HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրիվոլնոյեում համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու

Գայանե Սարգսյան

«Ուրիշ գործ չկա, գյուղում էդ մի գործն ա, սաղ ուզում են տիրանան դրան»,- ասում է գործող գյուղապետը

Հոկտեմբերի 2-ին համայնքապետի ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Պրիվոլնոյե համայնքում: Այստեղ առաջադրվել է երեք թեկնածու՝ գործող գյուղապետ Վազգեն Սարուխանյանը, գյուղապետարանի համակարգչային օպերատոր Էմիլ Գրիգորյանը և գյուղատնտես Սամվել Գալստյանը:

Վազգեն Սարուխանյանը համայնքապետի պաշտոնն զբաղեցնում է շուրջ 19 տարի: Առաջին անգամ համայնքապետ է ընտրվել 1996թ.-ին ու այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 2005թ.-ը, ապա՝ հերթական անգամ առաջադրվել 2008 թ.-ին և պաշտոնավարում է մինչ օրս:

Հերթական անգամ առաջադրվելու մասին ասում է՝ «բայց ում ա խանգարո՞ւմ, որ»: Ապա հետագա պաշտոնավարման ցանկությունը փորձում է  հիմնավորել կիսատ մնացած գործերն ավարտին հասցնելու մտադրությամբ:

«Ջրագիծը կիսատ ա թողած, խողովակները բերել թափել ենք, բայց հլա որ ոչ մի գործ չի արվել: Պիտի վերջացնենք դրանք: Սեղաններ ենք շինում, ուզում ենք զալ սարքենք: Էդ էլ պիտի վերջացնենք, չէ՞»:

Նախընտրական քարոզարշավ գործող գյուղապետը չի իրականացնում: Գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, իրեն գյուղում լավ են ճանաչում:

«Իրանք են թեկնածությունները նոր դրել, իրանք պետք  ա գնան խոսան ժողովրդի հետ:  Ես ի՞նչ խոսամ: Ինձ լավ էլ ճանաչում են, լավ էլ գիտեն»,- ասում է նա՝ նկատի ունենալով մյուս երկու թեկնածուներին:  

Պրովոլնոյեի բնակիչները պարբերաբար դժգոհում են գյուղի ճանապարհների անմխիթար վիճակից: Այս հարցի լուծման համար համայնքապետը մեկ տարբերակ է տեսնում՝ պետական աջակցություն:

«Էդ ճանապարհը ինձնով կամ ուրիշ մեկով չի լուծվելու: Կարողա  մի ամսվա համար ավազ բերեմ, հարթացնեմ, բայց անձրևն եկավ, հեղեղը տարավ, վերջ: Եթե պետական աջակցություն չլինի, կարա՞նք մի բան անենք: Ոչ մեկս էլ ա չենք կարա»:

Վերջինիս խոսքով՝ հարցի հետ կապված պարբերաբար դիմել է թե՛ Լոռու մարզպետին, թե՛ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, թե՛ ՀՀ վարչապետին: Դրական պատասխան, սակայն, դեռևս չկա:

Պրովոլնոյեում համայնքապետի ընտրություններին մշտապես մի քանի թեկնածու է գրանցվում:

«Սաղ էլ ուզում են գյուղապետ դառնան, ուրիշ գործ չկա, գյուղում էդ մի գործն ա, սաղ ուզում են տիրանան դրան»,- կարծիք է հայտնում  գյուղապետը:

Սեփական աշխատանքը Վ. Սարուխանյանը գնահատում է  բավարար` նշելով, որ հարկերի հավաքագրման առավել բարձր ցուցանիշի դեպքում հնարավոր կլիներ անել ավելին:

Պրիվոլնոյեն եկամուտների հավաքագրման ցուցանիշով մարզի համայնքների թվում մշտապես վերջին հորիզոնականներում է, ինչի պատճառով մարզխորհրդի նիստերի ու մարզպետարանում անցկացված խորհրդակցությունների ժամանակ պարբերաբար արժանանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի բացասական գնահատականին:

«Մեկը ունի, մյուսը չի կարողանում վճարի, կարա՞ս ստիպողաբար դատարանով-բանով հանես»,- արդարանում է գյուղապետը:

Համայնքապետի մյուս թեկնածուն, սակայն, թե՛ գյուղի ներկա վիճակի, թե՛ հավաքագրան ցածր ցուցանիշի հարցում մեղադրում է հենց գործող գյուղապետին.

«Ինքը չարեց էլի ոչ մի բան գյուղի համար, չի ուզում, էլի, էդ մարդը: Թե ինչի էլ հիմի դրել ա: Ոչ մի բան չարեց, դրա համար էլ էս գյուղն էս օրին ա»,- նշում է Էմիլ Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով` հենց հարկերը չհավաքագրելով է համայնքապետը գյուղացիներին իր կողմը գրավում:

«Մի հատ արտահայտություն կա մեր ժողովրդի մոտ, ասում են՝ թող հինը լինի, զատո մենք հարկ չենք տալիս»:

Ավելի ուշ մեզ հետ զրույցի ժամանակ նույնն է պնդում նաև մյուս թեկնածուն՝ Սամվել Գալստյանը: «Հարկ չի ուզում, ոչ մի բան էլ չի անում: Ինչ էլ հավաքում ա,  իրան հերիքում ա»:

Նկատում եմ, որ համայնքի բյուջեն տնօրինողը ավագանին է: Այս նկատառման հետ թեկնածուն տեսականորեն համաձայն է, իրականության մեջ, սակայն, ասում է պատկերը բոլորովին այլ է.

«Ինքը մեր մոտ լավ սովորացրել ա սաղին, ոնց ուզում, ըտենց ա անում, ավագանին էլ իրա մարդիկ են, էլի»:

38-ամյա Էմիլն ասում է, որ ընտրվելու դեպքում մտադիր է գյուղը զարգացնել: Զարգացման ծրագրերից նա առանձնացնում է  գիշերային լուսավորություն ունեցող փողոցների թվի ավելացումը, գյուղի գերեզմանոցի բարեկարգումն ու ջրագծի անցկացումը:

42-ամյա Ս. Գալստյանի համար առաջնային է նախակրթարանի ու ճանապարհների կառուցման հարցը: Վստահ է՝ համայնքային բյուջեով հնարավոր է մաս-մաս լուծել այս հարցերը:

Վերջինս որպես համայնքապետի թեկնածու է առաջադրվել նաև նախորդ՝ 2012թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այդ անգամ չի հաջողել, հիմա գտնում է , որ հաղթելու բոլոր շանսերն ունի:

Ընտրվելու դեպքում մտադիր է գյուղում խթանել գյուղատնտեսությունն ու հողագործությունը:

«Էնքան հողեր ունենք, չի օգտագործվում: Գոնե հողագործությունը խթանենք, հետաքրքրություն առաջացնենք գյուղացիների մեջ, պետության տված սերմացուից բերենք տանք ժողովրդին»,- ասում է Ս. Գալստյանը:   

Հոկտեմբերի 2-ին գյուղում միաժամանակ կանցկացվի նաև ավագանու ընտրություն: Ավագանու անդամ դառնալու հայտ է ներկայացրել 8 անձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter