Ոչ մի խոսք չկար այն մասին, որ իրավագիտություն եմ սովորում
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
«Գաղտնի թղթապանակներ», «զեկույցներ», «հույժ գաղտնի հրահանգներ». ձևակերպումներ են, որոնք ազատ ու անկախ Հայաստանը ժառանգել է ստալինյան ժամանակների Խորհրդային միությունից:
Ամիսներ տևած համառ պայքարից հետո վերջապես կարողացա իրացնել սահմանադրական իրավունքներիցս մեկը`ծանոթանալ իմ անձին վերաբերող տեղեկատվությանը, որը հազար կողպեքի տակ էին պահում, ասես մի պետական գաղտնիք:
Ներս մտա այն նույն սենյակ, որտեղ օրական երեք ժամ դասերս եմ անում. նախկին քննիչ, այժմ սոցիալ-հոգեբանն արդեն սպասում էր ինձ`«անձնական քարտ» կոչվածը ձեռքին: Առաջարկեցի մեծ ճաղերով բաց պատուհանի մոտ կանգնած ծանոթանալ, որպեսզի մաքուր օդ էլ շնչեմ: «Գաղտնի թղթապանակը» դրեցի պատուհանագոգին, սկսեցի թերթել: Երբ հասա զեկույցների`«դանոսներ» բաժնին, նախկին քննիչն արգելեց այդ հատվածը կարդալ: Չնայած մի քանի վայրկյանում հասցրել էի աչքի անցկացնել որոշ բաներ: Տարբեր տարիներին տարբեր աշխատակիցներ կարճ զեկույցներ էին գրել: Մոտավորապես այսպիսի մտքեր աչքովս ընկան. «Ժամանակն անցկացնում է ընթերցանությամբ, ստեղծագործում է: Լավատես է, հավատում է, որ արդարությունն անպայման մի օր կվերականգնվի: Կապը հարազատների հետ պահպանում է հեռախոսազանգերի և տեսակցությունների միջոցով: Երազկոտ է, կոմունիկաբել: Փախուստն իր համար գաղափար է, որը օգնում է հաղթահարել դժվարությունները»:
Հետաքրքիր է, բայց ոչ մի խոսք չկար այն մասին, որ իրավագիտություն եմ սովորում Սլավոնական համալսարանում, նաև աշխատում եմ:
Համապատասխան բաժինը ժամանակ առ ժամանակ թերթիկներ է լրացնում, որտեղ նշում են դատապատյալների ինչ-որ ուղղման ծրագրի գործընթացի արդյունքները`ցածր, միջին կամ բարձր: Ամիսներ շարունակ պահանջում էի, որ ծանոթացնեն ինձ այդ ուղղման անհատական ծրագրին: Եվ գիտե՞ք ինչ պարզվեց: Իրականում ոչ մի նման ծրագիր գոյություն չունի: Պարզ դարձավ, որ այդ ամենը ֆիկցիա է`ձևականություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել