HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳՈՒՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային գոտում են. ուսումնասիրության արդյունքներ

Երևանի ԳՈՒՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային գոտում են և վտանգ են ներկայացնում սպառողների առողջության համար: 

Նման արդյունք է ստացել Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա­վերլուծական կենտրոնը` 50-ից ավելի տաղավարներում սեպտեմբեր ամսին իրականացրած ուսումնասիրության արդյունքում: Կենտրոնը գործում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կազմում:

«Իրացման կետերից 28-ում միսն իրացվում է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, որոնք չունեն անգամ սառնարան, չկան նաև լվացվող և ախտահանվող մակերեսներ, մսեղիքը տեղափոխվում է սննդի համար չնախատեսված, կեղտոտ ստվարաթղթե արկղերով կամ կեղտոտ պարկերով, պահպանվում է աղբամանների կողքին, միջատներն ունեն անմիջական հասանելիություն մսեղիքին, իսկ որոշ դեպքերում մսեղիքն անգամ դրված է ասֆալտին»,- գրված է լրատվամիջոցներին ուղարկված կենտրոնի հաղորդագրությունում:

Իրացման կետերից 20-ում առկա է սառնարան, բայց մսեղիքը պահպանվում է նաև սառնարանից դուրս, հաճախ` սառնարանների վրա դրված փայտե տախտակների վրա: Ըստ կենտրոնի` հաճախ սառնարանները ձևական բնույթ են կրում և միացված չեն. «նշված կետերում ևս ռիսկի մակարդակը բարձր է և չի երաշխավորվում սպառողների առողջության պաշտպանությունը»:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ մսեղիքի տեղափոխումն իրականացվում է հակասանիտարական պայմաններում, դրա համար չնախատեսված մեքենաների կեղտոտ բեռախցիկներով: Ավելին, անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնի վրա հաճախ առկա չէ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի համարը:

Մթերքի որակի և անվտանգության խախտումներից բացի ուսումնասիրությունը հայտնաբերել է նաև էխինոկոկոզ հիվանդության տարածման ռիսկ: 

Ստացված արդյունքները համեմատվել են նախորդ տարիներին կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալների հետ, և արձանագրվել է բացասական միտում. բարձր ռիսկային տաղավարները պակասելու փոխարեն ավելացել են:

Մինչև լիազոր մարմնի կողմից համապատասխան խնդրի կարգավորումը և նշված թերությունների վերացումը՝ կենտրոնը սպառողներին հորդորում է զերծ մնալ նմանատիպ պայմաններում իրացվող մսի և սպանդային մթերքների ձեռքբերումից, միս և մսամթերք ձեռք բերել միայն հիգիենիկ պայմաններ ունեցող վաճառակետերից, որոնք ապահովված են սառնարանով, որում պահպանվում է համապատասխան ջերմային ռեժիմը, և ուշադրություն դարձնել, որ վաճառակետում առկա լինի անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականը՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթի համարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter