HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաքելության հանդիպումները «Ժառանգության¦ հետ

Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) դիմած հայաստանյան չորս կուսակցությունների` ԵԺԿ-ին անդամակցության համապատասխանությունը գնահատող եւ այս օրերին Հայաստան ժամանած առաքելությունը այսօր իր հանդիպումները սկսեց «Ժառանգություն» կուսակցությունից:

Առավոտյան պատվիրակության անդամներին ընդունեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրանց ներկայացրեց կուսակցության գործունեությունը, ինչպես նաեւ պատասխանեց պատվիրակությանը հետաքրքրող հարցերին: Հյուրերի խնդրանքով նա ներկայացրեց նաեւ իր հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործունեությունը: Հովհաննիսյանը արժեւորեց ԵԺԿ-ի հետ «Ժառանգության» բազմամյա սերտ համագործակցությունը, արձանագրեց այն պաշտոնականացնելու հրամայականը: 

Այնուհետեւ ԵԺԿ առաքելությունն այցելեց «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպեցին կուսակցության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ եւ ծանոթացան կուսակցաշինության ու քաղաքական գործունեության մեջ «Ժառանգության» ձեռքբերումներին ու անելիքներին:

ԱԺ ոսկեզօծ դահլիճում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ընդունեցին պատվիրակությանը եւ ներկայացրեցին կուսակցության օրենսդիր գործունեությունը, համակարգային բարեփոխումներին ուղղված օրենսդրական նախաձեռնությունները:

Կեսօրից հետո «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում ԵԺԿ պատվիրակության հետ հանդիպեցին կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության ներկայացուցիչներն ու կին ակտիվիստները, ովքեր հյուրերին ներկայացրեցին տարբեր ոլորտներում իրենց ծավալած գործունեությունը, ինչպես նաեւ տեսակետներ հայտնեցին ԵԺԿ-ին «Ժառանգության» անդամակցության` փոխադարձ շահեկանության վերաբերյալ:   

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ` ս.թ. նոյեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵԺԿ քաղաքական համաժողովին, որի միջոցառումներին մասնակցելու եւ «Ժառանգության»  հայտը ներկայացնելու նպատակով հրավիրված էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, պետք է հաջորդեր փաստահավաք պատվիրակության այցելությունը Հայաստան: ԵԺԿ պատվիրակությունը բաղկացած է ԵԺԿ նախագահության,  միջազգային քարտուղարության անդամներից ու անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից. այն ղեկավարում է ԵԺԿ փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Քորին Ուորթման-Քուլը (Նիդեռլանդներ): Պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների գծով ԵԺԿ քարտուղար Նիկոլա Բրիեկը (Բելգիա) եւ նրա տեղակալ Յուլյա Զալուստկայան (Էստոնիա), Բավարիայի «Սոցիալ-քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների գրասենյակի տնօրեն եւ Հանս Սայդել հիմնադրամի դոկտոր Սյուզան Լյութերը (Գերմանիա), ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության գլխավոր քարտուղար Դենիզ Օհերան (Իռլանդիա), «Քրիստոնեադեմոկրատական կոչ» կուսակցության միջազգային քարտուղար Բրոննե Պոտը (Նիդեռլանդներ), Պորտուգալիայի պետքարտուղար եւ արտաքին գործերի նախարարի խորհրդական եւ միջազգային քարտուղարի տեղակալ Դիոգո Բելֆորդ Հենրիքեն (Պորտուգալիա), «Նոր ժողովրդավարություն» կուսակցության միջազգային քարտուղարի տեղակալ Մարիա Վարվարա Զաննին (Հունաստան), Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Ծերեթելին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, Իսպանիայի «Ժողովրդական կուսակցության» գանձապահ Լորա Իգլեսիասը, Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր Էմիլ Դիմիտրով Գուշտերովը, Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի վարչության անդամ Դավիթ Վրիսենդորփը (Նիդեռլանդներ), Իտալիայի կրթության նախարարության Տնօրենների իտալական դպրոցի պրոֆեսոր Ալֆրեդո Մազոչին, «Կիպրոսի ժողովրդավարական հավաք» կուսակցությունից եւ նախագահի աշխատակազմի տնօրեն Կոնստանիտինոս Պետրիդեսը: 

Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter