«Մանկան» խանութի ներկայացուցիչ. «Այս տարի խաղալիքների վաճառքի ծավալները նվազել են»
Մանկական խաղալիքների արտադրությունը Հայաստանում այսօր զարգացած չէ։ Հատուկենտ արտադրողներից մեկը «Մանկան» ՍՊԸ-ն է։ Ընկերության արտադրած խաղալիքների տեսականու մի մասն օրեր առաջ ներկայացված էր «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսին։
«Մանկան»-ի ներկայացուցիչ Լիլիթ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում խաղալիքների հումքին. «Էկոլոգիապես մաքուր հումք է։ Պարբերաբար ստուգում և սերտիֆիկացում է անցնում»։

«Մանկան»-ի գործունեության սկիզբը համարվում է 1992 թվականը։ Ըստ ընկերության ներկայացուցչի` 20 տարվա ընթացքում իրենք մեծ տեսականի (հարյուրավոր նմուշներ) են ներկայացրել շուկայում, որոնք միմյանց փոխարինելով՝ հետագայում դուրս են եկել շուկայից։ Այժմ խաղալիքների տեսականու թիվը գերազանցում է 120-ը։
«Անընդհատ նորություններով ենք հանդես գալիս։ Ունենք հայերեն խոսող խաղալիքներ՝ սովորեցնում են հաշվել, հանելուկներ են արտասանում, խոսող այբբենարան, որն օգնում է երեխաներին յուրացնել հայերենի տառերը։ Քառատողեր ու գույներ սովորեցնող խաղալիքներ ունենք և այլն։ Բավականին պրակտիկ տարբերակներ են երեխաների համար»,- ասում է Լ. Խաչատրյանը։

«Մանկան»-ի համար ևս վաճառքի ծավալների մասին հարցը ցավոտ է։ Ընկերության ներկայացուցիչը նկատում է, որ այս տարի վաճառքը «մի փոքր» նվազել է։ Թե ինչ ծավալների մասին է խոսքը, չնշվեց։

Ինչպես ընկերությունների մի մասը, «Մանկան»-ը ևս վաճառքի ծավալների անկումը փորձում է կանխել նոր թարմացվող տեսականիով։ Լ. Խաչատրյանի խոսքով՝ ամեն ամիս 2-3 նոր խաղալիք են ներկայացնում շուկայում։ «Ի վերջո, «Մանկան»-ն ունի իր պահանջարկը»,-շեշտում է նա։

Ըստ ընկերության ներկայացուցչի՝ «Մանկան»-ն այսօր որոշ քանակությամբ խաղալիք է արտահանում՝ հիմնականում պատվերների հիման վրա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել