HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

2012 թ-ի փետրվարին Գյումրիում կբացվի Մարդու իրավունքների պաշտպանի տեղական գրասենյակը

Դատական, սոցիալական, առողջապահական, անօթեւանության եւ մի շարք այլ բնագավառներում քաղաքացիների խախտված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ խորհրդատվություն անցկացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Կարենն Անդրասյանն ու գրասենյակի մի շարք իրավաբաններ այսօր Գյումրիում էին: Նրանք հանդիպեցին բնակիչների եւ քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

Մարզերում սոցիալական ոլորտում գրանցված խախտումներն են շատ, ներկայացրեցին հանդիպման մասնակիցները: Բավական լուրջ խնդիր է զորակոչային տարիքի պատանիների բուժզննությունը, երբ բժշկական հանձնաժողովի տված եզրակացությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրական պատկերին: Խորհրդատվության եկած քաղաքացիներին հնարավորություն տրվեց իրենց հետաքրքրող քաղաքացիական և քրեական հարցերը ներկայացնել ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչներին:

Գյումրեցի ազատամարտիկ 42-ամյա Սամվել Միքայելյանին զրկել էին հաշմանդամության համար նշանակած թոշակից` պատճառաբանելով, թե կոնտուզիայի համար 2005թ-ին տրված բժշկական եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը: 

Ս. Միքայելյանը տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ, ինքը տարբեր ատյաններ բողոքել է, բայց արդյունքի չի հասել: Լսելով, որ ՄԻՊ-ի գրասենյակն աշխատակազմով Գյումրիում է, շտապել է գալ եւ խնդիրը ներկայացնել:

«Թե կկրնանան հըմի օգնեն, ավելի լավ, իմանամ դիմում գրեմ պաշտպանի անունով, թե չպիտի կրնանան օգնե, գոնե մե խորհուրդմ տան»,-իրավաբանի հետ հանդիպումից իր ակնկալիքը  փոխանցեց ազատամարտիկը: Իրավաբանի հետ հանդիպման ժամանակ Սամվել Միքայելյանը տեղեկացրեց, որ 9 ամիս է ինքը թոշակ չի ստանում, եւ այդքան ժամանակ էլ գործը քննող քննիչից որեւէ տեղեկատվություն չեն կարողանում ստանալ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների վերականգնման բաժնի պետ  Մանուշ Միրզոյանն ազատամարտիկին խորհուրդ տվեց առայժմ սպասել, եթե առաջիկայում էլ խնդիրը որեւէ կերպ չլուծվի, ապա Սամվելը կարող է դիմում ուղարկել օմբուդսմենի անունով:

Հաջորդ քաղաքացուն իրավունքների վերականգման բաժնի պետը տեղեկացրեց, որ մանկավարժների թոշակավորման ընթացքում աշխատանքային տարիների ոչ լիարժեք հաշվարկի հետեւանքով թոշակավորման խնդիրների հետ կապված իրենք ունեն բազմաթիվ դիմումներ եւ խորհուրդ տվեց Սիլվա Մինասյանին, որ մեկ դիմում էլ ինքը ուղղի Կարեն Անդրասյանի անունով` կփորձեն օգնել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի ղեկավարը հասցրել էր 5 ժամվա ընթացքում լսել 8 քաղաքացու եւ տալ խորհրդատվություն: Շատերն աշխատում էին անմիջական հանդիպում ունենալ հենց օմբուդսմենի հետ: Այս հանգամանքը կուտակում էր առաջացրել այն սենյակի մոտ, որտեղ աշխատում էր Կարեն Անդրեասյանը:

Վերջինս ստիպված էր դուրս գալ եւ հայտարարել, որ բնակիչների խնդիրները թե ինքը, թե գրասենյակի մյուս աշխատակիցներն այս պահին լսում են, գրանցում ու տալիս խորհուրդներ: Որեւէ մեկի խնդիրն, իր հետ հանդիպելով, անմիջական լուծում չի կարող ստանալ: Ու որպեսզի մարդիկ երկար չսպասեն, խորհուրդ տվեց դիմել գրասենյակի իրավաբաններին:

Մարդու իրավունքների պաշտպանը խոստովանեց, որ մարզային այցելությունները ուշացած են, քանզի կան շատ կուտակված խնդիրներ, որոնք այդպես էլ իրեն չեն հասել, բայց ինքն էլ իր հերթին այս այցերի հնարավորությունը չի ունեցել:

2012 թ-ի փետրվարին Գյումրիում կբացվի Մարդու իրավունքների պաշտպանի տեղական գրասենյակ, որն առավել կսերտացնի բնակչության կապը օմբուդսմենի հետ:

Մեկնաբանություններ (1)

mariam
kareli e chshtel gyumrium gorcox grasenyaki hascen?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter