Մեղրաշենցիների ընտրության չափանիշը «Լավագույն համայնք 2007» մրցանակն է
Հոկտեմբերի 2-ին Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում բնակիչներն ընտրելու են համայնքի ղեկավար եւ ավագանի: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են գործող համայնքապետ Հունան Պետրոսյանը եւ Մեղրաշենի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Աշոտ Բարսեղյանը:
Մեղրաշեն համայնքն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1199 բնակիչ, 932 ընտրող:
Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին գյուղի ծայրամասային փողոցների անբարեկարգ վիճակը, խոշոր եղջերավոր անասունների համար խմոցների բացակայությունը, մշակույթի տան անբարեկարգ վիճակը: Ութերորդ փողոցի բնակիչներից մեկն իր խոսքում նշեց, որ սելավաջրերից հետո փողոցը քիչ թե շատ բարեկարգվում է իրենց սեփական միջոցներով եւ տեխնիկայով:
Համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը թվարկվածներին հավելեց նաեւ ոռոգման ջրի բացակայությունը: Համայնքապետը հայտնեց, որ թվարկված հարցերը, ինչպես նաեւ անասունների համար խմոցների տեղադրումը կրկին օրակարգային կլինեն իր վերընտրվելու դեպքում: Պրն Պետրոսյանը նշեց, որ փոքրիկ գյուղ է, իրեն բոլորը ճանաչում են, եւ ինքը քարոզարշավի կարիք չունի:
1996թ.-ից Մեղրաշեն համայնքը ղեկավարող Հ. Պողոսյանն իր վերընտրվելու մասին այսպես արտահայտվեց. «Համայնքի ղեկավար լինելն ինձ համար ծառայություն է, ոչ թե պաշտոն: Ժողովուրդը միշտ 85-90% ձայնով է ինձ ընտրել: Կարծում եմ, որ մեծ հնարավորություն ունեմ վերընտրվելու, եթե քիչ ձայներով ընտրվեմ, օրինակ՝ 55%-ով, ճնշող մեծամասնությունն ինձ չընտրի, հնարավոր է՝ հրաժարվեմ համայնքապետի պաշտոնից»:
Մեղրաշենցիների ճնշող մեծամասնությունը դրական էր արտահայտվում համայնքի ղեկավարի մասին` մատնանշելով համայնքի հաղթանակը «Լավագույն համայնք 2007» մրցույթում:
Մյուս թեկնածուն` Աշոտ Բարսեղյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ հնարավոր է ինքնաբացարկ հայտարարի: Պրն Բարսեղյանը բարձր գնահատեց Հունան Պետրոսյանի աշխատասիրությունը եւ կասկած հայտնեց, որ ինքը չի կարողանա այնքան լավ աշխատել, որքան գործող համայնքապետը:
Ավագանու անդամ Զեփյուռ Աբգարյանը ողջունեց երիտասարդ եւ առաջին անգամ իրենց թեկնածությունն ավագանու անդամ դառնալու համար առաջադրած Աղվան Բալոյանի եւ Գաբրիել Բեգոյանի քայլը՝ համարելով, որ երիտասարդները պետք է հետաքրքրվեն գյուղի հարցերով: Նա օրինակ բերեց երիտասարդ Արման Մարզեցյանին, որն անցած 4 տարիներին լինելով ավագանու անդամ, արդյունավետ գործունեություն է իրականացրել:
Մետաքսյա Մաթեւոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել