Սարուխան. կուտակումներ ընտրատեղամասի ներսում և բակում
Տաթեւիկ Սարգսյան
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ակտիվացել է ընտրողների հոսքը, ինչի հետեւանքով թիվ 22-3 ընտրատեղամասում կուտակումներ են առաջացել: Հանձնաժողովի նախագահ Վարդուհի Գրիգորյանը ընտրողներին պարբերաբար հորդորում է հեռվում սպասել, սակայն միեւնույն է` կուտակումներից խուսափել չի ստացվում:
Թիվ 22-3 ընտրատեղամասը տեղակայված է Սարուխանի թիվ 2 դպրոցում, որի բակում եւ հարակից փողոցում եւս մարդկանց եւ մեքենաների կուտակումներ են:
Նույն ընտրատեղամասում մեծ է նաեւ ուրիշի օգնությամբ ընտրությանը մասնակցած ընտրողների թիվը: Ժամը 12-ի դրությամբ նրանց ընդհանուր թիվը 33 է:
Ի դեպ, ընտրատարածքում նախապես ապահովված չէր լուսավորության հարցը: Հենց ընտրությունների ընթացքում այստեղ սկսեցին էլեկտրական լամպեր տեղադրելու աշխատանքները: Մոտ 2 ժամ տեւած աշխատանքների շնորհիվ ընտրատեղամասում հաշվարկի ժամանակ լույս կլինի:

Սարուխանում ընտրողներից ոմանք էլ առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու մոտենում են քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին: Նրա ուղղորդումից հետո քվեախցիկ վերադառնալու եւ այնտեղ քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու փոխարեն ընտրողների մի մասը գերադասում է հենց տեղում անել դա:

Սարուխանում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածուներ՝ ՀՀԿ-ական Վահան Գեւորգյանը (ով 2008թ-ից ղեկավարում է համայնքը), Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Էդգար Վարդանյանը եւ Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել