
Աղվան Հովսեփյանի որդուն առնչվող ընկերությունը երկու նոր հէկ կառուցելու հայտ է ներկայացրել
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակվում է Սյունիքի մարզի Գեղի համայնքի վարչական տարածքում «Տելիա Մայնինգ» ՍՊԸ–ի կողմից Գեղի գետի վրա «Աստղաբերդ» փոքր հէկի կառուցման նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բացի դրանից, մշակվում է նաև Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական տարածքում նույն ընկերության կողմից Ամբերդ գետի վրա «Բյուրական» փհէկի կառուցման նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
«Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի Աղվան Հովսեփյանի որդուն՝ Միսակ Հովսեփյանին էր: Նա նաև ընկերության տնօրենն էր: Ընկերությունը հիմնադրվել է 2012-ին:
Միսակ Հովսեփյանը, սակայն, անցյալ տարի դուրս է եկել ընկերությունից: Այժմ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի 100 % բաժնետերը Հակոբ Գրիգորի Թադևոսյանն է: Նա Միսակ Հովսեփյանի տարեկիցն է: Չնայած բաժնետիրոջ փոփոխությանը, ոչ մի այլ փոփոխություն տեղի չի ունեցել: Ընկերության և իրավաբանական, և գործունեության հասցեն նույնն է մնացել, ինչը նշանակում է, որ մասնակցի փոփոխությունը ձեւական բնույթ է կրում:
Ավելին, Բյուրական համայնքի ավագանին, համայնքապետ Զարզանդ Բաբայանի գլխավորությամբ, դեռևս 2013-ի փետրվարին որոշում է կայացրել փոքր հէկի խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ին տրամադրել մշտական սերվիտուտ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00085 հա, 0.00330 հա, 0.00353 հա, 0.03207 հա, 0.81245 հա հողատարածքների նկատմամբ` տարեկան 300 000 դրամ ընդհանուր վարձավճարով` ըստ ներկայացված իրադրության հատակագծերի:
Սրանք Հովսեփյանների ընտանիքին պատկանող առաջին հէկերը չեն լինելու: Հիշեցնենք, որ Միսակ Հովսեփյանը բաժնեմաս ունի Եղեգիսի Կարակայա վտակի վրա կառուցված «Վարդահովիտ» փհէկ-ում: Աղվան Հովսեփյանի մյուս որդին՝ Նարեկ Հովսեփյանը, կիսում է Հորբատեղ համայնքի վարչական տարածքում կառուցված «Սուրբ աղբյուր» հէկի բաժնեմասը:
Հիմա տեսնենք, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն ունեն այն գետերը, որտեղից հէկերի համար ջրթույլտվություններ են տրվելու:
Սյունիքի մարզի Որոտանի վտակ Գեղի գետի վրա 2014-ից է գործում «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ի կառուցած «Գեղի-2» փոքր հէկը: Դրվածքային հզորությունը հասնում է 1800 կՎտ-ի: Շուրջ 3 կմ խողովակաշար է անցկացվել այս հէկի համար: Գեղի գետի երկարությունը 30 կմ է:
Իսկ Ամբերդ գետի վրա են գործում գեներալ Չիլինգարյանի մասնակցությամբ կառուցված «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ի երկու հէկերը՝ «Ամբերդ փհէկ 1» և «Ամբերդ փհէկ 2» հէկերը: Գետի երկարությունը 36 կմ է: Երկու հէկերի համար անցկացվել է 6,5 կմ խողովակաշար: Նույն ընկերությունը կառուցում է նաև «Ամբերդ փհէկ 3»-ը, որի համար ևս 3 կմ խողովակ կանցկացվի: Ստացվում է, որ գետի գրեթե 30%-ն արդեն իսկ ծանրաբեռնված է հէկերով:
Լուսանկարում՝ Ամբերդ գետը: Լուսանկարը՝ wikipedia-ից:
Մեկնաբանել