
Գյումրի. Քվեարկության փորձ` ընտրության մեկնարկից առաջ
Լևոն Հարությունյան
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը սկսված է: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 10 կուսակցություն և 1 դաշինք:
Լարված պայքար է սկսվել 34/51 ընտրատեղամասում, որն ունի 1594 ընտրող: Ընտրությունները դեռ չսկսված` ժամը 07.42-ին ԳԱԼԱ կուսակցության վստահված անձ Սևակ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ քվեատուփը չի գտնվում տեսանելի վայրում և այն պետք է տեղափոխել, ինչից հետո սեղանը տեղափոխեցին տեսանելի վայր: Սևակ Հարությունյանը մեկ այլ թերություն էլ նկատեց 07.55-ին, երբ ընտրողներից մեկը ցանկանում էր քվեարկել մինչև ընտրության մեկնարկը:
Չնայած սրան` ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսինե Մաթևոսյանը ընտրությունների սկիզբը դրական է գնահատում: «Ամեն ինչ նորմալ է, հուսանք` հաջող օր կունենանք»: Նշենք նաև, որ միայն այս տեղամասում ժամը 8.00-ի դրությամբ գրանցված են 6 կուսակցության և 1 դաշինքի վստահված անձինք, ինչպես նաև 2 դիտորդ: Միջազգային դիտորդներ չկան:
Գյումրիում ընթացող ընտրությունների մասին «Հետքը» օրվա ընթացքում պարբերաբար կտեղեկացնի:
Մեկնաբանել