HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լ. Մկրտչյան. «Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը մշտապես ունի չափելի արդյունքներ»

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ կրթության ծրագրերի պատասխանատու, «Հայաստանի կրթության բարելավում» (ԿԲԾ) ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

ՀԲ կրթության թիմն այս օրերին Երևանում է' վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցելու առաքելությամբ: Ողջունելով հյուրերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցությունը հստակ չափելի արդյունքներ է արձանագրել: «Համաշխարհային բանկն իրականացնում է քայլեր, որոնց արդյունքները պարզորոշ են. կրթության ոլորտում ծավալած համագործակցության առանցքում բանկը մշտապես ճիշտ շեշտադրումներ է արել: Այս իմաստով հստակ կարող եմ թվարկել, որ սկսած 1998 թվականից' բանկի հետ մեր աշխատանքն ինչ արդյունքներ է արձանագրել»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Նրա գնահատմամբ՝ այդ համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են հանրակրթության կառուցվածքային փոփոխությունները, մշակվել են ավագ դպրոցից դեպի բարձրագույն կրթության անցման մեխանիզմները, ներդրվել են բուհական ընդունելության նոր'միասնական քննությունների և բուհերի հավատարմագրման համակարգերը: Վերջինիս ձևավորումն արդեն ընդգրկվել է Բոլոնյան գործընթացի շրջանակ, և մեր երկրում ՀԲ-ի գործունեությունն արդեն թիրախավորվել է դեպի ավագ դպրոցների հիմնանորոգման ապահովում:

Երախտագիտություն հայտնելով դպրոցների հիմնանորոգման ուղղությամբ ՀԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության համար' Լևոն Մկրտչյանը միաժամանակ ընդգծել է, որ իբրև կրթության պատասխանատուի' իր համար առավել կարևոր են կրթության որակի ապահովմանն ուղղվող բարեփոխումները' շեշտելով, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթացներ են ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս համատեքստում նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցության հաջորդ մասնաբաժինը կհատկացվի բուհական համակարգի բարեփոխումներին: Խոսելով այդ բարեփոխումների իր տեսլականի մասին' Լևոն Մկրտչյանն առանձնացրել է 2 կարևորագույն ուղղություն' բուհերի խոշորացում և հզորացում' ցանցային համալսարանական համակարգի ստեղծմամբ և համալսարանական ինքնավարություն' ֆինանսավորման և կառավարման ներքին ժողովրդավարական մեխանիզմների ներդրմամբ:

Նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ' եթե մեկնարկեն գլոբալ բարեփոխումներ, Հայաստանում գործող 2 միջպետական համալսարանների (Ամերկյան և Ֆրանսիական) մոդելները կարող են օրինակ ծառայել: «Մեզ համար կարևոր է գտնել բուհերի կառավարման և ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել կամ իրավակազմակերպական ձև. ներկայիս գործող հիմնադրամների տարբերակը ամբողջությամբ չի կարգավորում համալսարանական խնդիրները: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում պետք է հստակ սահմանել համալսարանների իրավակազմակերպական ձևը, որը կլուծի բուհական համակարգի առջև կանգնած խնդիրները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով Լևոն Մկրտչյանին՝ կրթության ոլորտի մարտահրավերների ու բարեփոխումների համապարփակ ներկայացման համար, ՀԲ ԿԲԾ համաղեկավար Նինո Կուտալաձեն իր հերթին կարևորել է կրթության բովանդակային բաղադրիչների սահուն իրականացումը: Վերահաստատելով ՀԲ-ՀՀ կրթության և գիտության նախարարություն արդյունավետ համագործակցության փաստը' նա ընդգծել է, որ իրենց նախագծերի մշակման գործում չափազանց կարևորում են տվյալ համակարգի պատասխանատուների կողմից ներկայացվող ոլորտի կարիքների նկարագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter