
Մենք գիտենք՝ ովքեր են տերերը
Օպերայի շենքին հարող այս տարածքը ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանին հատկացրել է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Իհարկե, ամեն ինչ օրինական ձեւակերպված է: Կառավարության 2001թ.-ի N 286 հանճարեղ որոշմամբ պաշտոնյաները (քաղաքի կենտրոնում սրճարաններ միայն նրանք են կառուցում) կարող են ստանալ 20 քմ, իսկ այնուհետեւ սրտների ուզած չափով ընդլայնել այն: Չկա մի սրճարան, որը նման ձեւով ընդլայնված չլինի: Սա օրինական էր: 2002թ. մայիսին ընդունվեց այլ որոշում, որով հատկացվում է 20 քմ, իսկ ընդլայնում կարող է արվել միայն 20 քմ-ով: Սակայն այս որոշումը պարզապես չի գործում:
ԱԺ պատգամավոր Լ. Խաչատրյանը նույն ձեւով ստացել 20 քմ եւ ընդլայնել է: Այս կառույցը Սայաթ-Նովա փողոցի կողմից փակում է Օպերայի շենքի մի հատվածը: Դեռ հնարավորություն կա կանխելու շինարարությունը:
Երբ երկու ամիս առաջ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հարցրինք, թե Օպերայի տարածքում կա՞ մի օբյեկտ, որտեղ պահպանված լինի քաղաքապետարանի ճարտարապետության վարչության կողմից հաստատված նախագիծը, նա պատասխանեց` ոչ:
Պետությունը դրամաշնորհներ է ստանում հակակոռուպցիոն ծրագիր գրելու, նախագահը խորհրդական է նշանակում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այստեղ գտնվող բոլոր կառույցները փաստորեն անօրինական են: Օպերայի շրջապատը կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն դաշտն է, պարոնայք, դե իրականացրեք հակակոռուպցիոն ազգային ծրագիրը, արեք ձեր քայլը:
Կարո՞ղ եք արդյոք պայքարել այս օբյեկտների տերերի դեմ: Իհարկե, ոչ: Որպեսզի հասկանանք, թե դա ինչու հնարավոր չէ, այսօրվանից կներկայացնենք այդ սրճարանների տերերին:
Մենք գիտենք ովքեր են իրական տերերը: Այս մեկը ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանինն է:
Մեկնաբանել