HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ընկերությունների հաջողությունները Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ միջոցառմանը

Հայաստանի ՏՀՏ ոլորտի լավագույն լուծումները ներկայացվեցին ս.թ. նոյեմբերի 17-19 Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսին և մրցանակաբաշխությանը (GITI-2011):

Կոնֆերանսը նվիրված էր էլեկտրոնային կառավարման արդի զարգացումներին և հեռանկարներին, գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը, կիբերանվտանգության ապահովման հարցերին:     

Հայկական պատվիրակության մեջ ներառված էին ինչպես ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող «ՍաութԹեք Քընսալտինգ», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Հայկական ծրագրեր», «Էսենշլ Սըլյուշնս», «Լայմ Տեխ», «Նորմա-պլյուս», Xinect, Social Promotion ընկերությունները, «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, այնպես էլ պետական հատվածը ներկայացնող ՀՀ  կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը: Ավանդույթի համաձայն կոնֆերանսին կից կազմակերպվել էր «Հայկական անկյուն» հատված, որտեղ հայկական պատվիրակության անդամները ներկայացրեցին իրենց լուծումները, գործարար ներկայացումները, տեսանյութերը:

«Հայկական ծրագրեր», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Էսենշլ Սըլյուշնս» ընկերությունների, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի գործարար ներկայացումներն ընդգրկվեցին կոնֆերանսի ծրագրի մեջ:

Մրցանակաբաշխության համար այս տարի դիմել էին աննախադեպ թվով ընկերություններ և կազմակերպություններ` ներառելով հայցորդներ ինչպես Վրաստանից և Հայաստանից, այնպես էլ` Ուկրաինայից: Մրցանակաբաշխությունն անցկացվում էր Պետական և մասնավոր հատվածներում: Մասնավոր հատվածում լավագույն լուծումների համար 6 անվանակարգերից 3 նվաճվեց հայկական ընկերությունների կողմից.

  • «Լավագույն համալիր գործարար լուծում» անվանակարգում` «ՍաութԹեք Քընսալտինգ», ընկերությունը` «Sammit» համակարգ
  • «Տարվա լավագույն ծրագրային ապահովում» անվանակարգում` «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս» ընկերությունը` «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ»
  • «Լավագույն B2B լուծում» անվանակարգում` «Հայկական ծրագրեր» ընկերությունը`  «ՀԾ-Հաշվապահ-ՀԾ Բանկ-ՀԾ-ԻնտերնետԲանկ ինտեգրված համակարգեր»

Ծանր պայքար ընթացավ պետական հատվածի լավագույն լուծումների բաժնում:  Շուրջ 11 լուծումներ էին ներկայացվել «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից: Երկար քննարկումներից և հավակնորդ համակարգերի փորձաքննությունից հետո որոշվեց` պետական գործակալությունների կողմից ամենակիրառելի ծառայություն ճանաչել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկերի կառավարման ինտեգրացված «Հարկատու-3»» համակարգը: 

Հայկական պատվիրակությունն այս տարի ևս գլխավորում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը միջոցառման կայացմանն իր բացառիկ ներդրման համար արժանացավ հատուկ մրցանակի` «GITI բացառիկ գործընկեր (GITI Distinguished Partner)» խորագրով:

Միջոցառման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ԻՏՁՄ միջնորդությամբ և USAID/RCI ծրագրի աջակցությամբ  Հայաստանից 1 մասնակից կուղեգրվի Բուլղարիայում գործող Եվրոպական ծրագրային ապահովման ինստիտուտի` դեկտեմբերին կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի CMMI դասընթացներին մասնակցելու:

Միջազգային գործընկերները կներգրավվեն նաև 2012 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք ԴիջիԹեք Բիզնես ֆորումին:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter