HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Պատգամավորը արտոնություն է ստացել «ներդրումային ծրագիր» անվան տակ

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել փոփոխություն կատարել նախկին որոշումներից մեկում: Այս փոփոխությունը հարկային նոր արտոնություն է «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ին, որը պատկանում է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին:

«Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ին արտոնություն էր տրվել 2015թ. հուլիսի 2-ի N732-Ա որոշմամբ: Ընկերությունը կառավարություն էր ներկայացրել մի ծրագիր, որով նախատեսում էր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հիմնել գարեջրի արտադրություն: Կառավարությունն այս ծրագիրը համարել էր ներդրումային` հիմնավորմամբ, որ դրա արդյունքում ստեղծվելու է գործարան, հետևաբար նախատեսվում են նաև աշխատատեղեր: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը «ներդրումային ծրագրի» շրջանականերում, հետաձգվել էր մինչև երեք տարի: Որոշումը կառավարության պաշտոնական կայքից բացակայում է, սակայն arils.am իրավական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ խոսքը շուրջ 632,423,700 միլիոն ընդհանուր արժեքով ապրանքների ներմուծման մասին է: Իսկ ապրանքների ներմուծման ժամկետը 2015 թվականի հունիսի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ էր:

Ընկերությունը, ինչպես այսօր տեղեկացրեց կառավարությունը, 2015թ. ի վեր կատարել է նախատեսված ներդրումների շուրջ 80 տոկոսը՝ 560 միլիոն դրամի չափով, արտադրվել է նաև գարեջրի փորձնական քանակ։ Սակայն գարեջուրը արտադրելու և գործարանը լիարժեք շահագործելու համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ, ինչպես տեղեկացրել է ընկերությունը, դեռ չեն ներկրվել՝ մատակարարների հետ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։

Տեխնիկական ինչ խնդիրների մասին է խոսքը՝ չի հստակեցվում, սակայն որոշման մեջ նշվում է, որ հիմա դրանք «լուծվել են», և ապրանքը գտնվում է ճանապարհին:

Որոշման այսօրվա փոփոխությամբ` ներմուծման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով` մինչև 2017թ. հունիսի 30-ը: Իսկ այս փոփոխությունը նշանակում է՝ ճանապարհին գտնվող սարքավորումների ԱԱՀ վճարման ժամկետը կերկարաձգվի մինչև երեք տարի:

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (շուրջ 98,1%) և նրա որդուն` Տիգրան Հակոբյանին (1,8%):

Նշենք, որ պաշտոնյաների կողմից հիմնադրված, նրանց պատկանող կամ նրանց առնչվող ընկերություններին հարկային կամ մաքսային արտոնությունների որոշումները կառավարությունը հիմնավորում է դրանց «ներդրումային» լինելու հանգամանքով: Հակոբ Հակոբյանի գարեջրի գործարանի նախագծային փաստաթղթերից տեղեկանում ենք, որ «ներդրումը» նախատեսվող մոտ 60 աշխատատեղն է: Միջին աշխատավարձը կազմելու է 2016թ.` 90 հազար դրամ, 2017թ.` 100 հազար և 2018թ.` 100 հազար դրամ: Ինչու է ծրագիրը համարվել ներդրումային՝ անհասկանալի է այնքան, որքան որ դժվար է պատկերացնել գործարանն առանց աշխատողների:

Այսօրվա նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ արտոնությունների տրամադրման ընթացակարգերն առավել դյուրացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Կարեն Կարապետյանն էլ ընդգծել է, որ ներդրողների, գործարարների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու համար անհրաժեշտ է նախարարությանը որոշ լիազորություններ տալ: Նախարարի և վարչապետի ելույթներից կարելի է ենթադրել, որ նախատեսվում է ավելի դյուրին արտոնել նաև պաշտոնյա-«ներդրողներին»:

Մեկնաբանություններ (1)

Արմեն
ինչպես տեսնում եք ոչինչ չի փոխվել և չի էլ փոխվի, քանի համակարգը մնում է նույնը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter