HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Համայնքները թուլացնել, ձեռնարկությունները` սեփականացնել. կհայտնվի՞ այլ գաղափար

«Քանի որ մենք էնքան հիմար ենք, որ չենք կարող աշխատեցնել Մարզահամերգային համալիրը, եկեք սեփականաշնորհենք, մասնավորը նորմալ կաշխատեցնի»:

«Քանի որ Մարզահամերգայինը աշխատեցնելու մեջ մենք օգուտ չունենք, եթե եկամուտ եկավ, մեր գրպանը չի գնալու, պետական բյուջե է մտնելու, եկեք սեփականաշնորհենք»:

Այս երկուսից ո՞րն է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի՝ Ազգային ժողովում սեպտեմբերի 15-ին արված այս հայտարարության պատճառը.

«Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պետք է մասնավորեցվի, որովհետև այդ շենքը պահելը պետության համար բավականին մեծ ծախսեր է ներկայացնում»:

Այսինքն, մասնավորին ձեռնտու կլինի այդ մեծ ծախսերը անել, ծախս կանի, եկամուտ էլ կստանա: Իսկ ինչո՞ւ այդ նույնը չի կարող անել պետությունը: Մի պատճառով՝ քանի որ պետության ղեկավարները միայն անձնական շահ են հետապնդում, ղեկավար են դարձել, որ միայն սեփական բյուջեն լցնեն, ուրեմն պատճառ չունեն մի բան աշխատեցնելու, որի եկամուտը պետության բյուջեն կհարստացնի:

Ուրեմն, իրենց հիմար չեն համարում, չկա այնպիսի պաշտոնյա, որ կասկածի իր կարողություններին և պետության ձախողումների մեջ իր դերն էլ տեսնի, ուրեմն չեն ուզում զբաղվել մի բանով, որն իրենց սեփականը չի, սա է նրանց խելքը՝ եթե Մարզահամերգայինը իմը լիներ, ապա եկամտաբեր բիզնես կսարքեի, բայց քանի որ պետությանն է, ուրեմն չարժի ջանք թափել, եկամուտ բերել, պետությունը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս, ինչի՞ պիտի նրա համար խելք դնեմ:

Իսկ եթե, իրոք, պետության ծախսերը մտահոգում են, չեք ուզո՞ւմ նաև ոստիկանությունը մասնավորեցնել, չէ՞ որ այն պետության համար հսկայական ծախս է: Հակառակը, ոչ միայն չեն մասնավորեցնում, այլ ծախսերն են մեծացնում, ըստ «Հայկական ժամանակի»՝ 5 տարում` 2009-2013թթ., 4 հազարով ավելացել է ոստիկանների թիվը՝ 14339-ից դառնալով 18300: Այժմ, ասում են, դարձել է 20 հազար (ոստիկանների իրական թիվը պետական գաղտնիք է):

Լավ, իսկ գուցե ոչ թե սեփականաշնորհեք, այլ բաշխեք համայնքների՞ն, ոստիկանությունը դառնա համայնքային կառո՞ւյց, համայնքի ոստիկանապետերին նշանակի ոչ թե Հանրապետության ոստիկանապետը, այլ համայնքը՝ ավագանի՞ն:  

Իսկ ինչո՞ւ միայն ոստիկանությունը, գուցե դպրոցական կրթությունը, առողջապահությունը, սոցիալական հիմնարկնե՞րն էլ տրվեն համայնքներին:

Տարբեր երկրներում տեղական ինքնակառավարման մարմինները ծախսում են հանրային փողերի 30-45 տոկոսը, իսկ Հայաստանում ընդամենը 8 տոկոսը (հանրային փողերն են՝ պետական և համայնքային եկամուտների գումարը):

«Դպրոցն էլ, ոստիկանությունն էլ, առողջապահությունն էլ, սոցապն էլ պետք է համայնքներին պատկանեն, որ ընտրությունների ժամանակ տեսնեն՝ ով լավ ծառայություն է մատուցում, նրան ընտրեն: Սա նշանակում է համայնքի ծախսերի մոտ 40 տոկոսը տեղական ինքնակառավարումը պետք է ծախսի,- ասում է  Համայնքների ֆինանսիստների միավորում կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը,- բայց Հայաստանում ամեն ինչ վերցրել են, համայնքին թողել 8 տոկոս, ակնհայտ է՝ այստեղ ինքնակառավարման մարմինը լուրջ կառույց չի»:

Սակայն ճիշտ հակառակն են անում, համայնքները է՛լ ավելի են թուլացնում: Այս տարվա ապրիլի 26-ի Կառավարության որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերն առաջարկվել էր նվիրատվության կարգով փոխանցել Կառավարությանը: Բնականաբար, առաջարկը չի մերժվել՝ ջրմուղները համայնքներից անցան կառավարությանը:

«Ինչո՞ւ է կառավարությունը համայնքների ձեռքից առել ջրմուղները». մի ամիս առաջ նամակ գրեցի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, պատասխան չստացա: Սեփականաշնորհելո՞ւ են: Գյուղ կա, որ ինքնահոս ջուրը հոսում է, որ սեփականաշնորհեն, տերը վրան հաշվիչ կդնի ու գյուղացիներից վարձեր կգանձի:

Ապակենտրոնացնելը, համայնքների լիազորությունները լայնացնելը ձեռնտու չէ իշխանություններին երկու պատճառով. նախ՝ չեն կարող վերահսկել ընտրությունները, համայնքները ինքնուրույնություն ստանալով՝ չեն կատարի կենտրոնական իշխանության կամքը և կարիք չեն ունենա նրանց ուզած թեկնածուի համար կեղծել ընտրությունները, և երկրորդ՝ բյուջեն բաշխվելով համայնքներին՝ այն ուտելու հնարավորությունները կնվազեն, էլ ինչու՞ են վարչապետ ու նախարար դառնում, եթե բյուջեի կեսը էլ չեն տնօրինելու:

Ահա թե ինչ կապ կա Մարզահամերգայինը սեփականաշնորհելու և համայնքները թուլացնելու մեջ՝ երկու դեպքում էլ իշխանություններին հետաքրքրում է անձնական շահը, որ ընկած է Հայաստանի քաղաքական դաշտի ազատական գաղափարախոսության հիմքում:

Ասա ինչպիսի տեղական ինքնակառավարում ես պատկերացնում, ասեմ, թե ինչու ես ուզում իշխանության գալ: Այն կուսակցությունը, որը չի ձգտում ընդլայնել համայնքների լիազորությունները, անձնական շահը բավարարելու համար է ուզում իշխանություն: Իսկ եթե հայտնվի այնպիսի կուսակցություն, որը կծրագրի հրաժարվել բյուջեի կեսը տնօրինելուց, այն բաշխել համայնքներին, հնարավորություն ստեղծել, որ ընտրությունները կենտրոնացված չլինեն, ուրեմն հնարավոր է, որ անձնական շահը չի առաջնորդում, մտածում է նաև համայնքների զարգացման մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter