HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանին սահմանակից Պաղաղբյուրն օր-օրի դատարկվում է

Գայանե Սարգսյան

Տաշիրի տարածաշրջանի Պաղաղբյուր համայնքը գտնելու համար տաքսու վարորդը գործի է դնում բոլոր ջանքերը: Հարևանությամբ գտնվող Մեծավանից Պաղաբյուր ճանապարհին մշտական բջջային կապ չկա, կարճ ժամանակ անց բջջայինն ուղղակի հայտնվում է ռոումինգ ծառայության հարթակում: Անծայրածիր դաշտավայրի հորիզոնում Պաղաբյուրը տևական ժամանակ չի երևում: Ստիպված ենք լինում դաշտամիջյան տրորված խոտի վրայով առաջ ընթանալ: Շուրջ մեկ ժամ անց երևում է սահմանակից զինվորական ուղեկալը, ավելի ուշ՝ կղմինդրե տանիքով մի քանի տներ: Պաղաղբյուրն է…

Պաղաղբյուրը կամ որ նույնն է՝ նախկինում ադրբեջանաբնակ Սոյուղբուլաղը, հայերով բնակեցվել է 1991թ.-ին՝ հայ-ադրբեջանական բախումներից հետո: Գյուղի դատարկված տների անվճար տրամադրման առաջարկը գրավել էր շատերին ու Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի բազմաթիվ հայեր եկել ու ապաստանել են հենց այստեղ:

Հերիքնազ Մելքոնյանի ընտանիքն այստեղ է տեղափոխվել 1992թ.-ին Երևանից:

«Ախպերս էր եկել էստեղ, տեսել, եկավ թե՝ քուր ջան, էնքան տուն կա, գնա, որը կուզես, վերցրա: Մենք 5 տեգորկնիկ էինք երկու սենյակի մեջ, ես տան խաթեր եմ եկել ստեղ: Ասինք՝ գնանք էնտեղ, անասուն բան կառնենք կպահենք, կապրենք: Ես շատ եմ հավանել ստեղ»,- ասում է Հերիքնազը, միաժամանակ դժգոհելով՝  հատկապես վերջին տարիներին շատ դժվարությունների են հանդիպում: Դրանք հիմնականում պայմանավորված են գյուղ տանող ճանապարհի բացակայությամբ: Ձմռանը, երբ գյուղի ճանապարհներն օրերով, երբեմն էլ շաբաթներով փակվում են, գյուղի ծայրամասում բնակվող Մելքոնյանների ընտանիքը հայտնվում է բլոկադայի մեջ:

«Էստեղ ենք ապրում, էս սարի տակը, որ փակվավ ճանապարհները, ներքև էլ չենք կարում իջնենք: Անտանելի դրություն ա: Ասենք թե երեխեն հիվանդացով, ո՞նց պիտի հասցնենք, տրանսպորտ էլ չկա…»,- ասում է երեք թոռնիկների տատիկը:

Ճանապարհի պատճառով գյուղի հղիները ծննդատուն հասնելու համար ստիպված են լինում մի քանի ժամ դիմանալ դաշտերի ճանապարհներին ու պատեպատ խփվել գյուղի հատուկենտ մեքենաների սրահներում: Ու եթե ամռան ամիսներին ժամանակավորապես Պաղաղբյուր տեղափոխված անասնապահների շնորհիվ գյուղում կարելի է տրանսպորտային միջոցների հանդիպել, ապա ձմռան ամիսներին գյուղն ունենում է 1-2 մեքենա կամ դա էլ չի լինում:

«Ձմռանը, հատկապես բուքի ժամանակ, ճամփեն փակվում ա, դժվարանում ա գնալ-գալը: Ավտոն ջարդում ենք, բայց փորձում ենք գյուղացիներին օգնենք,- ասում է մեքենայի տերերից մեկը՝ Վարդան Վարդանյանն ու հիշում վերջին «ահազանգը»,-հենա մի քանի օր առաջ գիշերով զանգել էին, թե ծնունդ կա, ավտոս կիսասարքած հելել, գնացել եմ, որ հասցնեմ, խնդիրներ չլնի»: Բարեբախտաբար, Վարդանին հաջողվել է ծննդկանին բարեհաջող հասցնել ծննդատուն:

Չնայած բժշկության օր-օրի գրանցվող զարգացման տենդենցներին, Պաղաղբյուրում  կանայք երբեմն ստիպված են լինում ծննդաբերել տնային պայմաններում:

«Շատ ա պատահել՝ ծնունդը ստեղ, տեղում ա եղել, օրինակ, իմ հետ պատահել ա. մեքենա չկար, որ տանեին, հենց տան մեջ մեկը կար, որ ընդունել ա ծնունդը, հետո երրորդ օրը եկել ա շտապօգնության մեքենան, գրանցել»,- հիշում է Ռուզան Կլոյանը:

Վերջինս ասում է, որ կախված ահազանգի բնույթից, շտապօգնության մեքենան հաճախ գյուղ էլ չի գալիս: Սեփական օրինակով գիտի:

«Անցած տարի շատ վատ եմ եղել, տեղաշորով պառկած եմ եղել, կանչել եմ շտապօգնություն, չի եկել: Պատասխան է տվել ինձ, որ ես մենակ ինֆարկտի դեպքում կարամ գամ Պաղաղբյուր, ու ես տունը մնացել եմ, ինքս ինձ սրսկումներով օգնություն եմ ցույց տվել»,-պատմում է կինը:

«Եթե մեկի կույր աղիքը ցավա կամ տրաքի այսօր, մինչև հասցնեն՝ կմահանա: Ոչ ճանապարհ կա, ոչ ավտոբուս կա… Վայրենու կյանքով ապրում ենք, որպեզի գոյատևենք, որպեսզի ընտանիք պահենք»,- դժգոհում է 60-ամյա Նորիկ Մաղաքյանը, ում ընտանիքը Պաղաղբյուրում բնակվում է 1998թ.-ից:

Պաղաղբյուրցիները հիշում են՝ տարիներ առաջ գյուղն ունեցել է  դպրոց, խանութ, մշակույթի տուն, համայնքային ավտոբուս: Տարիների ընթացքում, սակայն, համայնքային տրանսպորտը դադարել է գործել, խանութը փակվել է, 2015-2016 ուսումնական տարում փակվեց նաև գյուղի դպրոցը՝ միանալով Մեծավանի թիվ 2 դպրոցին:

Ինչ վերաբերում է ճանապարհին, գյուղացիներն ասում են, որ հայերով բնակացվելուց հետո, այն է՝ վերջին 25 տարիներին Պաղաղբյուր տանող ճանապարհը երբևէ չի բարեկարգվել:

Այս ամենի արդյունքում 2000թ.-ին գյուղում բնակվող 200 բնակչի փոխարեն այժմ այստեղ հիմնական բնակվում է 13 ընտանիք: Ամռան ամիսներին ժամանավորապես Պաղաղբյուր է տեղափոխվում անասնապահությամբ զբաղվող մի քանի ընտանիք ևս:

Պաղաղբյուրի ալպիական մարգագետիներում աճող բուսատեսակներն ապահովում են տարածաշրջանի լավագույն կաթը. վստահեցնում են գյուղացիները: Հենց լավագույն կաթը մթերելու ակնկալիքով են կաթ մթերողներն անտեսում ճանապարհների անմխիթար լինելն ու օրական երկու անգամ գալիս հասնում Պաղաղբյուր: Փոխարենը հենց նույն ճանապարհների պատճառով կաթի 1 լիտրն այստեղ արժե 100 դրամ՝ հարակից գյուղերի 120-ի փոխարեն:

Օր օրի փոքրացող գյուղի ապագան պաղաղբյուրցիների համար անորոշ է, երբեմն նույնիսկ մռայլ:

«Քանդվող գյուղ ա, ապագա չունի էս գյուղը,- ասում է Ն. Մաղաքյանն ու ցույց տալիս հարևան Վրաստանի սահմանակից գյուղը, որտեղ բնակվում են ոչ միայն վրացիներ, այլև ադրբեջանցիներ,- հենա, ադրբեջանական գյուղ ա, նա չի դատարկվում, ո՞նց ա մերը դատարկվում ա: Նրանց խոտհարքերն ու արտովայրերը նայեք, դատարկ ա, բան չկա, որ անասունն ուտի, իսկ մերը հարստություն ա ու դատարկվում ա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter