
«Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստան»-ն սկսում է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը
Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամը սկսում է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը, որի նպատակն է միավորել հասարակությանը, միջազգային կառույցներին, մասնավոր և պետական հատվածին՝ ընձառյուծի և նրա որս հանդիսացող տեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն) պահպանության մեխանիզմները հզորացնելու նպատակով:
Արդեն իսկ ընձառյուծի ապրելավայրերի հարակից համայնքներից ընտրվել են բնասերներ, որոնք ընձառյուծի ապրելավայր հանդիսացող տարածքներում իրականացնելու են ինտենսիվ մշտադիտարկումներ ու դաշտային հետազոտություններ՝ կենդանիների պահպանության մակարդակը բարձրացնելու համար: Խնամակալների համար կազմակերպվել են ուսուցողական տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև տրամադրվել են դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:
Մեկնարկել են նաև կրթական միջոցառումները, որոնք նպատակ ունեն հանրությանը ներկայացնել ընձառյուծի նշանակությունը Հայաստանի վայրի բնության համար, ինչպես նաև նրա վտանգման հիմնական գործոնները:
2002 թ.-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամը Հայաստանում իրականացնում է այս կենդանատեսակի պահպանման ծրագիրը, ինչի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում:
Կովկասյան ընձառյուծի ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է. «Ծրագրի հաջորդ փուլը կներառի համագործացության հաստատում և ջանքերի միավորում կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի և միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կլինեն տարաբնույթ միջոցառումներ՝ մրցույթներ, ցուցահանդեսներ՝ ուղղված հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Ընձառյուծը Հայաստանի և հայոց հզորության խորհրդանիշերից մեկն է: Նույնիսկ հնադարյան զարդաքանդակների վրա հայտնաբերվել են ընձառյուծի պատկերներ: Այն խորհրդանշում է իմաստություն, վտանգավոր պայմաններում գոյատևելու ունակություն: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ընձառյուծը հայկական կենդանական աշխարհի արքան է, ապա փրկելով ընձառյուծին` մենք փրկումենք նաև իր թագավորությունը, այսինքն հայկական զարմանահրաշ ու հարուստ բնությունը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել