HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Ինչ ճակատագիր կունենա նոր օրենքը

Արդեն տարիուկես լրագրողական շրջանակներում քննարկվող եւ շատ դրույթներով բացառապես քննադատության արժանացած «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը, որ այս գարնանը տապալվեց նախորդ խորհրդարանում, աղմկոտ քննարկումներից հետո, սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ անցավ նոր Ազգային ժողովում: ԶԼ մասին օրենքի ընդունումն , ի դեպ, եվրոպական կառույցների առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման շրջանակում է:

Ի՞նչ է փոխվել նախագծում եւ կամ լրագրողական հանրույթի վերաբերմունքի մեջ,որոնք հնարավոր դարձրին օրենքի առաջին ընթերցմամբ ընդունումը: Միանգամից ասենք, որ լրագրողական կազմակերպություններից մեկը` Մամուլի ազգային ակումբը, որն ի սկզբանե դեմ էր օրենքի այդ նախագծին, այժմ էլ շարունակում է դեմ արտահայտվել` պիկետներ եւ ասուլիսներ անելով: Եւ, այնուամենայնիվ, երբ պարզ դարձավ, որ օրենքի ընդունումն անխուսափելի է, վերջին պահին, քվեարկությունից մեկ օր առաջ, այլընտրանքային օրենքի նախագիծ ներկայացրեց Ազգային ժողով: «Արդարություն» խմբակցությունը հանձն է առել նախաձեռնությունը կյանքի կոչել, եւ արդեն երկրորդ ընթերցման ժամանակ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը կունենա այլընտրանքային նախագիծ-մրցակից` «Մամուլի ազատության մասին» վերնագրով: Մյուս լրագրողական կազմակերպություններից ԱԺ հանձնաժողովի հետ աշխատել եւ իրենց առաջարկներն էին ներկայացրել Երեւանի մամուլի ակումբի, ժուռնալիստների միության, Ինտերնյուսի ներկայացուցիչները, համենայն դեպս այդպես ասաց գլխադասային հանձնաժողովի նախագահ Հ.Հակոբյանը. նկատենք, որ գործող ազդեցիկ թերթերից,որոնք անձամբ այս օրենքի կիրառությունն զգալու են իրենց մաշկի վրա, որեւէ ներկայացուցիչ օրենքի վերափոխմանը չի մասնակցել:Օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման օրն իսկ նրանցից մի քանիսն այսպիսի օրենքն անընդունելի են համարել, իսկ այն լրագրողական կազմակերպությունները, որոնք ըստ ԱԺ գլխադասային հանձնաժողովի` համագործակցել էին եվ առաջարկներ ներկայացրել` շտապեցին սահմանազատվել: Օրինակ` Երեւանի մամուլի ակումբն ու ժուռնալիստների միությունը ասուլիսներ հրավիրելով հայտարարեցին,որ եթե երկրորդ ընթերցման ժամանակ իրենց առաջարկները չընդունվեն, օրենքն իրենց համար անընդունելի կլինի:Իսկ թե ինչպես են եվրոպական կառույցները պարտավորեցնում Հայաստանին ընդունելու լրագրողների կարծիքով մամուլի ազատությունը սահմանափակող օրենք` մնում է անհասկանալի: Օրենքի նախագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը «սպառնաց».«Կտեսնեք, որ այս օրենքը լինելու է եւրոպական օրենքներից լավագույններից մեկը, եթե ոչ ամենալավը»: Մինչդեռ ԱԺ ընդդիմադիր հատվածն ու լրագրողները գտնում են, որ այսպիսի օրենքի ընդունումը միտված է ճնշում գործադրել ոչ կառավարամետ թերթերի վրա: Ո՞ր դրույթներն են վիճելի համարվել, ներկայացնենք քնարկումների ժամանակ նախագծին ակտիվ ընդդիմախոսող պատգամավորների տեսակետները.

Շավարշ Քոչարյան («Արդարություն» դաշինք).- «Խախտված է լրագրողական հանրույթի հետ այս օրենքը կոնսենսուսով ընդունելու եվրոպական դրույթը»;

Արշակ Սադոյան («Արդարություն» դաշինք) - «Զանգվածային լրատվամիջոցի սահմանումն անորոշ է. 100 օրինակով պարբերաբար տպագրվող, նույնաբովանդակ ցանկացած նյութ, օրինակ ԱԺ օրակարգը, կարող է լրատվամիջոց համարվել` հակասելով վերնագրում տեղ գտած զանգվածային բառին»: Բացի այդ.«Բազմաթիվ դրույթների անորոշությունը նրա համար է, որ դատավարություններ սկսվեն լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ»:

Վիկտոր Դալլաքյան(«Արդարություն» դաշինք).- «Լրագրողի կարգավիճակի մասին կետ չկա,հավատարմագրման հիմքերն օրենքով չեն սահմանված`լրագրողների իրավունքները չսահմանելով դատական գործընթացների համար տեղ է թողնվում, ինչն էլ գրաքննելու հնարավորություն է տալիս»:

Լեւոն Մկրտչյան ( Հայ հեղափոխական դաշնակցություն).- Այն դրույթից, որով սահմանափակվում է քրեորեն պատժելի արարքների քարոզումը` պետք է հրաժարվել, շատ ընդհանուր բնույթի է.իրավիճակի փոփոխության, երկրի ապագայի իմաստով` նման օրենքներն ու դրույթները կարող են բերել բարդ հետեւանքների»:

Վ.Դալլաքյանն ավելի առաջ անցավ` առաջարկելով լրագրողի իրավունքները սահմանելուց բացի` ամրագրել լրագրողի պաշտպանվածության մասին դրույթ` պատիժ սահմանելով լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նախագծի ընդդիմախոսներն անհանգստացնող էին համարում վարչական իրավախախտումների մասին օրենքով բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցման, զրպարտության կետով հասարակ քաղաքացու համեմատ` պաշտոնյայի դեպքում քառապատիկ ավելի տուգանքի դրույթները: Անընդունելի դիտվեցին օրենքի նախագծի «Ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը» կետով նվիրատուների անունների հրապարակումը, հերքման իրավունքի ձեւակերպումը, լրատվության աղբյուրի բացահայտման դատական որոշումով հնարավորությունը,ազատ լրագրողի ինստիտուտի բացակայությունը եւ այլն:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները գտնում էին, որ խորհրդարան բերված նախագծում ոչինչ չի փոխվել` նախկինում մերժված նախագծի համեմատ եւ անընդունելի էին համարում այն: Սուր որակումների պակաս եւս չզգացվեց` «մամուլի ազատությունը ճնշելու միջոց»,«ոչ լեգիտիմ իշխանությունը վախենում է խոսքի ազատությունից», «անհեթեթություն»:

Մինչդեռ եւ օրենքի հեղինակ Աշոտ Աբովյանը, եւ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, մեկ առ մեկ կանգ առնելով քննադատվող դրույթների վրա` վստահեցնում էին, որ լրագրողական կազմակերպությունների առաջարկներն ընդունելի են հանձնաժողովի եւ օրենքի հեղինակի համար, դրանք, ճիշտ է, չեն արտացոլված պատգամավորներին բաժանված տարբերակում, բայց մինչեւ երկրորդ ընթերցումը կներառնվեն օրենքում: Հ.Հակոբյանը նախագծի հաջողություներից համարեց որեւէ պետական մարմնի կողմից լրատվամիջոցի գրանցման բացակայությունը, իմպերատիվ դրույթով գրաքննության արգելումը.«Ունենք բավականին լիբերալ, ժողովրդավարական օրենքի նախագիծ, մինչդեռ այսօր գործող օրենքի նախագիծը շատ ավելի պահպանողական է` գրանցման,կասեցման մեխանիզմներ է դնում,խոսքի ազատության սամանափակումներ ունի: Այս նախագիծը մեկ քայլ առաջ է»,-ամփոփեց նա:

Նախագիծը պաշտպանած կոալիցիոն երեք խմբակցությունները թեեւ գտնում էին, որ նախագիծն, այո, թերի է, եւ համաձայն էին շատ առաջարկների հետ,բայց գտնում էին,որ մինչեւ երկրորդ ընթերցում բավարար ժամանակ կա` այդ առաջարկները ներառելու օրենքում: Ընդդիմությունը չի հավատում, որ բոլոր առաջարկները կներառնվեն օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ եւ այստեղ խաբեություն են տեսնում, լրագրողական աշխարհի մի մասը` նույնպես: Ամեն դեպքում` օրենքը խորթ զավակի կարգավիճակ ձեռք բերեց առաջին ընթերցմամբ ընդունումից անմիջապես հետո: Ընդամենը մեկ ամիս անց այս բանավեճը կրկին կծառանա իր ողջ սրությամբ:

Ավելացնենք, որ սեպտեմբերի 23-ին երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին » օրենքը, որն, ըստ որոշ փորձագետների, հարակից մի շարք օրենքների հետ, կարգավորում է դաշտը, եւ նույնիսկ կարելի էր ղեկավարվել այս օրենքի հռչակած սկզբունքներով` առանց հատուկ օրենք ունենալու:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter