ Արդեն առիթ ենք ունեցել գրելու, որ ինչպես Հայաստանի տնտեսության շատ ոլորտների, ոսկեգործության և ադամանդագործության վրա ևս զգալի ազդեցություն է ունեցել Ռուսաստանի տնտեսության անկումը վերջին գրեթե երկու տարում։ Պատճառը կրկին նույնն է՝ ապրանքի արտահանման հիմնական շուկա հանդիսացող երկրում այդ ապրանքի պահանջարկն ու սպառումը կրճատվել է։
«Երևանի ոսկերչական գործարան»-ի արտադրատեսակների արտահանման պարագայում ևս նույն պատկերն է։ «Արտահանումը կիսով չափ նվազել է։ Հիմա փնտրում ենք նոր և այլընտրանքային շուկաներ արտահանումն իրականացնելու և գործարանի տնտեսական վիճակը բարելավելու համար»,- նշում է Ա. Պողոսյանը։
Ըստ նրա՝ այս ֆոնին Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամագրվելը դեռևս օգուտ չի տվել, քանի որ այս միության կազմում հիմնական գործընկերը Ռուսաստանն է։ Իսկ մյուս երեք գործընկեր երկրների հետ՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի, փորձում են բանակցություններ իրականացնել, սակայն դեռևս հաջողություններ չեն գրանցել։
Իսկ տեղական շուկայում գործարանի արտադրատեսակների սպառման ծավալները համեմատաբար պահպանվել են։ Ա. Պողոսյանը դա պայմանավորում է իրենց տեսականու պարբերաբար թարմացմամբ։
«Երևանի ոսկերչական գործարան»-ը թողարկում է նաև հուշամեդալներ։

Իսկ հարցին, թե ի՞նչ են ակնկալում ՀՀ նոր ձևավորվելիք կառավարությունից, Ա. Պողոսյանը պատասխանում է. «Հույս ունենք, որ պետք է լավ լինի»։
Ոսկերչական իրերի արտադրությունն. ինչ ունենք այսօր
Այս տարեսզբին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն հայտարարեց, որ Հայաստանի ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում սպասվում է առնվազն 30% աճ։ Տարվա ընթացքում աճ, իսկապես, գրանցվել է։ 2016 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը, ընթացիկ գներով, կազմել է 18.7 մլրդ դրամ։ Դա 80.8%-ով գերազանցում է 2015-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Առաջին հայացքիք աճը բավականին տպավորիչ է թվում, սակայն նկատի ունենք, որ խոսում ենք արտադրության ոչ այդքան մեծ ծավալների մասին։ Այնուամենայնիվ, ինչպես երևում է, ոլորտում առնվազն 30% աճի սպասումները կարդարացվեն։
Ոսկեգործությունն ու ադամանդագործությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտներից է, որի ներուժն, ըստ մասնագետների, այսօր ամբողջությամբ չի օգտագործվում։ Իսկ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացումը գնահատվում է որպես ոլորտի գլխավոր խոչընդոտներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը։
Ոլորտի վերջին 5 տարիների դինամիկան ներկայացնում ենք մեկ պատկերում (կարմիր նշումներով տեղադրված են ինֆոգրաֆիկաները)։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել