HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոբարձիում մրցակցում են նախկին գյուղապետը, գործող գյուղապետի տեղակալն ու գյուղապետարանի հաշվապահի որդին

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձի համայնքում հոկտեմբերի 2-ին կանցկացվեն համայնքապետի ու ավագանու ընտրություններ: Գործող համայնքապետ Մարտուն Միրզոյանն այս ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրել: 2008 թվականից պաշտոնավարող 76-ամյա համայնքապետն ասում է, որ առողջական խնդիրների պատճառով այլևս չի ցանկանում աշխատել այդ պաշտոնում:

Համայնքապետի պաշտոնի համար այս ընտրություններին մրցակցում է երեք թեկնածու. համայնքապետի տեղակալ, անկուսակցական Գագիկ Ղարաջյանը, գյուղապետարանի հաշվապահի որդին՝ անկուսակցական, 33-ամյա Ռուսլան Ղարաջյանը և նախկինում որպես գյուղապետ աշխատած Մուրադ Ղարաջյանը:

Շուրջ 25 տարի համայնքապետարանում աշխատած Գ. Ղարաջյանն ասում է, որ առաջադրվելու որոշումը կայացրել է ներկա գյուղապետի կողմից չառաջադրվելու լուրն իմանալուց հետո միայն:

«Մինչև էսօր չեմ դրել թեկնածությունս, որովհետև որ գյուղապետի հետ աշխատել եմ, աշխատելու ընթացքում իրանք էլի ցանկացել են դնել, ես էլ ոչ մի անգամ խոչընդոտ չեմ առաջացրել: Բայց էս անգամ որ էս գյուղապետն էլ չի դնում իր կամքով, իմ մոտ միտք առաջացավ դնելու»,- ասում է թեկնածուն:

Վերջինս վստահ է՝ ընտրվելու դեպքում երկար տարիների աշխատանքային փորձն ու գիտելիքները թույլ կտան կյանքի կոչել մինչ այժմ չիրականացված ծրագրերը:

«Փողոցային լուսավորությունը շատ քիչ ա, առաջին հերթին ուզում եմ ավելացնեմ լուսավորված փողոցների թիվը: Միջհամայնքային ճանապարհներին ուշադրություն դարձնեմ և ամենակարևորը՝ խորհրդային կարգերի փլուզումից հետո դաշտամիջյան ճանապարհների համար ոչինչ չի կատարվել մինչ օրս: Դա է իմ ուշադրության կենտրոնում: Բարեկարգման կարիք ունի հուշարձանի տարածքը, գյուղապետարանի տարածքում որոշ բաներ կա անելու, որ պետք է արվի», - նախընտրական ծրագիրն է ներկայացնում Գ. Ղարաջյանը:

Թեկնածուն առաջիկա ընտրություններից մեծ ակնկալիքներ ունի, հույս ունի՝ «ժողովուրդը հաշվի կառնի ով ինչ ճանապարհ է անցել, ով ինչ հնարավորություններ ունի»:  

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Ռուսլան Միրզոյանը հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու, պատասխանում է. «Ես չեմ որոշել, գյուղացիք են որոշել: Գյուղացիք ինձ ասել են՝ քեզ հարմար գործ ա, դու կարաս գյուղի համար լավ բաներ անես, ես էլ դրել եմ»:

Նախընտրական քարոզարշավ իրականացնելու հետ կապված հարցին թեկնածուն պատասխանում է՝ պարապ որ ըլնում ենք, անում ենք:

Գյուղացիներին, սակայն, նախընտրական խոստումներ չի տալիս: Գյուղացիներն էլ հետագա անելիքների հետ կապված «ավելորդ» հարցեր չեն տալիս:

«Ինչքան լավ բան հնարավոր ըլնի, պիտի անենք: Սաղ գյուղն էլ գիտի, որ ես ինչ եմ կարում անեմ ու ինչքան բարի մարդ եմ: Թե չէ մնացած ծրագրերը էսօր ինչ էլ ասում են, սուտ ա, դրա համար ես ժողովրդին չեմ խաբում: Հիմի որ ես ուրիշների պես ասեմ գյուղի համար ակումբ եմ սարքելու, աերոպորտ եմ սարքելու, բան, դա ես սուտ եմ ասելու: Մարդիկ գիտեն, որ ես կամեցող տղա եմ, իմ ձեռքից ինչ գալիս ա, մինչև գյուղապետ դառնալն արել եմ ու պիտի անեմ: Մարդիկ էլ ինձ հարցեր  չեն տալիս: Գիտեն,  ես ինչ կարամ անեմ»:

Գյուղի հրատապ լուծում պահանջող հարցերի թվում Ռ. Միրզոյանն առանձնացնում է գյուղ տանող ճանապարհի նորոգման ու ակումբի բացակայության հարցն ու անմիջապես վրա բերում.

«Ես հիմի չեմ կարա ասեմ դա կըլնի, թե չէ, բայց պիտի աշխատենք ըլնի»:

Համայնքապետի երրորդ թեկնածուի՝ Մ. Ղարաջյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել: Նրա հեռախոսահամարը չկար նույնիսկ թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում:

Ավագանու անդամության ընտրապայքարին Հոբարձիում մասնակցում է 9 թեկնածու: Նրանցից երկուսը ներկայիս ավագանու անդամներ են: Հատկանշական է, որ առաջադրված բոլոր թեկնածուները արական սեռի ներկայացուցիչներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter