
Փաստաբան Տ. Եգորյան. «Քննիչի ներկայացրած նյութերն ապացուցում էին՝ Արամ Հակոբյանի նկատմամբ գրավը թույլատրելի է»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը ևս երկու ամիս կմնա անազատության մեջ։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարելՀՔԾ քննիչի՝ Արամ Հակոբյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը և մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Գործով փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ եթե մեկ բառով նշի, թե ինչ հանգամանք էր դրված կալանքը երկարացնելու հիմքում, ապա՝ «ոչինչ»։
«Դատարանում բերված էին ապացույցներ, որոնք հիմնավորում էին, որ նրա նկատմամբ կալանքի կիրառումն անիմաստ է։ Այսինքն՝ քննիչը ներկայացրել էր նյութեր, որոնք ապացուցում էին, որ Արամ Հակոբյանի նկատմամբ գրավը թույլատրելի է, սակայն հակառակ որոշում կայացվեց»,-«Հետք»-ին հայտնեց փաստաբանը։
Եգորյանի դիտարկմամբ՝ քննությունից թաքնվելու, պատասխանատվությունից խուսափելու և քրեական գործում ներգրավված անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալու կասկածները բացակայում էին մի պարզ պատճառով՝ 2015 թվականի փետրվարի 18-ին («100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ժամանակ) հարուցված գործի շրջանակներում Հակոբյանը ևս մեղադրյալ էր, նրա նկատմամբ կիրառվել էր կալանք, սակայն փոխարինվել էր գրավով, և այդ ամբողջ ընթացքում Արամ Հակոբյանը պարտաճանաչորեն արձագանքել է քննիչի զանգերին, ծանուցումներին և հրավերներին, դրսևորել է պատշաճ վարքագիծ՝ չխոչընդոտելով նախաքննությանը։
«Այս պարագայում Արամ Հակոբյանի նկատմամբ սխալ և չհիմնավորված է ընտրել կալանքը՝ անթույալտրելի համարելով գրավով ազատ արձակելու միջնորդությունը»,-հավելում է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Արամ Հակոբյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Մեկնաբանել