Բայղուշ-ինֆո.am-ի լուրե՞ր, թե՞ սադոմազոխիզմ
Սոցիոլոգիան, Քաղաքական մարքեթինգն ու Քաղաքական տեխնոլոգիաները Հայաստանում վաղուց դադարել են գիտություն լինել: Այդ դիսցիպլինները, որոնցից մեկը բավականին հին է, մյուս երկուսը` համեմատաբար երիտասարդ, գիտական հայեցակարգ լիենելու փոխարեն մեզանում դարձել են ամեն ինչ. Է’լ քաղաքական զենք` քաղաքացու գիտակցությունը կետային գնդակոծման տակ պահելու, իսկ ավելի անկեղծ` բռնաբարելու համար, է’լ արհեստ` արդեն իսկ առկա պատվիրատուին կլորիկ գումարի դիմաց ծառայություն մատուցելու կամ նոր պատվիրատու «կպցնելու» համար, է’լ լավ կամ վատ քողարկված ինտրիգները գործողության մեջ դնելու միջոց, է’լ հակառակորդին նախազգուշացում կամ նրա հետ յուրօրինակ ուղերձափոխանակություն, է’լ ժուլիկություն: էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը…..
Ամբողջ հասարակությամբ մի կերպ համակերպվել էինք այս դաժան իրողություններին, հիմա էլ ավելի զավեշտալի բնույթ են ստանում այդ գիտական դիսցիպլինաների անվան տակ իրականացվող գործունեությունները:
Վերջին շրջանում գնալով ավելի հաճախակի են դառնում ապագա խորհրդարանում «Ժառանգությանը» չտեսնելու մասին կանխատեսումները հայտնի ու անհատ, կասկածելի ծագման եւ երանգի, կենսագրությամբ ու անկենսագրություն սոցիոլոգների, մարքեթոլոգների ու տեխնոլոգների կողմից: Ակամայից հարց է ծագում, եթե «Ժառանգությունը» իսկապես անհույս վիճակում է, ինչու՞ չեն նրանք բավարարվում այդ բայղուշ լուրը հանրությանը մեկ անգամ մատուցելով: Ինչու՞ են իշխանությանը տարբեր թեւերին սպասարկող »փորձագետները» դա կրկնում շաբաթվա զույգ օրերին, իսկ ընդդիմության տարբեր թեւերի սպասարկողները` կենտ օրերին:
Գնալով սկսում ես համոզվել ճիշտ հակառակի մեջ. նրանց պատվիրատուներն ակնհայտորեն անհանգստացած են ինչ-որ մի բանից, որից «Ժառանգությունը» բնավ տեղյակ չէ…. Իսկ այս համատեքստում ինչի՞ց կարող է տեղյակ չլինել «Ժառանգությունը»:
- «Ժառանգությունը» կարող է տեղյակ չլինել. որ այդ պատվիրատուների համար կատարված ներքին օգտագործման հարցումները բացահայտել են «Ժառանգության» հերթական տհաճ անակնկալը /իմա` հաղթանակը/ իրենց համար: Ինչ-ինչ, բայց օրնիբուն աշխատող, պատկառելի թվով օրենսդրական նաձառենություններ ներկայացնող, անընդհատ ժողովրդի ու նրանց տարբեր խմբերի խնդիրների կողքը կանգնող կուսակցության մասին է խոսքը: Եւ որքան էլ լրատվամիջոցներից շատերը այնքան էլ շռայլ չեն գտնվել կուսակցության այդ գործունեությունը ամբողջովին հանրությանը ներկայացնելու հարցում, այն մարդիկ ու խմբերը, ում խնդիրները լուծվել են «Ժառանգության» շնորհիվ կամ միջնորդությամբ, տեղով հենց «Ժառանգության» անվճար գովազդային գործակալներն են: Եւ այդտեղ նախկին ու ներկա »նախագահականների» որեւէ վերահսկողական մարմին չի կարող արդյունքի հանգել ու համոզել մարդկանց` փոխելու իրենց տեսածն ու զգացածը: Ուստի միակ ելքը մնում է «Բայղուշ-ինֆո» գործակալության ագենտների միջոցով «Ժառանգության» շանսերի հանդեպ անվստահություն սերմանելը:
- «Ժառանգությունը» կարող է տեղյակ չլինել, որ ինչպես այսօր անվանվեց, «շուկայի» տարբեր առեւտրականներ իրենց ազդեցության գործակալների միջոցով հրապարակ նետելով տարաբնույթ «կանխատեսումներ»` շարունակում են հրապարակավ «բազառ» անել «շուկայում» տեղ զբաղեցնելու համար: Եւ քանի որ տեղերը սահմանափակ են, բոլոր կողմերը զարմանալի զուգադիպությամբ «բազառը» շարունակում են «Ժառանգության» տեղերի վրա:
Նշվածներից որն էլ որ լինի «Բայղուշ-ինֆո» գործակալության շարժառիթը, այդուամենայնիվ շաբաթվա բոլոր օրերին տարբեր շուրթերից նույնաբովանդակ «լուրի» մատուցումը արդեն սադոմազոխիզմի է վերածվել: Ակամայից սկսում ես խղճահարությամբ լցվել այդ հայտնի ու անհայտ մարդկանց նկատմամբ, որոնք հա փորձում են», բայց չի ստացվում: Եթե ստացվեր, մեկ անգամից հետո նրանք այլեւս չէին կրկնի հայտնի «ավետիսը»: Իր գործի լավ մասնագետը մեկ անգամ է ասում` ճիշտ պահին եւ ճիշտ տեղում: Բայց այս մարդիկ դա կրկնում են է~լ հեռուստաընկերություններով, է~լ ասուլիսներով, է~լ թերթերով, է~լ սոցիալական ցանցերում: Ու ամեն ինչ նմանվել է կամ փչացած ձայնասկավառակի, կամ ֆոնոգրամայով երգեցողության: Ոչ այդ երգեցողության սոլո տարբերակն է այլեւս ազդում, ոչ դուետը, ոչ ռեմիքսը, ոչ հիփ-հոփը, ոչ ռեփը…
Դեհ, իսկ արտահայտված մտքերը օր օրի դառնում են ավելի ու ավելի զավեշտալի սոցիոլոգիային, քաղտեխնոլոգիաներին ու քաղաքական մարքեթինքգին բավականին քաջատեղյակ անձիս համար:
Օրինակ ինչպես չզարմանամ, երբ «ընդդիմադիր» քաղտեխնոլոգը, ով բավականին հաճախ լավաշով հարցազրույցներ է տալիս նույնքան «ընդդիմադիր» թերթերին ու կայքերին, համաձայնում է, որ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը լավ է աշխատում, անընդհատ կանգնում է ժողովրդի կողքը, բայց հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենա…. Ուզում ես առնվազն ենթադրես, որ նա հենց նոր դուրս է եկել ՀՀԿ նախընտրական շտաբի` դեռեւս իր պարտականություններին չանցած շտաբի պետի սենյակից, ու տեղյակ է ԿԸՀ հրապարակելիք արդյունքներին: Հո՞ չես մտածի, որ խորհրդարան մտնելու գրավականը վատ աշխատելն է կամ ժողովրդի վրա մշտապես թքելը… Այլ բան հո՞ չես ենթադրի….
Դեհ, իսկ որ իշխանամետ սոցիոլոգն էլ ասում է, որ ՀՀԿ-ն «շուկայի /մնում է ճշտել` ո՞ր շուկայի-ՍՍ/ «թիվ մեկ բրենդն է», եւ հանդես է գալիս «պետաիրավական ուժ արտահայտողների դիրքերից», ինչպես չշիկնես ամոթից, որ տարիներ շարունակ այդ բրենդին հանիրավի քննադատել ես երկիրը կուսակցապետության վերածելու, պետության ու իրավունքի ուժը իրեն բռնակցելու մեջ: Ամո’թ քեզ, «Ժառանգություն», հազա’ր ամոթ: Ինչպե՞ս կարող էիր չընկալել այդ բրենդի պետաիրավական ուժը:
Ինչպես ուրախությունից չճաս, որ տնտեսական բլոկի որեւէ նախարար չունեցող ԲՀԿ-ը «որդեգրել է տնտեսական ոլորտը»: Թե ինչ ասել է «որդեգրել է տնտեսական ոլորտը», մի փոքր բարդ է հասկանալ այդ որդեգրման գործառույթը: Բայց մնում է եզրակացնես, որ Հայաստան ժամանած մարքեթինգի հայտնի մասնագետ Կոտլրերը աշխարհացունց նորություն է ասել իր դասախոսությունների ժամանակ, որ բարեգործությունը տնտեսության ճյուղ է, եւ այդ դաշտում հետեւողական ու տեւական գործունեություն ծավալով ԲՀԿ-ը ղեկավարում է հայոց տնտեսության նորագույն եւ լոկոմոտիվը համարվող ճյուղը: Ուզում ես աշխարհով մեկ գոռալ` վերջ, հայոց տնտեսությունը փրկված է, հայկական հրաշքի նոու-հաուն` գտնված:
Ինչպես հաճելիորեն չզարմանաս, երբ լսում ես, որ «ՕԵԿ-ը որդեգրել է մարդու իրավունքի պաշտպանությունը՝ սոցիալական երանգներով» /որդեգրման ակտը ձեւակերպած նոտարի ինքնությունը գաղտնի է պահվում/: Ոչինչ, որ վերջին տարիների հիշողությանդ հատորները քրքրելիս ուզում ես գտնել նման մի դրվագ, բայց չես գտնում:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նա «խնդիր ունի շուկայում դիրքավորվելու, որպես բրենդ»,-նշում է սոցիոլոգը, հավելելով, որ Կոնգրեսը կարողացավ որդեգրել ընդդիմադիր ուժի կեցվածք՝ անորոշ դիմագծով: Դեհ ինչ, առաջնորդվելով այս փառահեղ տրամաբանությամբ, պետք է արձանագրել, որ մարդկությանը հայտնի չէ որեւէ բրենդային ապրանք, որի տուփի մեջ երբեք ոչինչ չի եղել եւ չկա, բայց դա գնող հաստատ կլինի:
Միակ չցնցող լուրն այն է, երբ իմանում ես, որ «ՀՅԴ-ն որդեգրել է գերազգային խնդիրները՝ Հայ դատը»: Նորություն այն է, որ երբեմնի ազգային խնդիրը վերածվել է գերազգային խնդրի: Բայց որ այդ խնդիրը միշտ որդեգրված է եղել ՀՅԴ-ի կողմից, այս մասին վկայում են 20-րդ դարասկզբի նոտարները:
Եւ քանի որ այլեւս որդեգրելու ոչինչ չի մնացել, քյասիբ «Ժառանգությանը» մնում է միայն փափագել, որ ինքն էլ մտնի «շուկա» ու հենվի «իր ղեկավարի բրենդի վրա»: Բայց մի տխուր լուր «Ժառանգության» համար, այնուամենայնիվ, կա. «Շուկայում կարծես թե բոլոր տեղերը զբաղված են». «Ժառանգության» խնդիրը «մնում է օդի մեջ» եւ տակավին անհայտ է` «նա բախտի բերմամբ, թե պատահմամբ կանցնի՞, թե ոչ»- գուժում է սոցիոլոգը:
Մինչ այժմ ես գիտեի, որ սոցիոլոգիան տվյալ պահի հանրային կարծիքի ստատիկ պատկերն է միայն «լուսանկարահանում»: Չգիտեի, որ բացի դա, սոցիոլոգը կարող է նաեւ չբացառել, որ, օրինակ, «կիրականանան ՀՀԿ-ի կանխատեսումները՝ այն է համամասնական ընտրակարգով ունենալ 35 տոկոս ձայներ, իսկ մեծամասնական ընտրակարգում՝ 25 ձայն», իսկ մեծամասնականի մնացած տեղերը կկիսեն ԲՀԿ, ՕԵԿ-ը եւ անհատ պատգամավորները: Այս ամենից հո՞ չես մտածի, որ ՀՀԿ-ն սուրճի բաժակը շրջել է եւ տաղանդաշատ մի գուշակ նայել է այն` ավետելով ՀՀԿ-ի` խորհրդարանում 60 տեղ ունենալու անվիճելի հաղթանակի մասին: Տաղանդավոր սոցիոլոգը նա է, ով հարցում է անում նաեւ ապագայում` ապագայի ռեսպոնդենտների շրջանում: Իսկ այդ ապագայի ռեսպոնդենտները իսպառ չեն տալիս «Ժառանգության» անունը:
Հո՞ զոռով չի: Չի անցնելու էլի «Ժառանգությունը» խորհրդարան,- դեռեւս ամիսներ շարունակ կգուժեն Բայղուշ.ինֆո.am-ի վերլուծաբանները, սոցիոլոգիական հարցումները:
Չգիտես` լա՞ս, թե խնդա՞ս, կարեկցե՞ս, թե՞ իսպառ անտեսես: Բա որ հանկարծ այս ամենը փսիխիկայի հետ կապված խնդիրներ լինե՞ն: Ինչպե՞ս կարող ես անտարբեր մնալ, եթե հումանիստ ես:
http://styopa-safaryan.livejournal.com/5724.html
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել