«Մարդկանց երթուղային տաքսիով բերել են տեղամաս»,- ասել է ՀՔԱՎ դիտորդը
Գայանե Սարգսյան
Վանաձորի թիվ 30/03 ընտրատեղամասում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է 97 մարդ 1907 ընտրողից։ Մեր այցի պահին ընտրողներից մեկն իր ընտրելու հերթին էր սպասում քվեախցիկի մոտ կանգնած։ Մեկ այլ քաղաքացի քվեարկելուց հետո քվեատուփին մոտեցավ առանց թերթիկը ծրարի մեջ դնելու։ Մի քանի րոպեով դահլիճից բացակայած հանձնաժողովի նախագահ Մարինե Թեմուրյանը նշեց, որ թերթիկն առանց ծրսրի մեջ դնելու խախտման դեպք գրանցվել է նաև առավոտյան։ Նման խախտումները նախագահը պայմանավորեց մարդկանց սնտեղյակությամբ:
Ավելի ուշ տեղամասում աշխատող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդ Անի Առաքելյանը նշեց, որ քիչ առաջ մի խումբ ընտրողների թիվ 0489 համարանիշով երթուղային տաքսիով մի խումբ մարդկանց բերել են տեղամաս։ Նրանցից մեկը՝ մի պապիկ, ասել է դիտորդին, որ իրենք թիվ 90 հասցեի բնակիչներն են եւ իրենց բերել է ոմն Անահիտ։
Վանաձորի թիվ 30/42 տեղամասում ևս ընտրողներից մի քանիսը քվեախցիկից դուրս էին գալիս առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու։ Մեր հարցին՝ ինչով են պայմանավորված այս խախտումները, հանձնաժողովի նախագահ Վահան Վանյանը նախ հարցով պատասխանեց`տեսե՞լ եք դուք դա։ Տեղեկանալով, որ ոչ միայն տեսել, այլև լուսանկարել ենք, ասաց. «Ինձ թվում է՝ պատճառը ընտրողների տեղյակ չլինելն է»։

Դիտարկմանը, թե ինչու հանձնաժողովի անդամները չեն տեղեկացնում ընտրողներին կարգի մասին, պատասխանելուց առաջ նախագահը նախ մոտեցավ հանձնաժողովի անդամներին, ճշտումներ արեց, ապա վերադառնալով՝ նշեց. «Բոլորին զգուշացնում են։ Հանձնաժողովի անդամներն ասում են, որ երբ առանց ծրարի մեջ դնելու դուրս են գալիս ու զգուշացնում ենք, ասում են դիտողություն մի արեք»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել