HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ռուսական մենաստանի բնակիչները՝ հայկական քաղաքի մասին

Օրերս հանդիպեցի իմ վաղեմի ծանոթին: Սուրեն Գրիգորն էր. բանաստեղծ, իրավաբան, զինագործ: Հետաքրքիր բան պատմեց, որն ուզում եմ իր գիտությամբ ներկայացնել ընթերցողին:

«1999, թե 2000 թվականին էր: Գտնվում էի Ուրալի երկրամասում: Բելագորսկի կողմերում էի գործի բերումով և առիթից օգտվելով՝ որոշեցի այցելել Սուրբ Նիկոլայի տղամարդկանց մենաստանը: Ի դեպ, այն տարածաշրջանի ամենամեծ սրբավայրն է: Այն ժամանակ այստեղ ապրում էր մոտ 800 մենակյաց:

Մենաստանն ուներ իր սեփական տնտեսությունը, ինքնաբավ էր: Տարբեր գործերով էին զբաղվում մենաստանի բնակիչները: Ստանձնել էին նաև տարածաշրջանային նշանակության մի շարք աշխատանքներ: Մասնավորպես իրականացնում էին հրշեջ ծառայության գործը: Զբաղվում էին մեղվաբուծությամբ, այն ժամանակ նրանց փեթակների թիվը հասնում էր 30 հազարի: Իրենք էլ արտադրում էին մեղրամոմեր և ապահովում երկրամասի եկեղեցիների կարիքները:

Ընդհանրապես չեք պատկերացնի, թե ինչ անուշահոտություն է կանգնում եկեղեցում, երբ նրանում մեղրամոմեր են վառվում: Ո՛չ թե պարաֆինե մոմեր, ինչպես սովորաբար անում են: Ուրի՛շ է մեղրամոմի բուրմունքը. նման եկեղեցիներում բոլորովին այլ զգացողություն ես ունենում:

***

Մենաստանի բնակիչներն ինձ սիրով ընդունեցին, հատկապես որ իրենց տոնացույցով մոտենում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնը: Ինձ էլ դիտում էին որպես հայաստանյան եկեղեցու ներկայացուցիչ: Իսկ ազգանունս էլ Գրիգորյան էր:

Հատկացրեցին առանձին խուց, և մի որոշ ժամանակ ապրեցի իրենց հետ: Ավելին՝ ինձ մասնակից էին դարձնում տարբեր քննարկումների, կրոնական, հավատի հետ կապված հարցերի մեկնություններ էինք անում:

Մի օր էլ որոշեցին ինձ նվեր մատուցել Լուսավորչի տոնի կապակցությամբ. խոստացան տանել ու ցույց տալ իրենց պեղած հայկական քաղաքի ավերակները: Պարզվեց, որ նաև հնագիտական աշխատանքներ էին կատարում:

Ես զարմացա՝ ինչպե՞ս թե հայկական քաղաք, ի՞նչ գործ ունի հայկական քաղաքն այս կողմերում:

Համենայն դեպս օրը եկավ, և մի խմբով գնացինք հնավայր:

Քարե հսկա պարիսպներ էին: Ներսում բուն քաղաքն էր: Տները, շինությունները ևս քարից էին: Ընդ որում, օգտագործած էին հսկա քարեր: Մենակյացները լրացուցիչ տեղեկություններ տվեցին. այս կողմերում քարե ուրիշ շինություն չկա, միակն այս քաղաքն է:

- Ինչի՞ց եք եզրակացնում, որ հայկական քաղաք է. գրե՞ր եք հայտնաբերել, ի՞նչ կա,- վեհերոտ հարցրեցի նրանց:

- Չէ, գրային ոչինչ չենք գտել: Պարզապես նախշահամակարգեր ենք հայտնաբերել, մեկ էլ՝ կենցաղային իրեր, որոնք համոզում են մեզ մեր եզրակացությունների մեջ: Հիմնական ապացույցը քարշարն է. միայն հայն է պատերն այսպես շարում,- իմ զարմացած հայացքի տակ ցույց տալով պատերի շարվածքը՝ բացատրում էին նրանք:

Հետո մենաստանի բնակիչներն առավել մանրամասնությամբ ծանոթացրին իրենց հետազոտությունների արդյունքներին: Քաղաքը թվագրվում էր Ք. ա. 4-րդ հազարամյակով: Կառուցողները քարերը բերել էին 50-100 կիլոմետր հեռավորությունից, որտեղ քարհանքերն էին: Բնականաբար բերել էին ձմռանը՝ սահնակներով:

Եվ ամենակարևորը. ուսումնասիրությունների արդյունքում հանգել էին եզրակացության, որ աստեղ ապրել էին արիացիներ, այսինքն՝ արիական համակարգի ժողովուրդ: Ինչ-ինչ հանգամանքների ազդեցության տակ թողել էին ու ամբողջությամբ դուրս եկել քաղաքից:

Ուսումնասիրողները «գնացել» էին հետքերով և պարզել, որ հեռանալով այս մարդիկ բնակություն են հաստատել Թուրքմենիա-Իրան սահմանագծի՝ Իրանի լեռնային հատվածներում: Մենակյացները եղել էին նաև այստեղ, այցելել տեղի բնակիչներին և համոզվել, որ նրանց կենցաղային համակարգը հուշում է, որ իրոք արիական ծագում ունեն:

***

Հետ էինք վերադարձել մենաստան: Առանձնացած՝ իմ խցում էի: Օրվա տպավորության տակ էի: Զարմացած էի, միաժամանակ՝ տարակուսած. ինչպե՜ս էին այս մարդիկ այդ թեմայի մասին խոսում: Ինչպիսի՜ համոզմունք կա յուրաքանչյուրի մեջ: Այս ռո՛ւս մարդկանց մեջ:

Քիչ հետո դուրս եկա խցից: Ինձ մոտեցան մի քանի՝ նույն մենակյաց հետազոտողներից: Ասես շարունակելով մի քանի ժամ առաջ հնավայրում տեղի ունեցած և կիսատ մնացած խոսակցությունը՝ մտերմորեն դիմեցին ինձ.

- Դուք՝ հայերդ, ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր ունեցածին: Կանգնել եք ընդամենը 10-12 մլն թվի վրա: Մինչդեռ ձեր համակարգն այսօր ընդգրկում է մինչև 80 մլն մարդու: Եվրոպական ժողովուրդների մեջ գիտե՞ք ինչքան են մարդիկ, որոնց սկիզբը ձեր համակարգից է: Նրանք պարզապես հեռացել են, խառնվել-ներառվել են այլ ժողովուրդների մեջ: Ես սա ձեզ ասում եմ որպես ռուս մարդ, որը ձեր զարմից է,- ժպտալով խոսքն ավարտեց զրուցակիցս:

Գոհար Սարդարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter