
Ամասիա համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցող երեք թեկնածուներից երկուսը կին են
Շիրակի մարզի Ամասիայի նախկին տարածաշրջանում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով խոշորացող համայնքների արդյունքում ձեւավորվելու է երկու փունջ: Ամասիա փնջում ներառվելու են Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր համայնքները: Տարածաշրջանի հյուսիսում գտնվող 9 համայնքներն էլ ձեւավորվելու են Արփի փունջը՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ համայնքներով: Խոշորացվող համայնքներում հոկտեմբերի 2-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ:
Ամասիա փնջի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից Ամասիայի գործող համայնքապետ Աղասի Ամիրյանն ու Մեղրաշատ համայնքի գործող համայնքապետ Վահրամ Սաղաթելյանը սեպտեմբերի 22-ին ինքնաբացարկ են հայտնել՝ ընտրապայքարը թողնելով Արեգնադեմի գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Աղունիկ Հազրյանին, Կադաստրի Ամասիայի տարածքային սպասարկման գրասենյակի պետ անկուսակցական Վարդան Հարությունյանին ու նույն գրասենյակի օպերատոր, անկուսակցական Ջեմմա Հարությունյանին:
Արեգնադեմը 11 տարի ղեկավարած Աղունիկ Հազրյանին սեփական կուսակցությունը չի առաջադրել: Առաջադրվել է սեփական նախաձեռնությամբ՝ հասկանալով նաեւ, որ խոշորացող համայնքների դեպքում լուրջ դժվարություններ է հաղթահարելու: «Համագյուղացիներս շատ պնդեցին, որ առաջադրվեմ, դա էլ է լուրջ ազդեցություն ունեցել որոշմանս վրա,-ասում է Աղունիկ Հազրյանը,-քայլս ռիսկային էր՝ հաշվի առնելով, որ 9 համայնք է միանում, բայց մյուս կողմից էլ հանգիստ էի, քանի որ այդ բոլոր համայնքներում ինձ ճանաչում են, երկու-երեք ծրագիր եմ իրականացրել: Եվ հետո, կարծում եմ` էդ նույն համայնքների բնակիչներին պիտի որ ծանոթ լիներ, թե իմ ղեկավարման տարիներին Արեգնադեմն ինչ զարգացում է ունեցել»:
Թեպետ ճանաչվածությանը, Աղունիկ Հազրյանը խոստովանում է, որ քարոզարշավի ընթացքում որոշակի դժվարությունների է հանդիպել համայնքներում: Գրեթե բոլոր գյուղերն այցելել է, հանդիպել մարդկանց, ներկայացրել ծրագրային դրույթները:
Խոշորացող համայնքի համայնքապետի մյուս թեկնածուն՝ Ջեմմա Հարությունյանը եւս առաջադրվել է 9 համայնքների բնակիչների կյանքը բարելավելու մտադրությամբ: «Խորհրդային տարիներին գործկոմի նախագահի տեղակալ եմ աշխատել երկար տարիներ: Այսինքն՝ ղեկավարման, մարդկանց հետ աշխատելու փորձ ունեմ այդ տարիներից: Ներկայիս աշխատանքն էլ նպաստել է, որ գործի բերումով շփում ունենամ նշված բոլոր համայնքների բնակիչների հետ: Ես իրենց եմ լավ ճանաչում, իրենք էլ ինձ» ,-ասում է Ջեմմա Հարությունյանը: Քարոզարշավի ընթացքը Ջեմմա Հարությունյանը գնահատում է դրական. եղել է բոլոր գյուղերում, հանդիպել մարդկանց հետ, ծրագրային դրույթներով բուկլետներ բաժանել:
Միակ տղամարդ թեկնածուն՝ Վարդան Հարությունյանը չի նեղվում կին թեկնածուների հետ մրցակցելուց: Ասում է, որ ամեն մեկն իր չափով քարոզարշավ է իրականացրել, միմյանց չեն խանգարել: Մտադիր է գրասենյակային ղեկավարման փորձը տեղափոխել համայնքային կառավարման դաշտ: «Բնակչության 80-90 տոկոսն ինձ ճանաչում է, ես երեւի էն հազվագյուտ չինովնիկներից եմ, որ նմանատիպ կառույցում աշխատելով հանդերձ՝ կարող եմ առանց որեւէ վախի կամ ամաչելու, բաց ճակատով հանդիպել մարդկանց հետ: Կարծում եմ՝ կադաստրի ամեն պետ չէ, որ նման ռիսկի կգնար»,- ծիծաղում է թեկնածուն:
Ամասիա խոշորացող համայնքի համայնքապետի երեք թեկնածուներն էլ նշեցին, որ ընտրվելուց հետո առաջին խնդիրը, որի լուծմանը կլծվեն՝ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը կլինի:
Լուսանկարում՝ ամասիացիները
Մեկնաբանել