
Վանաձորում նախընտարական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են խախտումներ
Գայանե Սարգսյան
Սեպտեմբերի 24-ին մամլո ասուլիս էր հրավիրել թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը: Հենց այս ընտրատարածքի կազմում են Վանաձոր համայնքի թվով 58 ընտրատեղամասերը, որտեղ էլ հոկտեմբերի 2-ին կանցկացվեն համայնքի ավագանու ընտրություններ՝ նոր ընտրակարգով:
Հանդիպմանը հրավիրվել էին նաև ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները: Ներկայացել էին նրանցից 4-ի՝ ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները:
Սեպտեմբերի 22-ին ժամը 18:00-ին լրացել է ավագանու անդամության թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը: Ինքնաբացարկ է հայտնել երեք թեկնածու, երեքն էլ` ՀԱԿ-ից: Նախ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Նիկոլայ Ամիրբեկյանն ու Աշոտ Ռամազյանը: Տ. Պապանյանի խոսքով` ինքնաբացարկի ժամկետը լրանալուց րոպեներ առաջ ինքնաբացարկ է հայտնել նաև ՀԱԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Այվազյանը:
Ներկայումս կուսակցությունների ներկայացրած ցուցակն ունի այս տեսքը.
|
Կուսակցություն |
Թեկնածու |
Որից կին |
% |
անկուսակցական |
% |
1 |
Բարգավաճ Հայաստան |
28 |
7 |
25 |
4 |
14.3 |
2 |
Լուսավոր Հայաստան |
35 |
8 |
22.85 |
10 |
28.57 |
3 |
ՀԱԿ |
30 |
9 |
30 |
5 |
16.66 |
4 |
Համախմբում |
33 |
11 |
33.3 |
4 |
0 |
5 |
Հայկական Վերածնունդ |
70 |
23 |
32.86 |
0 |
0 |
6 |
ՀՀԿ |
68 |
17 |
25 |
16 |
23.53 |
7 |
ՀՅԴ |
38 |
12 |
31.58 |
11 |
28.95 |
8 |
Քաղաքացիական պայմանագիր |
21 |
6 |
28.57 |
0 |
0 |
|
Ընդամենը |
326 |
93 |
28.53 |
52 |
15.95 |
Ընտրության արդյունքում ներկայացված 323 թեկնածուներից կկազմավորվի 33 հոգանոց ավագանու կազմը:
«Առաջին անգամ անց է կացվելու ոչ թե անձի, այլ կուսակցության ընտրություն, որի արդյունքում ձևավորված ավագանին ընտրելու է համայնքի ղեկավար: Խոսակցություններ կան, թե կոնկրետ մարդու են ընտրելու, կոնկրետ տվյալ անձի մոտ են դնելու նշումը, ինչը ճիշտ չէ: Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ նշանը պետք է դնեն ոչ թե կոնկրետ անունների, այլ կուսակցության դիմաց դրված վանդակում»,- նշեց Տ. Պապանյան: Նա լրատվամիջոցներին ու քաղաքական ուժերին խնդրեց մարդկանց բացատրել ճիշտ ընտրակարգը՝ անվավեր քվեաթերթիկների հնարավորինս փոքր թիվ ունենալու համար:
Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ ընտրությունների կարգի մասին բնակիչների տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է, ավելին` «նույնիսկ հանձնաժողովների անդամների մի մասը չգիտի՝ ոնց են անցկացնելու ընտրությունները»:
Հենց սա է պատճառը, որ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանին` առաջարկելով դասընթաց անցկացնել գոնե հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների համար: Առաջարկն ընդուվել է, առաջիկա օրերին կանցկացվի դասընթացը:
Տ. Պապանյանը տեղեկացրեց, որ Վանաձորի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունն ընթացքի մեջ է: Նա ցույց տվեց քվեաթերթիկի նմուշը, որտեղ ներկայացված էին կուսակցություններն ու ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնողների անուն-ազգանունները: Ընդ որում, ի տարբերություն երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնողների, առաջին համարը զբաղեցնողի անուն-ազգանունը նշված էր ավելի մուգ տարբերակով:
«Չեք կարծում, որ ԿԸՀ-ն առաջին համարների համար սահմանելով մգեցված անուն ազգանուն` ուղղորդում է նրան, որ անվավեր թերթիկների թիվն ավելի շատ լինի, քան եթե լիներ նույն տառաձևով նմուշ»,- հանձնաժողովի նախագահին հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Գարիկ Ղուկասյանը:
Հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Երևի հիմք են ընդունվել Երևանի ավագանու ընտրությունները: Իմ կարծիքով` ինչ-որ ձևով պետք է առանձնացվեր, ընդգծվեր առաջին համարը, որ պարզ լիներ՝ տվյալ կուսակցության հաղթելու դեպքում այս մարդն է դառնալու համայնքի ղեկավար»:
Գ. Ղուկասյանը համաձայն չէր: «2013-ին Երևանում սրա հետ կապված բավականին քվեաթերթիկներ անվավեր ճանաչվեցին»,- արձագանքեց նա:
Մեր հարցին՝ հանձնաժողովում որևէ ահազանգ ստացվե՞լ է նախընտրական քարոզարշավի վերաբերյալ, Տ. Պապանյանը պատասխանեց՝ ահազանգեր չեն ստացվել, բայց խախտումներ հանձնաժողովը նկատել է:
«Մենք ինքներս նկատել ենք խախտումներ, կապ ենք հաստատել կուսակցությունների գրասենյակների հետ, վերացնել ենք տվել: Դա կապված է եղել հասարակական տրանսպորտում պլակատներ փակցնելու հետ»:
Ասուլիսին ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդ Գևորգ Քոթանջյանը նշեց, որ թեկնածուների պաստառները փակցված են նաև խանութների, սննդի օբյեկտների պատերին, ինչը ևս օրենքի խախտում է:
«Եթե նման բան կա, գրավոր ներկայացրեք, մենք զբաղվենք»,- առաջարկեց հանձնաժողո վի նախագահը` մատնանշելով այն հանգամանքը, որ թեև քաղաքապետարանը սահմանել է ցուցապաստառները փակցնելու տեղեր, սակայն, ինչպես միշտ, բնակիչները ցանկացած շենքի պատի փակցնում են:
«Անցած անգամ արձանի վրա էլ էին փակցրել: Այդ կուսակցությանը պատիվ չի բերում արձանի կամ ծառի վրա փակցնելը»,- նշեց Տ. Պապանյանը:
Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Հայաստանի մի շարք համայնքներում, որի ընթացքում եղան դժգոհություններ տեղամասերում խոշարացույցների բացակայության առնչությամբ: Տ. Պապանյանը վստահեցրեց՝ Վանաձորում խոշորացույցների պակաս երբևէ չի եղել ու չի լինի:
Փոխարենը ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս Վանաձորի ընտրական տեղամասերի մի մասում հաշմանդամություն ունեցող անձինք տեղաշարժման խնդիրներ կունենան: Տ. Պապանյանը վստահ է՝ ընտրական իրավունքն իրացնելու հարցում նրանց կօգնի տեղամասի հանձնաժողովի նախագահը՝ դիտորդների ու վստահված անձանց ներկայությամբ:
Հետքը խախտումների հետ կապված հարց ուղղեց նաև ներկա կուսակցությունների ներկայացուցիչներին:
ՀԱԿ-ը ներկայացնող Արշավիր Ղուկասյանը, որը նաև ՏԻՄ ոլորտի փորձագետ է, նշեց, որ խախտում որպես այդպիսին չի նկատել, բայց լավ կլիներ, որ ՀՀԿ-ի կողմից նախընտրական քարոզարշավի բոլոր օրերին քաղաքի գլխավոր հրապարակները զբաղեցնելու հարցն ի սկզբանե կարգավորվեր, «որպեսզի օրերը հավասարաչափ բաշխվեին»:
«Ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում… Համենայն դեպս, մարդկայնորեն միջամտեցինք, խոսեցինք շտաբի հետ, այդ հարցը կարգավորեցինք»,- պատասխանեց Տ. Պապանյանը:
Մեկնաբանել