Փոփոխություններ՝ Հայաստանի կառավարության կառուցվածքում
Այսօր կառավարությունն ընդունել է հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանվանել որոշ նախարարություններ:
Կառավարության կայքը հայտնում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Նախարարությունների ցանկից նախատեսվում է հանել Քաղաքաշինության նախարարությունը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը: Ըստ նրա՝ Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որն օգնելու է գործարարներին, քննարկելու է նրանց կողմից բարձրացված հարցերը, առարկությունները, առաջարկությունները, նպաստելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը: Վարչապետի խոսքով՝ «էկոնոմիկա» բառը նախարարության անվանումից հանելը, չի նշանակում, որ այդ գործառույթը չի իրականացվելու:
Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ներկայումս քննարկվում է Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող Ջրային տնտեսության պետական կոմիտեն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում ներառելու հարցը: Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ոլորտն ունի իր առանձնահատկությունները և տրամաբանական է, որ ՏՏ-ին առնչվող հարցերով զբաղվի Տրանսպորտի և կապի նախարարությունը: Բացի այդ, քննարկվում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը միացնելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտն Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնելու և առանձին կոմիտե ստեղծելու հարցերը: Ինչ վերաբերում է Քաղաքաշինության նախարարությանը, ապա ըստ կառավարության ղեկավարի, նպատակահարմար է ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Կարեն Կարապետյանը հայտնել է նաև, որ վերոնշյալ հարցերին, անհրաժեշտության դեպքում, կանդրադառնան կառավարության նոր ծրագիրը ներկայացնելուց հետո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել