
Ահազանգում է ԳԱԼԱ կուսակցության թեկնածուն
Գյումրու Երկաթգծի Նորավան թաղամասում թիվ 27 դպրոցում տեղակայաված 34/70 ընտրատեղամասի դիմաց առավոտ վաղ արդեն իսկ նկատվում էին մարդկային կուտակումներ: Ինչպես «Հետք»-ին փոխանցեց ԳԱԼԱ կուսակցության ավագանու անդամի թեկնածու Հերմինե Մկրտչյանը, մի խումբ երիտասարդներ, ընտրատեղամասը բացվելուց հետո, ժամը 8-9-ի սահմաններում, ընտրողների խմբեր են ուղեկցել, դրսում փակցված ընտրացուցակների մոտ կանգնելով՝ տեղում փորձել ուղղորդել մարդկանց: Հերմինե Մկրտչյանի փոխանցմամբ, ահազանգն իրենք ստացել են իրենց վստահված անձից:
Բացահայտ ուղղորդված գործողությունները կանխելու նպատակով Հերմինե Մկրտչյանը ահազանգել է ոստիկանություն: «Հետք»-ի ընտրատեղամասի տարածք հասնելու պահին ոստիկանության ներկայացուցիչներն արդեն իսկ հեռացնում էին երիտասարդների մոտ 10 հոգուց բաղկացած խմբին: ԳԱԼԱ կուսակցության վստահված անձ Ալեքսանդր Խաչատրյանն ասաց, որ կոնկրետ ընտրատեղամասի ներսում մարդկային կուտակումներ չեն եղել, սակայն «Բալասանյան» դաշինքից առաջադրված թեկնածու Էդգար Մկրտչյանը երկար ժամանակ գտնվել է ընտրատեղամասում եւ հեռացել առանց քվեարկելու:
Հերմինե Մկրտչյանը
Օրենքն արգելում է թեկնածուներին, եթե նրանք չեն քվեարկում, գտնվել ընտրատեղամասում: Հերմինե Մկրտչյանն ասաց, որ ինքը խնդրել է հանձնաժողովի նախագահին դուրս գալ ընտրատեղամասից եւ ցանկացել է պարզաբանում ստանալ, թե ինչ հիմնավորմամբ է մրցակից թեկնածուն այդքան ժամանակ գտնվել ընտրատեղամասում եւ ոչ մի հիմնավորված պատասխան չի ստացել:
Թիվ 34/70 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Չարխիֆալակյանը նշեց, որ ընտրատեղամասից դուրս տեղի ունեցած հետ կապված որեւէ բան չի կարող ասել: Ինչ վերաբերում է ընտրատեղամսում տեղի ունեցող իրադարձություններին, ապա մինչեւ այս պահը որեւէ արտառոց դեպք, խախտում չի գրանցվել: 1953 ընտրողից ժամը 10-ի դրությամբ 61 ընտրող արդեն քվեարկել է:
Հասմիկ Չարխիֆալակյանը
Հիշեցնենք, որ ավագանու 33 անդամի տեղի համար, հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում Գյումրիում պայքարում են 411 թեկնածու՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ 10 կուսակցություն եւ մեկ դաշինք: Կուսակցություններից երեքը ստեղծվել են ընտրություների նախաշեմին՝ Գաղափարակից լիբերալների ալյանսը(ԳԱԼԱ), «Գործարար» եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունները: Նախընտրական շրջանում ինքնաբացարկ է հայտնել 11 թեկնածու: Ստորեւ ներկայացված են պայքարի մեջ մտած բոլոր կուսակցությունները եւ ցուցակը ղեկավարող անձինք: Քվեաթերթիկներում նշված է լինելու միան կուսակցության անունը եւ ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող թեկնածուների անունները: Ըստ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների Գյումրիում ընտրողների թիվը 125 հազար 983 է: Գյումրիի տարածքում նախկին 79 ընտրատեղամասի փոխարեն այս ընտրություներին գործում է 82 ընտրատեղամաս:
Ստորեւ ներկայացնում ենք կուսակցություններն ու քաղաքապետի պաշտոնի համար պայքարող անձանց ցուցակը.
1.«Բալասանյան դաշինք» - Սամվել Բալասանյան
2.«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- Վարդեւան Գրիգորյան
3.Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)-Վահան Խաչատրյան
4.Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)-Եպրաքսյա(Սյուզի)Մեխակյան
5.Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)-Աշոտ Կուրղինյան
6.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-Արթուր Համբարձումյան,
7.«Հայկական Վերածնունդ» կուսակցություն (նախկին ՕԵԿ)-Հովհաննես Մարգարյան
8.«Համախմբում» կուսակցություն- Հովհաննես Ասոյան
9.«Գործարար» կուսակցություն-Գեղամ Բաղդասարյան
10. «Գյումրեցու ոգի» կուսակցություն-Արմեն Ներսիսյան
11. «Ալյանս» կուսակցություն-Արմեն Բադալյան
Մեկնաբանել