
Ակտիվություն և կուտակումներ Սևանի ընտրատեղամասերում. գործող քաղաքապետը նույնպես քվեարկեց
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իր ընտրելու իրավունքն իրացրեց 23/05 ընտրատեղամասում և արագ դուրս եկավ:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է սատարել անկուսակցական թեկնածու Սարգիս Մուրադյանին, այլ ոչ թե գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին: Այդ մասին լրագրողների հարցերին Ռուդիկ Ղուկասյանը, կցկտուր պատասխաններ տալով, հեռացավ: Սակայն Սարգիս Մուրադյանն այսօր հաստատել է` ՀՀԿ-ի` իրեն սատարելու հանգամանքը:
Ակտիվություն է նկատվում Սևանի ընտրատեղամասերի մեծ մասում: 23/05 ընտրատեղամասում դռան մոտ մեծ հերթեր են գոյանում: Այս ընտրատեղամասում ընտրողների թիվը 1890 է: Մինչ 11:00-ն ընտրել է 295 քաղաքացի:
23/03 ընտրատեղամասում 1794 ընտրողներից մինչ 11:00-ն արդեն ընտրությանը մասնակցել է 280-ը: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այս տարի ակտիվությունն առավել ակնհայտ է: Վերջինս հանձնաժողովում է եղել նաև 2013 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իր տեղամասում ընտրողների 60 % է մասնակցել, այժմ սպասվում է ավելի մեծ ցուցանիշ:
Հերթերով են մուտք ու ելք անում նաև 23/06 տեղամասում, որտեղ նույն ժամանակահատվածում ընտրողների թիվն անցել է 300-ից: Այս ընտրատեղամասում հերթերը վերահսկում են հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք, քանի որ տարածքում ոստիկաններ չկա:
Մեկնաբանել