
«Գյուղի 90 տոկոսը դրսում է». Հանձնաժողովի նախագահը Սարուխանում ընտրողների 50-55 տոկոս մասնակցություն է ակնկալում
Տաթեւ Սարգսյան
Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի թիվ 22-2 ընտրատեղամասում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 1999 է: Ժամը 13-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 520 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 26 տոկոսը:
Թիվ 22-2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի անդամ Վանո Խաչատրյանի խոսքով՝ ընտրություններին սարուխանցիների մասնակցությունը չի գերազանցի 50-55 տոկոսը:
«Գյուղի 90 տոկոսը դրսում է, որը մենակ է գնացել, որն՝ ընտանիքով: Ես գիտեմ, որ այս օրերին թեկնածուները միջոցներ են ձեռնարկել, որ ընտրողմների մի մասը դրսից գա, թե չէ 55 տոկոսն էլ չէր ապահովվի»,- Հետքի հետ զրույցում ասում է Վանո Խաչատրյանը:
Ժամը 13.00-ի դրությամբ Սարուխանի թիվ 22-2 ընտրատեղամասում այլ անձի օգնությամբ ընտրությանը մասնակցել է 23 ընտրող: Հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ՝ նրանք բոլորը տեսողության խնդիրներ ունեին:
Ընդհանուր առմամբ, թեպետ 22-2 ընտրատեղամասի ներսում հանգիստ իրավիճակ է, սակայն բակում կուտակումներ են:
Սարուխանում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Վահան Գեւորգյանը (ով 2008-ից ղեկավարում է համայնքը), Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Էդգար Վարդանյանը եւ Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանը:
Մեկնաբանել