
Առինջում ներհամայնքային ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրի հարցը լուծված չէ
Կոտայքի մարզի Առինջ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է միայն գործող համայնքի ղեկավարը՝ Գագիկ Սարգսյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2002թ.-ից: Սկզբնական շրջանում նաեւ ինքնաառաջադրվել, ապա ինքնաբացարկ էր հայտարարել գործող համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մեսրոպյանը:
5715 բնակչություն ունեցող Կոտայքի մարզի Առինջ գյուղի ավագանու համար առաջադրվել է 12 անձ, որոնց թվում կան նաեւ գործող ավագանու անդամներ:
Ավագանու թեկնածու Լաուրա Միրզոյանի ասելով՝ նախընտրական քարոզարշավն ընթանում է իր բնականոն հունով: «Բուկլետներ եւ պաստառներ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այդքան չենք օգտագործում, քանի որ մերը փոքր գյուղ է, բոլորը ճանաչում են, դրանց անհրաժեշտությունը չկան»,- ասաց նա:
Առինջ համայնքի խնդիրների մասին խոսելիս Լ. Միրզոյանն ասաց, որ առաջնահերթ լուծում պահանջող հարցերից են ներհամայնքային ճանապարհները եւ ոռոգման ջուրը: Համայնքի բյուջեն Լ. Միրզոյանը բավարար է համարում առկա խնդիրները լուծելու համար. «Մարդիկ հարկերը պարտաճանաչ վճարում են եւ, եթե կողքից էլ օգնություն լինում է, արդեն պարզ է, որ կարողանում ենք գյուղի հարցերը լուծել»:
Գործող համայնքապետի՝ Գագիկ Սարգսյանի առաջադրման պատճառն, ըստ Լ. Միրզոյանի, նրա կատարած աշխատանքն է, իր հնարավորության սահմաններում գյուղացիներին օգտակար լինելը: «Գործող գյուղապետի աշխատանքներից գյուղը գոհ է ու հարկ չկա փոխելու: Ինձ թվում է, որ բողոքողներ չպետք է լինեն Առինջում, երեւի հենց դրանից էլ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն ինքն է»:
Գյուղի նախկին բնակիչ Հայկ Սուքիասյանի խոսքով` գյուղի որոշ թաղամասերում ամռան ամիսներին համարյա խմելու ջուր չի լինում: Հ. Սուքիասյանը տարվա որոշակի ժամանակահատված անցկացնում է Առինջում: Գյուղի խնդիրների լուծման վերաբերյալ ասաց, որ բնակչությունը երբեք հույսը չի կորցնում, որ դրանք կլուծվեն:
Մենք փորձեցինք կապ հաստատել Առինջի համայնքապետ Գագիկ Սարգսյանի հետ` մեզ հետաքրքրող հարցերի պատասխանն ստանալու համար, սակայն ապարդյուն:
Լուսանկարը՝ https://hy.wikipedia.org-ի
Ազնիվ Սիրադեղյան
Մեկնաբանել