
«Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության և լրագրողի դեմ ներկայացված հայցով դեռ վճիռ չի կայացվել
«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊ ընկերության եւ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորացնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲ ընկերության Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել երեք միլիոն դրամ` որպես փոխհատուցում, եւս երկու հարյուր վաթսունչորս հազար դրամ (որպես դատական ծախս), որից երկու հարյուր հազար դրամը` փաստաբանին վճարած վարձատրության գումար եւ վաթսունչորս հազարը` որպես վճարված պետական տուրքի գումար:
«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ հայցադիմումի մեջ նշված է, որ այս տարվա հունիսի 21-ին հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավը արատավորող արտահայտություններ:
Դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում սկսվել է օգոստոսի 18-ին, կայացել են դատական մի քանի նիստեր: Հոկտեմբերի 17-ի նիստում դատարանում ցուցադրվել են խնդրահարույց տեսանյութերը, կողմերը ներկայացրել են իրենց նկատառումները:
Լրագրող Նաիրա Խաչիկյանը ոչ մի անգամ դատին չի մասնակցել, դատարանում նրա շահերը պաշտպանում է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Իսկ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունն այս գործով դատապաշտպան չունի:
Դատական վերջին նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին, սպասվում էր վճռի հրապարակում: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրատվամիջոցներով անձի արժանապատվությունը վիրավորելու եւ զրպարտելուն առնչվող քաղաքացիական օրենսգրքի հոդվածների սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան: Դատավոր Շահոյանը դատը հետաձգել էր մինչեւ այս առթիվ Սահմանադրական դատարանի որոշման կայացումը: Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է, սակայն դատավոր Շահոյանը դեռ վերոհիշյալ գործով նիստ չի հրավիրել:
Մեկնաբանել