HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծաղկունքի համայնքապետը քեֆերով ու Ձմեռ պապերով է գյուղական խնդիրները կոծկում

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կանանց հիմնական դժգոհությունը մեջքի ցավերն են: Պատճառը տարվա 12 ամիսներին դույլերով խմելաջուր տեղափոխելն է: Գրեթե յուրաքանչյուր տան բակում արտեզյան հոր կա, որի ջուրն օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակով, իսկ խմելաջուր բերում են գյուղի տարածքում գտնվող 6 աղբյուրներից: Այն կանանց բախտն է բերել, որոնց տանը ավտոմեքենա կա: Ծաղկունք գյուղի 329 տնտեսություներից բակում խմելաջուր ունեն 70-ը: Համայնքապետարանում ասում են, որ խմելաջրի հարցը լուծելու համար լուրջ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ:

Խմելաջուրը Ծաղկունքի միակ խնդիրը չէ, որը դժգոհություն է հարուցում բնակիչների մոտ: Գյուղը ոչ դպրոց ունի, ոչ մանկապարտեզ: Ծաղկունիքի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Վարդան Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղը դպրոց չունի դեռեւս 1967թվականից: Այդ տարվանից իրենց եւ հարեւան Հովտամեջ գյուղի աշակերտները հաճախել են Ծիածան գյուղի դպրոց: Արդեն երկու տարի է Հովտամեջում նոր դպրոց է կառուցվել, իսկ ծաղկունքցի մոտ 100 աշակերտ ամեն օր ոտքով ճամփա է ընկնում հարեւան գյուղեր: Մոտ 30 աշակերտ էլ հանրակրթություն ստանում է Էջմիածին քաղաքի դպրոցներում, քանի որ Ծիածանն ու Էջմիածինը գրեթե նույն հեռավորությունն ունեն:

Հատկապես ցածր դասարանցիների համար ոչ միայն փորձություն է ամեն օր մեկ կիլոմետր ճանապարհ կտրելը, այլեւ երկու գյուղերն իրար միացնող կամուրջն անցնելը: Ինչպես Ծաղկունքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նինա Թադեւոսյանը հայտնեց, կամուրջի երկու կողմերի բազրիքները տարիների ընթացքում քայքայվել ու կոտրվել են եւ շատ հնարավոր է երեխաներն ընկնեն Քասախ գետը: Համայնքապետարանը խնդրի մասին տեղյակ է պահել մարզպետարանին ու կառավարությանը: Խոստացել են խնդրին լուծում տալ, սակայն դեռեւս ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի կատարվել: ««Զիլ» ավտոմեքենան, որ կամուրջի վրայով անցնում է, կամուրջների բազրիքները շարժվում են, այնքան որ քայքայված են»,- ասում է Նինա Թադեւոսյանը:

Ավերված վիճակում է անգամ գյուղի 1892 թ. կառուցված եկեղեցին: Տանիքը գրեթե ամբողջությամբ քանդվել է եւ գյուղացիները մոմը վառում են պահպանված ծածկի մի հատվածում: Հատկապես տեղումներից հետո եկեղեցու ճաքերը խորանում են, ինչը վտանգավոր է դառնում փողոցի անցորդների համար, քանի որ ամեն պահի կարող է այն փլվել:

Այս ամենը ֆինանսական ներդրումներ է պահանջում, իսկ համայնքապետարանից հավաստիացնում են, թե գումար չունեն: Դարձյալ գումարի բացակայությունն է պատճառը, որ չեն կարողանում մանկապարտեզ կառուցել: Վարդան Կարապետյանն ասում է, թե հաշվարկներ արել են` 25-30 մլն դրամ է անհրաժեշտ նոր մանկապարտեզ կառուցելու համար: Քանի որ համայնքապետարանը գումարներ չունի, ուստի ապավինում են հովանավորների օգնությանը, սակայն մինչ օրս բաղձալի բարերարին չեն հանդիպել:

Ծաղկունքի համայնքային բյուջեն 10 մլն 867 հազ դրամ է, 11 մլն 114 հազ. դրամն էլ դոտացիան է: Իհարկե, այս բյուջեով շատ բան հնարավոր չէ անել, սակայն գոնե կամուրջի բազրիքների ամրացման աշխատանքներ կարելի էր կատարել, որպեսզի երեխաներն ապահով հատեն կամուրջը: Մինչդեռ համայնքապետարանը որոշել է այլ «բարիքներով» սիրաշահել ծաղկունքցիներին:

Օրինակ` այս տարվա ավագանու հուլիսի 27-ի թիվ 4 որոշումով 400 հազ դրամ է հատկացվել գյուղի տարեցների հանգիստը կազմակերպելուն: Որոշմանը կից չկա ոչ մի հավելված, որից պարզ դառնա, թե քանի մարդ է այդ գումարի շրջանակներում հանգստացել: Համայնքապետարանից պարզաբանեցին, որ մոտ 60 մարդ  օգոստոսին մեկ օրով մեկնել է Սեւան:

Այս գյուղում չեն մոռանում նույնիսկ երեխաներին: Ծաղկունքում ջանք չեն խնայում համայնքի բյուջեի միջոցներով մեծ ու փոքրին խնջույքներով ու Ձմեռ պապիկներով ուրախացնելու համար: Համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Վարդան Կարապետյանի ասելով, անցյալ տարի գյուղի մինչեւ 10 տարեկան երեխաներին Ամանորի նախօրյակին Ձմեռ պապը նվերներ է բաժանել համայնքապետարանի հաշվին: Այս տարի նույնպես Ձմեռ պապը կայցելի երեխաներին, սակայն արդեն մինչեւ 6 տարեկաններին: «Դուք էլ եք տեսնում, որ ապրանքը թանկանում է, կյանքը դժվարանում է, պիտի տակից կարողանանք դուրս գալ չէ՞»-ասում է Վ. Կարապետյանը:

Ավագանու մեկ այլ` օգոստոսի 9-ի թիվ 4 որոշումով էլ համայնքի ղեկավար Դավիթ Կարապետյանը պարգեւատրվել է 150 հազար դրամով: Ավագանին չի պատճառաբանել իր որոշումը, թե ինչի համար է համայնքի ղեկավարին պարգեւատրում: Նինա Թադեւոսյանն ասաց, որ թեեւ ավագանին իր որոշումները «չի մանրամասնում», սակայն համայնքի ղեկավարը պարգեւատրվել է «լավ աշխատանքի համար»:

Անդրադառնալով ձեռք բերված արդյունքներին Վ. Կարապետյանն ասաց, որ այս պահի դրությամբ հողի հարկը 100%-ով հավաքագրել են` մոտ 7 մլն 354 հազար դրամ, շենք-շինությունների գույքահարկը նախատեսվել է 700 հազ դրամ եւ կատարել են 130%-ով: Հավաստիացնում են, որ մինչեւ դեկտեմբերի վերջ 2 մլն 800 հազար դրամն էլ ավտոմեքենաների գույքահարկը կկատարեն: Փոխարենը նույնիսկ 50%-ով չեն կատարել տեղական տուրքերի ու վճարների հավաքագրումը:

Ընդհանուր առմամբ 403 հազ դրամ է կազմում տեղական տուրքը, որից գանձել են ընդամենը 114 հազ. 200 դրամ: Նինա Թադեւոսյանի խոսքերով` գյուղի տարածքում բենզինի վաճառքի թույլտվության գումարը կազմում է 170 հազ դրամ: Գյուղում բենզին վաճառում է միայն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող ընկերությունը, սակայն նա էլ մինչ օրս գումարը չի փոխանցել: Հրանտ Գրիգորյանի հարցում մտահոգություններ չունեն, ասում են, որ նա մինչեւ տարեվերջ պարտականությունները կկատարի, սակայն նույն լավատեսությունը չունեն խանութների հարցում: «Տեղական տուրքերի համար հիշեցումներ ենք ուղարկել: Խանութի տերը պարտավորություն չի վերցնում իր վրա, երեւի այդպես հարմար է իրեն, բայց մենք անընդհատ հիշեցումներն ուղարկում ենք, որ մինչեւ տարեվերջ ապահովենք հավաքագրումը»,- ասում է Նինա Թադեւոսյանը:

Ծաղկունքում նվազել է հող մշակողների թիվը: Ոմանք հնարավորություն չունեն, մի մասն էլ արտերկիր է մեկնել: Վերջին հաշվարկներով գյուղից 129 մարդ է բացակայում: Ծաղկունքում այս տարվա միակ ուրախությունը ծնունդների աճն է: 

Մեկնաբանություններ (2)

Rita
Davitin inchqanachelov erb tesnem xosum e gyuxi hoqseric y mankapartez karuceluc poqr hamayq e et txen inch ani tox mnacac gyuxapetnery nra nman ashxaten tox mi or el lragroxnery nra lav gorceri hamar gren
Armen
Amot e, petq che Hrant Grigoryani anun@ tal, amen tari hargarjan patgamavor@ hamaynqi xekavarin, ir partqic avel gumar e talis, ev apahovum transportov bnakichnerin 1 orya hangist Sevanum, kam ayl hangstyan vayrerum ankacnelu hamar, isk Hamaynqi xekavarn el jijt eq asum poqr hamayni byujen shat qij e, vor mi gorc anen, byujen kazmvum em sepakan ekamutneric ev dotacyayic, dra hamar tox mer karavarutyun@ mijocner stexci amen poqr hamaynqum mi gorc katari;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter