Վարդենիսում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու
Տրդատ Մուշեղյան
Հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կընտրեն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող համայնքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) առաջադրված Վոլոդյա Խլոյանը, նույն կուսակցության անդամ, ինքնառաջադրված Կարեն Մկրտչյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Գնել Խչեյանը:
Վոլոդյա Խլոյանը, ինչպես նշվեց, Վարդենիսի գործող քաղաքապետն է եւ համայնքը ղեկավարում է 2002 թվականից: Նա միեւնույն ժամանակ հանդիսանում է ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը: Ըստ Վարդենիսի բնակիչների հավաստիացումների՝ Վ. Խլոյանը տարբեր միջոցներով ճնշում է գործադրում համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների նկատմամբ` մասնավորապես սպառնալով իրեն չընտրելու դեպքում ազատել աշխատանքից:
Համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն` Կարեն Մկրտչյանը, մասնագիտությամբ քաղաքագետ է: 35-ամյա թեկնածուն ներկայումս ղեկավարում է իր հիմնադրած «Լիկա-Ալեն» ՍՊԸ-ն:
Գնել Խչեյանը գազասպառման ոլորտում գործող «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի Վարդենիսի տեղամասի ծառայության պետն է: Նրա եղբայրը՝ Համլետ Խչեյանը, առաջադրվել էր նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն շատ քիչ ձայներ էր ստացել:
Նախորդ ընտրությունները Վարդենիսում անցել են բավական լարված մթնոլորտում: Հիմնական պայքարն ընթացել է Վոլոդյա Խլոյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարտիրոսյանի միջեւ: Ընտրատեղամասերից մեկում նույնիսկ ծեծկռտուքի դեպք էր արձանագրվել: Ձայների 3346-2195 հարաբերակցությամբ հաղթել էր Վոլոդյա Խլոյանը:
Հոկտեմբերի 2-ին Վարդենիսում կընտրեն նաեւ ավագանի: Ավագանու 15 տեղի համար կպայքարի 27 թեկնածու: Ավագանու 12 թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, 1-ական ներկայացուցիչ ունեն «Հայ հեղափոխական դաշնակացություն», «Հայկական վերածնունդ» եւ «Ռամկավար ազատական» կուսակցությունները: Եվս 12 թեկնածու ինքնաառաջադրվել է:
Հավելենք, որ Վարդենիսի բնակիչներն իրենց սահմանադրական իրավունքը կիրացնեն 6 ընտրատեղամասում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել