«Հայփոստը» սկսում է Եվրոպայի հետ փոստի և բեռների կանոնավոր փոխադրման ծառայություն
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն հոկտեմբերի 1-ից իրականացնելու է փոստի և բեռների պարբերական փոխադրումներ դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ:
«Հայփոստ»-ը հայտնում է, որ նոր ծառայությունը Երևանից Ֆրանկֆուրտի բեռնային հանգույց և հակառակ ուղղությամբ փոստի ու բեռների շաբաթական փոխադրումների միջոցով կամրապնդի Հայաստանի կապը եվրոպական երկրների հետ: Ընկերությունը հայտնում է, որ նոր ծառայությունը նաև կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին:
Նոր ծրագիրն ու ծրագրի իրագործման համար ներկրված մեքենաները այսօր ներկայացվել են Երևանի Հանրապետության Հրապարակում: Ընկերությունը ձեռք է բերել Mercedes-Benz Actros 2530 GigaSpace մոդելի 2 լիովին նոր բեռնատար ավտոմեքենա՝ 6×4 անվակազմով: Մեքենաների հզորությունը 530 ձիաուժ է, յուրաքանչյուրի բեռնատարողությունը՝ 27 տոննա: Հավելյալ բաքերի շնորհիվ մեկ լիցքավորմամբ մեքենաները կարող են հաղթահարել մինչև 4500 կմ ճանապարհ:
«Մեքենաները հագեցած են առաջատար արտադրողների գերժամանակակից սարքավորումներով և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար:
Իրենց ճկուն կոնֆիգուրացիայի շնորհիվ սառեցման հնարավորությամբ օժտված նոր բեռնատարները կարող են փոխադրել ինչպես ընդհանուր, այնպես էլ շուտ փչացող ապրանքներ: Բեռնատարները համապատասխանում են Եվրո-6 էկոլոգիական եվրոպական բարձրագույն չափանիշներին՝ ապահովելով ներկայումս ածխածնի օքսիդի արտանետման հնարավոր նվազագույն մակարդակ»,- գրված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշված բեռնատարների հետ մեկտեղ Հայփոստի շարժակազմը համալրվել է 12 Renault Dokker ֆուրգոններով, որոնց երթուղիները կմեծացնեն Հայաստանի միջմարզային կապը: Էկոլոգիապես անվտանգ մեքենաները կլիցքավորվեն սեղմված բնական գազով՝ նվազագույնի հասցնելով ածխածնային արտանետումների մակարդակը:
14 մեքենաների համար ամբողջական ներդրումը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլլարին համարժեք գումար:
Մեկնաբանել