HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամուսի 14 տարվա ղեկավարի ասելով` աշխատանքի ընթացքը ցույց կտա հետագա անելիքները

Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Արամուսի գործող համայնքապետ, անկուսակցական Հրայր Նիկողոսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարապետ Վարդանյանը, ով գյուղի մարզամշակութային կենտրոնի տնօրենն է: Երկու թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են:

Հրայր Նիկողոսյանը Արամուսը ղեկավարում է 2002 թվականից: Նախկինում լինելով ԲՀԿ անդամ՝ նա Կոտայքի գյուղական համայնքների այն ղեկավարներից էր, ովքեր 2015 թվականի մարտին կուսակցությունում իրենց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում էին ներկայացրել ԲՀԿ տարածքային մարմին: Մեզ հետ հեռախոսազրույցում Հրայր Նիկողոսյանը չցանկացավ պարզաբանել, թե ինչու է դուրս եկել կուսակցությունից. «Ինչո՞ւ պիտի պատասխանեմ այդ հարցին: Թող ոչ մեկին դա չհետաքրքրի»,- ասաց գործող համայնքապետը:

Խոսելով գյուղի խնդիրների եւ իր ծրագրերի մասին՝ նա նշեց, որ անելիքներ շատ կան. «Իմ ծրագրի մեջ մտնում են մշակույթի տուն եւ մանկապարտեզ հիմնելը, ճանապարհների բարեկարգումը: Աշխատանքի ընթացքը ցույց կտա հետագա անելիքները»: Արամուսի ղեկավարի խոսքով՝ համայնքի բյուջեն կազմում է մոտավորապես 70 մլն դրամ՝ ներառյալ դոտացիան: Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ Հրայր Նիկողոսյանն ասաց, որ գյուղում քարոզարշավ չի ընթանում, բոլորը ճանաչում են իրար:

Համայնքի ղեկավարի թեկնածու Կարապետ Վարդանյանն իր թեկնածությունն առաջադրել էր նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն ինքնաբացարկ էր ներկայացրել: Այս անգամ էլ նա քարոզարշավ չի իրականացնում: «Անցած անգամ ես պատրաստ չէի իրականացնելու իմ ծրագրերը, այդ պատճառով հանեցի թեկնածությունս»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետ Վարդանյանը՝ հավելելով, որ եթե այս անգամ հույս չունենար չէր մասնակցի ընտրություններին: Նրա խոսքով՝ գյուղում բավականին շատ գործեր կան անելու: «Արամուսում դեռ չկա մանկապարտեզ, սա շատ կարեւոր հարց է: Բացի այդ, պետք է փողոցները լուսավորել, ճանապարհները բարեկարգել»:

Բացի համայնքի ղեկավարից, Արամուսի բնակիչները պետք է ընտրեն նաեւ ավագանու անդամներին: Ավագանու բոլոր 10 թեկնածուները եւս ինքնաառաջադրված են: Նրանցից 6-ը գործող ավագանու անդամներ են:

Մարինե Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter