Թեկնածուները բռնակոթցիների արտագաղթի դեմ դեղատոմս չունեն
Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու՝ համայնքի ղեկավար եւ ավագանի են ընտրելու: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել՝ գործող համայնքապետ Ատոմ Առաքելյանը եւ Էդիկ Հակոբյանը։
Ատոմ Առաքելյանը Բռնակոթ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2002 թվականից։ Նա իր երկարատեւ պաշտոնավարումն այսպես է հիմնավորում· «Ուրեմն ժողովուրդն ինձ վստահում ա, էլի, որ ընտրում ա»։
Սեպտեմբերի 14-ին մեկնարկել է թեկնածուների նախընտրական քարոզչությունը։ Ատոմ Առաքելյանն ընտրություններից առաջ շրջում է գյուղով մեկ, զրուցում բնակիչների հետ, ծանոթանում խնդիրներին ու պահանջներին, բայց մեծ հաշվով նոր բան չկա: «Դե, մենք արդեն գիտենք, թե մեր գյուղացիներն ինչ խնդիրներ ունեն, ինչն է մտահոգում նրանց»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը։
Բռնակոթի բնակչուհի Իսկուհին ասում է․«Ես շատ ծանոթ չեմ, բայց լսել եմ, որ դրական մարդ է, երեխաներին շատ է սիրում, գոհ ենք»։
Գոհունակության առիթ է տալիս ղեկավարի կատարած աշխատանքը․«Ես աշխատում եմ կողքի գյուղում՝ Գորայքում, եւ շատ գոհ եմ տրանսպորտից․կես ժամը մեկ կա, շատ հարմար է»,- ասում է ուսուցչուհի Ամալյան։
Մյուս թեկնածուն՝ Հակոբյան Էդիկը, երկրորդ անգամ է իր թեկնածություն առաջադրում։ Նա մեկ անգամ ընտրվել է համայնքի ղեկավար։ Ասում է, որ իր նպատակը ժողովրդին ծառայելն է: Բնակչից ես վերցնում եմ, որ հետո վերադարձնեմ բնակչին»,- անկեղծանում է թեկնածուն։ Է․Հակոբյանը քարոզչության նույն մեթոդն է կիրառում, ինչ գործող համայնքապետը· երեկոյան, երբ արդեն գյուղացիները վերադառնում են հանդերից, դաշտերից, հավաքվում են հավաքատեղիում կամ այցելում է տները, ծանոթանում է նրանց խնդիրներին, մտահոգություններին։ Ասում է, որ ընտրություններից մի քանի օր առաջ իր ծրագիրը գրավոր կներկայացնի բնակիչներին։ Համայնքում ամենակարեւոր հարցերն, ըստ Է․Հակոբյանի, ոռոգման ջրի բացակայությունն է ու աղբահանությունը, ինչն էլ կփորձի լուծել, բայց թե ինչ միջոցներով, ինչ նախագծերով, պարզ կդառնա ընտրություններից հետո։
Ի տարբերություն մարզի այլ համայնքների՝ Բռնակոթում հողի սեփականաշնորհում կատարվել է երկու անգամ՝ 1991-ին եւ 2002-ին։ Հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվող բնակիչների հիմնական մտահոգությունը ցածր եկամուտն է, դրան էլ գումարվում է հողի հարկը: «Հողին չենք կարում ժամանակին սնունդ տանք, բերք էլ չի լինում, բայց հարկերը պարտաճանաչ տալիս ենք, չգիտենք էլ հողը տանք վարձակալության, թե՞ վաճառենք»,- ասում է բռնակոթցի Համլետ Սիմոնյանը։
Անասնապահության ոլորտում էլ կարեւոր են մսամթերքի իրացման խնդիրները։ Մանր եղջերավոր անասունների մթերումը 2014 թ·-ից սկսած իրականացվում է Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի տարածքում բացված գործարանում, սակայն խոշոր եղջերավոր անասունների մորթը հիմնականում կատարվում է տնային տնտեսություններում՝ հակահիգենիկ պայմաններում։ Այս հարցին համայնքի ղեկավարը լուծում չի տեսնում․«Չենք կարող արգելել, քանի որ կենդանի քաշով իրացնելու դեպքում վերավաճառողներն ավելի մեծ շահույթ են ստանում»։
Մինչ 2015 թ․ գյուղում ջուրը բերում էին դույլերով, քանի որ խմելու ջրի ակունքը գտնվում է Նախիջեւանի սահմանին, որտեղ ադրբեջանցիների պահակակետերն են։ Որոշում էր կայացվել գյուղի խմելու ջրի ներքին ցանցը հանձնել «Հայջրմուղկոյուղուն», այժմ գյուղը նոր ջրագիծ ունի։
2015 թ․ փետրվարից ողջ գյուղը գիշերային լուսավորություն ունի, ինչպես Ա․Առաքելյանն է ասում, մնում է տանիքներին լույս դնեն։ Գյուղի փողոցները գտնվում են ոչ բարվոք վիճակում, սակայն ինչպես նշում է Ա․Առաքելյանը, նպատակահարմար չէ վերանորոգելը, գյուղատնտեսական մեքենաները չեն կարողանա ասֆալտապատ ճանապարհներով չգնալ։
Բռնակոթ համայնքի բյուջի մեծ մասը հատկացվում է գյուղի միակ մանկապարտեզին։ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այժմ կահավորված է, լուսավորության եւ ջեռուցման հարցերը լուծված են։
Դեռեւս քանդված վիճակում է գտնվում գյուղի միակ եկեղեցին՝ Սուրբ Գրիգորը, որը կառուցվել է 1704 թ·-ին, փոխվել է միայն դուռը եւ մասնակիորեն տանիքը։ Այս մասով Ա․Առաքելյանը փաստում է․«Մեր ֆինանսները չեն բավականացնում մեծ գործերի համար։ Մենք կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ՝ Նոր տարուն ուրախացնում ենք երեխաներին, մոտ 200 երեխայի նվեր ենք բաժանում, բայց մեծ գործեր չենք կարող անել, դա արդեն կառավարությունից ա կախված»։
2077 բնակիչ ունեցող գյուղում ընդամենը 20 աշխատատեղ կա, ինչն էլ արտագաղթի պատճառ է դառնում: Համայնքի ղեկավարն ասում է, որ չի կարող կանխել արտագաղթը․«Դե մի լավ օրից չի էլի, որ գնում են»։
Գայանե Պողոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել