Էկոնոմիկայի նախարարն ամփոփեց իր պաշտոնավարման յոթ ամիսներին կատարված աշխատանքները
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը իր պաշտոնավարման յոթ ամիսների հաշվետվությունը ներկայացրեց, առանձնացրեց նախարարությանն առնչվող հիմնական զարգացման երեսուն ուղղություն։ Մինչ այդ ուղղություններից մի քանիսին անդրադառնալը, ներկայացնենք նախարարի՝ վերջին շրջանում տարածված խոսակցությունների մասին պարզաբանումները։
Մինասյանը հավաստեց, որ այս պահին նախարարությունում աշխատանքային բնականոն մթնոլորտ է, չկա որևէ լարվածություն, և լարվածություն ստեղծելը առանձին հատվածների ցանկություն է համարում։
Անդրադառնալով 2011 թվականին իր այն հայտարարությանը, թե Կարեն Կարապետյանը լավ մենեջեր է, բայց վատ քաղաքական գործիչ, նախարարը չցանկացավ մեկնաբանել՝ ասելով, թե այդ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Կարապետյանը քաղաքապետ էր. «Կարեն Կարեպետյանի հետ չկա որևէ լարվածություն, չի եղել որևէ խնդիր։ Ես անկեղծորեն եմ ասում՝ իսկապես շնորհակալ եմ, որ վարչապետը ունի հստակ տեսակետ բիզնես հատվածի բեռը թեթևացնելու մասով, ցանկություն՝ նվազեցնել բյուրոկրատիան և չինովնիկությունը: Սա կարևոր ուղղորդում է, որպեսզի մեր պետական կառավարման համակարգը շարժվի այս ուղղությամբ»,-նշեց Մինասյանը։
Նախարարը իր հնարավոր հրաժարականի առնչությամբ մտահոգություն չունի, սակայն նշեց՝ այժմ ժամանակավոր է զբաղեցնում այդ պաշտոնը և շարունակելու է այնքան ժամանակ, քանի չի եղել նոր հրամանագիր։ Նա հավելեց՝ եթե կառավարության երեկվա նիստին ներկայացված օրինագիծն ընդունվի, անկախ նրանից՝ ցանկանո՞ւմ ենք, թե՞ ոչ, էկոնոմիկայի նախարուրություն չի լինի։ Սակայն ինչպես երեկ, այսօր ևս պնդում է՝ իր համար՝ որպես էկոմոնոմիայի նախարարի, ընդունելի չէ նախարարության անվանումից «էկոնոմիկա» բառը հանելու գաղափարը։
Խոսելով նոր ձևավորվող կառավարության մասին՝ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ «վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ անձ տեսնելու ցանկություն է հայտնել», և կարծում է, որ յուրաքանչյուր ոք չպետք է ձգտի ամեն գնով պահել իր դիրքը, քանի որ բոլորի նպատակը պետք է լինի ոչ թե պաշտոնին մնալը,այլ նպաստելն ու աջակցելը այն հիմնական խնդիրներին, նպատակներին, որոնք ձևակերպված են քաղաքական համաձայնագրում, բխում են սահմանադրական փոփոխություններից և բերում են երկրի տնտեսության զարգացմանը: «Ուրախ կլինեմ, որ մեր հետագա համագործակցությունը շարունակվի ի շահ մեր երկրի, մեր տնտեսության առաջընթացի»,-հավելեց նա։
Միասյանի խոսքով՝ տարբեր ուղղություններից նոր աշխատանքի առաջարկներ է ստացել և պատրաստվում է դրանք ՀՅԴ կուսակցության Գերագույն մարմնում քննարկման առարկա դարձնել, որից հետո միայն կներկայացնի իր մոտեցումները։
Իր վարած քաղաքականության վերաբերյալ Մինասյանն ասաց՝ գործունեության առաջին իսկ օրից առաջադրել է կադրային քաղաքականության երեք գործող սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն և պատասխանատվություն։ Յոթ ամիսների ընթացքում, նրա հավաստմամբ, աշխատել է այս սկզբունքներով և շնորհակալ է համակարգի աշխատակիցներին, ովքեր ընկալել և հարգել են իր այս մոտեցումները։
Անդրադառնալով վերը նշված երեսուն խնդիրներին՝ առանձանցնենք մի քանիսը, որոնք ներկայացրել է նախարարը։ Նա շեշտեց՝ որքան էլ նախարարությունը աշխատել է գերծանրաբեռնված, սակայն լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա։
Որպես առաջին խոշոր ուղղություն Մինասյանն ընդգծեց տնտեսության զարգացման քաղաքականության մշակումը, համակարգումն ու մոնիտորինգը՝ հավելելով, որ այս հանգամանքը նախարարության կանոնադրությունում որպես հիմնարար ուղղություն է ձևակերպված։ Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ նախարարությունը լիազորությամբ օժտված չէ և կարևոր է, որպեսզի մյուս գործընկեր-գերատեսչությունները փորձեն համակարգել քաղաքականությունները՝ ապահովելով կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականության հետևողականությունը։
Երկրորդ ուղղություն դիտարկեց դոնոր կազմակերպությունների հետ համակարգման գործընթացը։ Նրա կարծիքով՝ երկրում պետք է լինի գերատեսչություն, որը կկարողանա համակարգել բոլոր կառույցների աշխատանքները՝ սկսած վարկային ծրագրերից, ավարտած դրամաշնորհներով և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնացնել մեկ վայրում։
«Այստեղ ձևավորել ենք էականորեն բարելավված համակարգ, բայց զարգացման տեղ ունենք։ Այսօր տիրապետում ենք տեղեկատվության շուրջ 80%-ին, թե Հայաստանի տնտեսական կյանքում ինչպիսի գործունեություն են ծավալում միջազգային կամ դոնոր կազմակերպությունները, սակայն 20%-ի համալրման համար անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել»,-մանրամասնեց նա։
Հաջորդ ուղղությունը, ըստ նախարարի, ներդրումային քաղաքականությունն է: Նախարարությունը օտարերկրյա ներդրումների մասին օրենքի նոր նախագիծ է մշակում։
Իսկ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մշակվել է օրենքի նախագիծ, որը գտնվում է քննարկման փուլում։ Նախարարի դիտարկմամբ՝ սկզբունքայնության հարց է, թե ինչպես է պետությունը հարաբերվում մասնավորի հետ։ Մինասյանը փաստեց՝ կան հաջողված օրինակներ, երբ պետությունը ստեղծում է ենթակառուցվածքներ և մասնավորին հրավիրում՝ ասելով՝ այս ենթակառուցվածքների հենքի վրա կառուցիր քո բիզնես-նախագիծը։ Սակայն նախարարը սա բավարար միջոց չի համարում՝օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն տեսնելով։
Արծվիկ Մինասյանը նաև կարևորեց պետության՝ որպես բիզնես կառույցի մասնակցությունը տնտեսության կյանքում։ Նշեց, որ կան դեպքեր, երբ պետությունը տարբեր ծրագրերով օժանդակում է որևէ ընկերության ֆինանսական վիճակի բարելավմանը, սակայն բացակայում է միասնական ռազմավարությունը և առաջարկեց ստեղծել «մուտքի-ընթացքի-ելքի» ռազմավարություն։
Նա նաև առանցքային համարեց ֆինանսական վատ վիճակում գտնվող ընկերություններին օժանդակությունը, որոնք, օրինակ, արտաքին շոկերի պատճառով չեն կարողացել իրենց եկամուտները ժամանակին ստանալ կամ ստանձնել են վարկային պարտավորություններ, ունեցել հարկային տույժեր, և դրանք խոչընդոտել են այդ ընկերությունների գործունեությանը։
Նախարարը զբոսաշրջությունը համարեց Հայաստանի համար հսկայական պոտենցիալ և այդ ուղղությամբ վերանայումների, մոտեցումների կարիքն ընդգծեց: Կարևորեց այս ոլորտի օրենսդրական կարգավորումը: Այդ նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել զբոսաշրջության մասին նոր օրինագիծ, որը հիմնարար լուծումներ է առաջարկում թե՛ զբոսաշրջային օպերատորներին, թե՛ ենթակառուցվածքների մասնակիցներին՝ հյուրանոցներին, հանգստյան տներին: «Մեզ համար ամենակարևոր հարցն այն է, որ պետությունը ոչ թե անընդհատ մտնի այս հարաբերությունների մեջ, այլ խթանի ինքնակարգավորման համակարգը»,-հավելեց նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել