HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի 377 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում, այդ թվում` բնակչության թվով երկրորդ և երրորդ քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում: Եւս երկու համայնքներում` Արմավիրի Հացիկ և Հուշակերտ գյուղերում, կրկին կընտրեն ավագանու անդամներին:

Համայնքային կառավարման մարմիններին ընտրելու են Գեղարքունիք և Կոտայքի մարզերի 64-ական, Լոռու մարզի 88, Շիրակի 73, Սյունիքի 60 և Վայոց ձորի 24 համայնքներում: Միայն ղեկավարի կընտրեն 36 համայնքներում, միայն ավագանու անդամների` 83 համայնքներում:

292 համայնքներ ղեկավարելու համար կմրցեն 523 թեկնածուներ: Մեծամասնություն են կազմում այն համայնքները, որտեղ առաջադրված է միայն մեկ թեկնածու: Իսկ Վայոց ձորի Արենի գյուղում համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն 6 թեկնածուներ: Իշխող Հանրապետական կուսակցությունն են ներկայացնում թեկնածուների 48%-ը (ևս 43%-ը անկուսակցական են): Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվածների միայն 3%-ն են իգական սեռի ներկայացուցիչներ (ավագանու անդամների թեկնածուների կազմում նրանք 11%-ն են):

Դիտորդական առաքելություն կիրականացնեն 20 տեղական հասարակական կազմակերպություններ, այդ թվում` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, որի մոտ 230 դիտորդները կհետևեն ընտրություններին Գյումրու և Վանաձորի բոլոր ընտրատեղամասերում, Արթիկում, Գառնիում և ընտրախախտումների հավանականություն ունեցող այլ տեղմաասերում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևող կազմակերպությունների թիվը կրկնակի քիչ էր, սակայն դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև 1 միջազգային կազմակերպություն:

«Հետք»-ի թղթակիցները տեղեկություններ կհաղորդեն տարբեր մարզերի մի շարք համայնքներից: Ընտրական օրենսգրքի խախտումներ նկատելու դեպքում կարող եք զանգահարել 010 563 363 և 010 580 219 հեռախոսահամարներին, ինչպես նաև գրել, լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Սոցիալական ցանցերում ընտրությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս կօգտագործվի #armlocalvote հեշթեգը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Տավուշի մարզերի 317 համայնքներում:

լուսանկարը` Անահիտ Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter