Ստեղծվել է օմբուդմենին առընթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ
Ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ: Այս մասին հայտնում է օմբուդսմենի աշխատակազմը:
Խորհուրդը կազմված է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների փորձառու ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան, բժիշկ եւ այլն):
«Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով այն, որ պաշտպանը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Դրանից բացի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս պաշտպանին պատվիրակելու որոշակի ծավալով լիազորություններ փորձագիտական խորհրդի անդամներին:
Խորհրդի նպատակն է աջակցել պաշտպանին վեր հանելու ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ օրենսդրական համապատասխան ակտերի հետ համադրված վերլուծությունների հիման վրա: Խորհրդի հիմնական գործառույթն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգն է, որը պետք է իրականացվի այդ վայրեր պարբերական այցերի միջոցով»,- գրված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել