
Միքայել Մանուկյան. «Արմեն Լամբարյանը պատրաստ է վիրահատության»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին այսօր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Լամբարյանի առողջական վիճակը լավ է, արդեն ավարտվել են հետազոտությունները և պատրաստ է վիրահատության։ Ամենայն հավանականությամբ, վիրահատությունը կկայանա վաղը և կվիրահատեն նրա ձախ ազդրոսկրի կոտրվածքը, կտեղադրվի մետաղական հարթակ։
«Սպասում էինք Լամբարյանի ոտքի վերքերը հանգստանային, որպեսզի վիրահատությունը մաքսիմալ անվտանգ կայանար։ Ցանկացած մետաղ տեղադրելու վիրահատություն պարունակում է որոշ բարդություններ, վտանգներ, և որպեսզի այդ վտանգները մաքսիմալ նվազեցնեինք, ընտրել էինք նման փուլային բուժման տակտիկա։ Մեր բժիշկները պարբերաբար այցելել են նրան, նրա բուժումը անձամբ իմ հսկողությամբ է կայացել»,-նշում է տնօրենը։
Մանուկյանի դիտարկմամբ՝ վիրահատությունից օրեր անց Լամբարյանը կսկսի աստիճանաբար քայլել, սակայն լիարժեք քայլեր կատարելու համար դեռևս ժամանակ է անրաժեշտ։ Տնօրենը Լամբարյանի վիրահատությունը համեմատում է Պավլիկ Մանուկյանի վիրահատության հետ և շեշտում է՝ Մանուկյանը արդեն հենակներով քայլում է, այնպես որ Լամբարյանի ապաքինումն էլ արագ կկատարվի։
Մեկնաբանել