HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Զրպարտե՞լ է «Ժամանակը», թե՞ ոչ. «Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ օրաթերթի գործով վկաներ են հարցաքննվում

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի (հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ) դատական նիստը:

Որպես պատասխանող ներգրավված վիճարկվող հոդվածի հեղինակ Արման Գալոյանը իր ելույթում հայտնեց, որ Գյումրիի խնդիրներին նա միշտ հետամուտ է եղել, և «Գլենդել Հիլզ»-ի այս պատմությանը տեղեկացել է այլ լրատվամիջոցից: Արման Գալոյանը նաև հայտնեց, որ իր հոդվածում հայտնել է իր դատողական գնահատականը պատահածի վերաբերյալ: Իսկ հազար դոլարի վերաբերյալ Գալոյանը նշեց, որ այդ ամենի մասին տեղեկացել է բնակիչներից, որոնք իրենց բողոքն են արտահայտել: Եվ բոլոր տեղեկությունները, որոնք տեղ են գտել իր հոդվածում, բնակիչներն են հայտնել:

Հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանի հարցին, թե որպես լրագրող ի՞նչ գործողություններ է կատարել, Ա.Գալոյանը պատասխանեց, որ անձամբ այցելել է տվյալ տարածք, մարդկանց հետ զրուցել է, գրառումներ կատարել, ձայնագրություններ արել, սակայն ձայնագրությունները չեն պահպանված, որովհետև մեկ տարուց ավել ժամանակ է անցել:

Հայցվորի հերթական հարցին, թե նա հարցազրույց վերցրե՞լ է Անժիկ Միքայելյանից, ում տանն է գաջը թափվել, արե՞լ է  արդյոք ձայնագրություններ, Գալոյանը պատասխանեց, որ ձայնագրություն եղել է, սակայն չի պահպանվել: Լրագրողն ավելացրեց, որ դա եղել է օգոստոսին, իսկ իրենք բուն հայցի մասին տեղեկացել են հունվարին:

Ա.Սարդարյանը դատարանին տեղեկացրեց, որ մինչև դատարան դիմելը «Գլենդել Հիլզ» ընկերությունը հերքում է ներկայացրել պատասխանողին` զրպարտություն հադիսացող փաստական հանգամանքները հերքելու պահանջով և տեղեկացրել է, որ հակառակ դեպքում հայցվորը կդիմի դատարան: Հերքումը պատասխանողը պետք է ստանար մեկշաբաթյա ժամկետում:

Հայցվորը նշեց, որ հոդվածում առկա է այն տեղկատվությունը, որ «Գլենդել Հիլզ»-ը բնակիչներին առաջարկել է 1000 դոլար, որպեսզի չհայտնեն լրատվամիջոցներին կատարվածի մասին, ըստ այդմ` փաստաբանը հարցն ուղղեց Գալոյանին, թե ո՞ր բնակիչներն են դա ասել: Գալոյանը պատասխանեց, որ անուն-ազգանունը չգիտի և չի կարող ասել:

Հերթական հարցին, թե լրագրողը մինչև հոդվածի հրապարակումը  դիմե՞լ է «Գլենդել Հիլզ»-ին, Գալոյանը պատասխանեց, որ չի դիմել:

Ա.Սարդարյանը հայտնեց իր տեսակետն առ այն, որ լրագրողը ոչ թե գնահատող կարծիք է հրապարակել կամ իր վերաբերմունքը փաստի վերաբերյալ, այլև փաստական տվյալներ է հայտնել` առանց ճշտում կատարելու:

Այն հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել հեղինակը` վերնագրելով նյութը «Հազար դոլար լռության դիմաց», Գալոյանը պատասխանեց, որ վերնագիրը հոդվածի խտացված տարբերակն է:

Հայցվորի այն պնդմանը, որ «Հազար դոլար լռության դիմաց» վերնագրում նկատի է ունեցել, որ առաջարկվել է հազար դոլար, որպեսզի լռեն, Գալոյանը պատասխանեց, որ դա լրագրողական հնարք է, երբ բայը սղված է, և այս դեպքում 1000 դոլարը նշելը ժողովուրդի աչքը գրավելու համար է արվում:

Պատասխանողի ներկայացուցիչ Ն.Բաղդասարյանի հարցին, թե ինքնափլուզում բառն օգտագործելով` արդյոք լրագրողը դա որպես դատողությու՞ն է ներկայացրել, թե՞ որպես փաստ, Գալոյանը պատասխանեց, որ դա իր գնահատողական դատողությունն է եղել, քանի որ կարծում է, որ առանց որևէ մեկի միջամտության որևէ բան առաստաղից չի կարող ընկնել:

Ն.Բաղդասարյանի հարցին, թե դատարանը կարող է հաստատված համարել, որ դա ձեր կարծիքն է, Գալոյանը պատասխանեց` «այո» և ավելացրեց, որ ոչ  միայն ինքն է գրել «ինքնափլուզում» բառը, այլ նաև մի շարք լրատվամիջոցներ:

Փաստաբանի մյուս հարցին, թե լրագրողը չի՞  կարծում, որ «Գլենդել Հիլզ»-ին դիմելը իր պարտականությունն է եղել, Գալոյանը պատասխանեց, որ «Գլենդել Հիլզ»-ը հաղորագրություն է տարածել դեպքից անմիջապես հետո, և ինքը պարտավոր էր դիմել հայցվորին, եթե հաղորդագրությունը չլիներ:

Բաղդասարյանի հարցին, թե կա՞ արդյոք իր հոդվածում վիրավորական կամ զրպարտչական բնույթի արտահայտություն, Գալոյանը պատասխանեց, որ չկա, քանի որ ինքը չէր վտանգի այն լրատվամիջոցին, որում աշխատում էր:

Դատավորը խնդրեց, որպեսզի լրագրողը պարզաբանի, թե ի՞նչ է նկատի ունեցել` ասելով «…առաջարկել է հազար դոլար, ինչպես նաև վերանորոգել…», արդյոք առաջարկել է  հազար դոլար և վերանորոգել, թե՞ հազար դոլար վերանորոգելու համար: Գալոյանը պատասխանեց, որ բնակիչների կողմից այդպիսի տեղեկություն է ստացել և հրապարակել է միայն բնակիչներից ստացած տեղեկատվությունը:

Որպես վկա ներգրավված Մուրադ Գրիգորյանն իր ցուցմունքում հայտնեց, որ Գալոյանի վաղեմի ընկերն է և նրա հետ միասին եղել է «Գլենդել Հիլզ» թաղամասում:

Դատավորի հարցին, թե արդյոք անձամբ տեղյա՞կ է եղել, որ տեղի է ունեցել ինքնափլուզում և արդյոք բնակիչներից լսե՞լ է երկու առաջարկություն` իրենց տարածքը վերանորոգելու մասին, որ բնակիչը խնդրի առաջ է կանգնել, և այն, որ «Գլենդել Հիլզ»-ը 1000 դոլար է առաջարկել բնակիչներին: Մ.Գրիգորյանը պատասխանեց, որ ներկա է եղել, ականատես է եղել բնակիչների բողոքներին:

Դատավորի հարցին, թե արդյոք բողոքողները եզակի մարդիկ են եղե՞լ, Մ.Գրիգորյանը պատասխանեց, որ «եղել է համատարած ամբողջություն, տարածքը կոմպակտ է, և այնտեղ էին հավաքվել տարածքի բնակիչները»: Վկան նաև ավելացրեց, որ վերջերս նորից դեպք է գրանցվել նույն շենքում, և լրագրողները դա լուսաբանել են որպես ինքնափլուզում:

«Գլենդել Հիլզ»-ի ներկայացուցչի հարցին, թե արդյոք անձամբ տեսե՞լ է, լսե՞լ է, որ «Գլենդել Հիլզ»-ը գումար է առաջարկել Անժիկ Միքայելյանին կամ բնակիչներից մեկին, որպեսզի չհայտնեն լրագրողներին, Գրիգորյանը պատասխանեց, որ անձամբ ներկա է եղել, տեսել է լրագրեղների հարց ու պատասխանը, բայց խոսակցությունը չի լսել, քանի որ որոշակի հեռավորության վրա է գտնվել:

Փաստաբան Բաղդասարյանը հայտնեց, որ ևս երկու վկա պետք է հարցաքննվեր, բայց նրանք չեն ներկայացել, դրա համար պնդեց իր միջնորդությունը, որ մյուս վկաներն էլ հրավիրվեն դատարան:

Չնայած հայցվորի առարկությանը, որ վկաները դատակոչվեն, դատարանը բավարարեց պատասխանողի միջնորդությունը և հերթական նիստի օր նշանակեց դեկտեմբերի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter